Աղդամի ճանապարհի նպատակն է կտրել Հայաստանի հետ կապը, Արցախը վերահսկողության տակ առնել, հայտարարեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Հակառակ ակնկալիքներին, այդ թվում նաև պաշտոնական մակարդակում հնչեցված, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ բանաձև կամ հայտարարություն չի ընդունել, ինչո՞ւ:
Թաթիկյան. - Ինձ թվում է մեր մոտ լավ չեն պատկերացնում մեխանիզմը, իրենց թվում է, թե միանգամից պետք է մի օրում ընդունվի բանաձև, դա շատ երկարատև գործընթաց է: Սա գործընթացի սկիզբն է: Քանի որ դեկտեմբերին մենք տեսանք, կարծեմ դեկտեմբերի 23-ին եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, հետո մեկ շաբաթ քննարկումներ էին ինտենսիվ ու հետո արդեն հայտարարեցին, որ ձախողվել է: Նախ այս անգամ մեր նպատակն այլ է, մենք ձգտում ենք բանաձևի: Անցյալ անգամ մենք ձգտում էինք հայտարարության: Հայտարարությունը մի քիչ ուրիշ է, քանի որ հայտարարության գործընթացը պահանջում է պարզապես բոլոր 15 անդամների կողմից կոնսենսուս, քվեարկություն չակ, Բավական է մեկ ձայն, նույնիսկ ոչ մշտական անդամի, որը խնդիր կհարուցի, դա չի կայանա: ինչպես գիտենք անցյալ անգամ հիմնական խնդիրը Ռուսաստանն է, սակայն այնտեղ նաև Ալբանիա, Էմիրատներ, ուրիշ երկրներ էլ կային, որոնք այդքան աջակից չէին:
Այս անգամ մենք, ինչքան ես հասկանում եմ, ձգտում ենք բանաձևի: Բանաձևի դեպքում լինում է քվեարկություն, քվեարկության համար պետք է 5 անդամից ոչ մեկը վետո չդնի և 15 անդամից 9-ը պետք է կողմ քվեարկի: Շատ դժվար է լինելու և շատ դժվար է կանխատեսել մենք դրան հասնելու ենք, թե՝ չէ: Երեկվա քննարկումները կարող են առաջին հայացքից թվալ շատ հիասթափեցնող, ու ես կարող եմ հասկանալ, թե ինչու: Ես ինքս լսելիս շատ տարբեր ապրումներ էի ունենում, քանի որ մենք գիտենք իրավիճակն Արցախում և սպասում ենք, որ բոլորը պետք է դատապարտեն, միանշանակ հայտարարություններ անեն, սակայն, ցավոք, ՄԱԿ-ի ԱԽ-ն այլ տիպի մարմին է, այնտեղ բոլորը դիվանագետ, չեզոք լեզու են որդեգրում:
«Ազատություն». - Ըստ էության, Դուք ասում եք, որ բանաձևի դուռը փակ չէ, բայց, տեսեք, հումանիտար ճգնաժամը կասկածի տակ չի դրվել, նույնիսկ ամենաադրբեջանամետ պետությունները նման բան իրենց թույլ չտվեցին: Այնուամենայնիվ դրան հաջորդել են միայն երկկողմանի կոչերը, ոչ ավելի:
Թաթիկյան. - Դժվար է հատկապես այս առաջին բաց քննարկումից ավելի սպասել: Հիմա արդեն լինելու է կուլիսային բանակցությունների գործընթաց: Ես անկեղծ ասեմ՝ մեր հիմնական խնդիրն որն է, որ արցախահայությունը շատ փոքր թիվ է կազմում համաշխարհային չափանիշներով: Մեր համար է 120 հազարը մեծ թիվ, համաշխարհային չափանիշներով դա շատ փոքր թիվ է: Բոլոր մյուս հակամարտությունները, որոնք գնացել հասել են ՄԱԿ-ի ԱԽ՝ Կոսովո, Հարավային Սուդան, այնտեղ միլիոնավոր մարդիկ են եղել, այնտեղ եղել են տասնյակ հազարավոր զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում և 100- հազարավոր փախստականներ: Հիմա մեզ հետադարձ թվում է, թե Կոսովոյին մի օր վերցրել են ու տվել անկախություն կամ Արևելյան Թիմորին: Իհարկե, մեր համար մեր վիշտը եզակի է ու իրոք եզակի է, որովհետև մենք փոքր ազգ ենք ու մեր համար ամեն մարդու կյանքը շատ թանկ է ու այս ամենը ցավալի, սակայն եթե մենք նայենք համաշխարհային պրիզմայի միջով, սա դեռ այն աստիճանի չի հասել միջազգային հանրության տեսանկյունից, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերցնի ու այդպես միանշանակ դատապարտի:
«Ազատություն». - Դուք նկատեցի՞ք միտում. Աղդամը որպես այլընտրանք, այս հարցը միջազգային օրակարգ է մտնում, ընդհուպ նշմարվում էր կոնսենսուս:
Թաթիկյան. - Այո, դա, իհարկե, մեծ խնդիր է, որ Ադրբեջանցիք ամեն կերպ այդ նարատիվը տանում են առաջ: Աղդամի ճանապարհը կարող է օգտագործվել 2 ձևով: Առաջին՝ Ադրբեջանից եկող, այսպես կոչված, օգնության համար, որը միանշանակ անընդունելի է հայկական կողմի համար, կարծում եմ, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, բայց այն կարող է նաև օգտագործվել միջազգային հումանիտար օգնություն հասցնելու համար ճգնաժամային իրավիճակում, որը միգուցե լինի ընդունելի, սակայն միայն մի պայմանով, եթե դա չլինի այլընտրանք Լաչինի ճանապարհին, եթե դրանից գոնե 24 ժամ առաջ Լաչինի ճանապարհը բացվի և եթե այնտեղ չլինի վտանգ, որ այդ ճանապարհը կշահարկվի Ադրբեջանի կողմից իրենց անվտանգության ուժերը, թեկուզ ենթադրենք հումանիտար օգնությանն ուղեկցելու պատրվակով Ստեփանակերտ մտցնելու և այնտեղ ուժային գործողություններ սկսելու, այսինքն, տեղական կառավարման մարմինները փորձել լուծարել, Արցախի պաշտպանության բանակը փորձել լուծարել: Այդ ճանապարհը նրանք կօգտագործեն Հայաստանի հետ կապը խզելու համար: Մենք միանշանակ պետք է մի բան ասենք, որ Լաչինի ճանապարհը միայն հումանիտար ճանապարհ չէ, մենք չպետք է այդ հումանիտար գործոնը դարձնենք բացարձակ: Այդ ճանապարհն առաջին հերթին Հայաստանի հետ կապ ապահովելու համար է, որն ազգային, էթնիկ ինքնությունը պահպանելու համար է, որը մարդու հիմնական իրավունք է: