Մատչելիության հղումներ

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Հակարի կամրջի վրա զինված միջադեպի օրը հրապարակված տեսանյութը կիսատ էր ու իրականությունն աղճատող


Ադրբեջանական անցակետը Հակարի կամրջի մոտ
Ադրբեջանական անցակետը Հակարի կամրջի մոտ

Հակարի կամրջի վրա զինված միջադեպից երեք շաբաթ անց մերձկրեմլյան Տելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութ՝ պնդելով, որ իրականում ռուս խաղաղապահները փորձել են խոչընդոտել ադրբեջանցիներին դրոշ տեղադրել կամրջի սկզբնամասում՝ Հայաստանի տարածքում։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ միջադեպի օրը հրապարակված տեսանյութը, թե ռուսները ոչ միայն չեն կանգնեցրել ադրբեջանցիներին, այլև ուղեկցել են նրանց, կիսատ էր ու իրականությունն աղճատող։ Մինչդեռ պաշտոնական Մոսկվան անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին փոխանցված խիստ դժգոհությունից հետո չէր հերքել, որ ռուսները չեն խոչընդոտել ադրբեջանցիների գործողությունները կամրջի վրա. արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան միայն ասել էր, թե խաղաղապահներին ուղղված մեղադրանքն անհիմն է, քանի որ նրանք կողմերի հետ սերտ աշխատում են իրավիճակը կայունացնելու համար։ Ավելին, Մոսկվան չէր հաստատել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում է փորձել դրոշ տեղադրել, ըստ Զախարովայի՝ միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք էր:

«Ռուսաստանը բազմիցս է կոչ արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Մենք պատրաստ ենք ճշտել այն վայրերը, որտեղով անցնելու է սահմանագիծը, այդ թվում՝ այս կետում», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայաստանի իշխանությունները ռուսական այս մեկնաբանությունը համեմատել էին ադրբեջանական խոսույթի հետ, երբ ներխուժում են Հայաստանի տարածք՝ պատճառաբանելով, թե սահմանը գծված չէ։ Արտգործնախարարությունը տարակուսանք էր հայտնել, որ դրոշի տեղադրմանը մասնակցել են խաղաղապահները, «երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտ դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց»։

Նոր տեսանյութը պաշտոնական Երևանը չի մեկնաբանում, նախորդի հրապարակումից հետո Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Արտգործնախարարություն, նրան կոչ էր արվել «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»։ Երևանը նաև հիշեցրել էր՝ ռուսների գործառույթը Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։

Այս միջադեպից հետո է մինչև օրս Ադրբեջանն ամբողջությամբ փակել Լաչինի անցակետը հումանիտար բեռնափոխադրումների՝ Հայաստանից դեղորայք և սնունդ Արցախ հասցնելու համար, ժամանակ առ ժամանակ միայն Կարմիր խաչի մեքենաներն են Ստեփանակերտից հիվանդների բերում Երևան։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ ռուսական լրատվամիջոցների այս տեսանյութն ու մեկնաբանությունները հաջորդում են Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին հղած նամակին և Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին, որը ևս Արցախի նախագահի խնդրանքով էր տեղի ունեցել:

«Ինչ-որ տեղեկություններ նաև Արցախի տարբեր շրջանակներից մերձիշխանական տարածվեցին, որ ինչ-որ ակնկալիքներ կան, որ ռուսական կողմն ինչ-որ գործողություններ կարող է սկսել և այլն, ու ահա հետաքրքիր է, որ տեսանյութը տարածվում է այս ֆոնին: Արդյոք սա ինչ-որ քայլերի սկիզբ է, ու ռուսական կողմը փորձում է ինչ-որ բաներ անել գործնականում, սա կտեսնենք, եթե ունենա որևէ շարունակություն և իսկապես գործնական մակարդակում տեսնենք այլ զարգացումներ նույն Արցախի պաշարումը հաղթահարելու իմաստով, որովհետև հիմա այդ դրոշը հանել-չհանելը կարող է այսպես անտուրաժ լինել ընդամենը, մինչդեռ կարիք կա տեսնել, թե գործնական հարթության վրա ինչպիսին կլինի Արցախի ապաշրջափակման գործը», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Բադալյանը կարծում է՝ Արայիկ Հարությունյանի նամակը ազդակ էր ընդդեմ ադրբեջանական աճող ագրեսիայի և սպառնալիքների, թե կոչնչացնեն Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

«Չեմ բացառում, որ այս կերպ, հնարավորինս փափուկ ձևով Ռուսաստանը փորձում էր ցույց տալ, որ այդուհանդերձ, եթե իրավիճակը այդպիսի ծայրահեղ տրամաբանությամբ զարգանա, ինքը ստիպված է որևէ կերպ արձագանքել: Հիմա այս ազդակները ադրբեջանական կողմում կհասկանան, ինչպես կհասկանան, ինչպես կարձքագանքեն, սա արդեն հարցի մյուս կողմն է», - նշեց նա:

Հակարի կամրջի վրա հնչած կրակոցներից վիրավորվել էր ադրբեջանցի սահմանապահ, հայկական կողմը հաղորդել էր, որ միջոցներ է ձեռնարկել ու կանխել ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու փորձը: Նույն օրը Տեղի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել հայ սահմանապահ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG