Մատչելիության հղումներ

Ալիևը խաղաղության պայմանագիրն աղբարկղն է գցելու. «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյան


«Ալիևը խաղաղության պայմանագիրն աղբարկղն է գցելու», «Ազատության» հետ զրուցում հայտարարեց «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեր առաջարկը օրենսդրական ուղիղ հակասության մեջ է բանակցվող փաստաթղթի հետ, որը վիժեցնելու է բանակցությունը:

Չալաբյան. - Այո, ուղիղ հակասության մեջ է, դա վիժեցնելու է Արցախի հայաթափման և հանձնման գործընթացը: Գործող իշխանությունն ուզում է ամեն գնով հանձնել Արցախն ու հայաթափել, ու գործող իշխանության համար ոչ մի նշանակություն չկա, որ դա մեր պատմական հայրենիքն է, որ այնտեղ մեր սրբություններն են, որ այնտեղ 120 հազար մեր համաքաղաքացիներն են ապրում, որ արդեն այս ընթացքում 15 հազար հայորդիներ իրենց կյանքն են զոհել Արցախի համար: Իրենց համար նշանակություն չունի:

«Ազատություն». - Հաշվարկե՞լ եք հետևանքները:

Չալաբյան. - Այո, հաշվարկել ենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի առանցքը Ադրբեջանի և Թուրքիայի ձգտումն է Հայաստանը վերացնելու, Արցախը մեջտեղից հանելուց էդ խնդիրը հեշտանալու է իրենց համար, և դա հիմա արդեն ակնհայտ է: Անցյալ տարի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիա Հայաստանի նկատմամբ, ո՞րն է ր պատճառը, Արցա՞խն էր:

«Ազատություն». - Ըստ իշխանությունների, այո, ճնշում բանեցնել Հայաստանի վրա:

Չալաբյան. - Որպեսզի կարողանան Սյունիքը գրավել, կտրեն մեջտեղից, այդ հարվածը գնում էր, որպեսզի Սյունիքը մեջտեղից կտրեր: Ես ձեզ վստահեցնում եմ, հենց մենք Արցախը տանք, իրենց խնդիրը դառնալու է Սյունիքը մեջտեղից կտրելը, ուստի մենք պետք է Արցախը չտանք: Երեկ ես գտնվում էի Իջևանում, այնտեղ հավաքված էր մարդկանց բավականին մեծ խումբ, Իջևանը, հասկանում եք, գործող վարչապետի ծննդավայրն է նաև, ես մարդկանց հարցրեցի՝ գործող իշխանությունն ասում է՝ պետք է Արցախը տանք, որպեսզի Հայաստանը պահենք, մենք ասում ենք՝ պետք է Արցախը պահենք, որպեսզի Հայաստանը պահենք, դուք որի՞ն եք կողմնակից:

«Ազատություն». - Դա շատ լավ է հնչում, եթե ասեք՝ ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ, ո՞ր բանակով:

Չալաբյան. - Իսկ նենց ո՞նց ենք պահելու, որ Արցախը տաք ո՞նց եք պահելու, ո՞ւմ օգնությամբ: Արցախը հենց տաք, էդ օգնությունը պակասելու է, որովհետև կարևորագույն խաղաքարտը աշխարհաքաղաքական, որ մենք ունենք, մենք ոչ մի բանի դիմաց հանձնելու ենք: Ինչի՞ դիմաց ենք Արցախը հանձնում:

«Ազատություն». - Պարոն Չալաբյան, Դուք չե՞ք հավատում միջազգային միջնորդությամբ, երաշխավորների ինստիտուտին:

Չալաբյան. - Բացարձակ, որովհետև երաշխավորներն այս ընթացքում ցույց տվեցին, որ իրենք ոչ մի պատերազմ չեն կանխել: Իրենք չկանխեցին 44-օրյա պատերազմը, ընդհակառակը, լուռ նստած սպասում էին, թե ինչով է սա ավարտվելու և թույլ տվեցինք, որ Ալիևը ոչ միայն հարձակվի Հայաստան վրա, ներգրավի Սիրիայից, Պակիստանից, Թուրքիայից վարձկաններ, կարողանա ճնշում բանեցնի նաև Ռուսաստանի և Իրանի վրա, որպեսզի Հայաստանին նրանք չօգնեն այդ ընթացքում: Այդ միջնորդներն, ըստ էության, նրանք միշտ ուժեղի կողմն են բռնելու, մեր գործող իշխանության ֆունդամենտալ սխալ թեզը, որը նա փորձում է կերակրել մեր ժողովրդին, հետևյալն է՝ որ եթե մենք ինչ-որ բան հանձնենք, մեզ հանգիստ կթողնեն, բայց հանգիստ չեն թողնի:

«Ազատություն». - Որովհետև այդ պատերազմը 7 շրջանների համար էր, ըստ էության, իսկ Դուք ասում եք՝ ահա, նրանք նաև Հայաստանն են գրավելու:

Չալաբյան. - Ներողություն, հիմա Հայաստանի տարածքում չի՞, Ջերմուկում, Իշխանասարում, Վարդենիսում, Հայաստանի տարածքում չե՞ն:

«Ազատություն». - Դրա համար կնքվելու է խաղաղության պայմանագիր:

Չալաբյան. - Խաղաղության պայմանագիրը ընդամենը թուղթ է, որը մի ամիս հետո Ալիևը գցելու է աղբարկղը, ոնց որ մինչև հիմա: Իսկ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ կնքել է, գցած չի՞ աղբարկղը, Լաչինի միջանցքը փակված չի՞ այսօր, ադրբեջանցիները հայաստանի տարածքում չե՞ն այսօր:

«Ազատություն». - Այդ դեպքում, ինչպե՞ս դա կանգնեցնել, եթե ընդունում եք, փաստորեն, այս օրենքը վիժեցնելու է բանակցությունները:

Չալաբյան. - Ուժեղանալով: Էս բանակցությունները Հայաստանը հանձնելու բանակցություններ են, իհարկե, պետք է այս բանակցային գործընթացից դուրս գալ, ոչ մի կասկած չկա: Էս բանակցությունները Հայաստանը հանձնելու շուրջ են:

«Ազատություն». - Դրան չի՞ հաջորդելու նոր հարձակումը:

Չալաբյան. - Եթե նույնիսկ հաջորդի նոր հարձակումը, ի վերջո, այդ հարձակմանը մենք կդիմագրավենք և հետ կշպրտենք:

«Ազատություն». - Ինչպե՞ս, Ստեփանակերտի մատույցներում է ադրբեջանական բանակը:

Չալաբյան. - Ճիշտ եք ասում: Ո՞վ է ավելի հզոր Ռուսաստանը, թե Ուկրաինան: Տեսեք, Ուկրաինայի բնակչությունը Ռուսաստանի բնակչությունից 4 անգամ փոքր է, Ուկրաինայի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսությունից 10 անգամ է փոքր, մարդիկ ասում են՝ «մեր հողը չենք զիջելու», ու կռվում են դրա համար:

«Ազատություն». - ՆԱՏՕ-ն է կանգնած Ուկրաինայի թիկունքում:

Չալաբյան. - Իսկ մեր թիկունքում ինչի՞ կանգնած չեն, մի հատ մտածե՞լ եք դրա մասին:

«Ազատություն». - Դրա համար էլ հարցնում եմ՝ ի՞նչ ռեսուրսով ենք դիմակայելու հարձակմանը, եթե Հայաստանի թիկունքում կանգնած չէ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը:

Չալաբյան. - Դա նրանից է, որ Հայաստանը ոչ մի բան չի անում, որովհետև Հայաստանը զբաղված է հանձնելով: Եթե դուք զբաղված եք հանձնելով և ասում եք՝ «մենք պատրաստ ենք հանձնել, մենակ մեզ հանգիստ թողեք», ձեր թիկունքում ոչ մեկը չի կանգնի, ձեր թիկունքում կանգնեն, որ ի՞նչ անեն: Դուք պետք է ասեք՝ «մենք պատրաստ ենք պայքարել, որ ձեր թիկունքում կանգնեն», Ուկրաինան ասում է՝ «Ես պատրաստ եմ պայքարել», ասում է՝ «ես Ռուսաստանի հետ կբանակցեմ միայն այն ժամանակ, երբ որ ռուսական զորքերը մեր տարածքից դուրս կգան», դրա համար իրեն աջակցում են: Մենք էլ եկեք ցույց տանք, որ պատրաստ ենք պայքարել, մեզ կաջակցեն, իսկ քանի դեռ մենք հանձնում ենք, հանձնողին ոչ մեկը չի աջակցելու:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG