Մատչելիության հղումներ

Բավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը Հայաստանի  և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար. Օնիկ Գասպարյան


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պնդմամբ, քաղաքական ու դիվանագիտական բավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը Հայաստանի  և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար

«Պետք ա հակաօդային պաշտպանության միջոցներ։ - Ի՞նչ ա պետք դրա համար։ - Էսքան գումար։ - Կունենաք։ - Է՞լ ինչ ա պետք։ Կոչո՞ւմ ա պետք, կունենաք, մեդա՞լ ա պետք, կունենք, փո՞ղ ա պետք, կունենաք։ Է՞լ ինչ ա պետք։ Սնո՞ւնդ ա պետք, կունենաք... Ասել եմ՝ բանակը ինչ ասի, ես չէ չեմ ասելու, բանակը չէ բառը ինձնից չի լսելու։ Ինչ պետք ա, կունենաք։ Եվ ինչ ինձնից ուզել են, ունեցել են», - անցած շաբաթ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում պնդում էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վստահեցում էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ բանակի մարտունակության բարձրացման համար ոչինչ չի խնայել, ապահովել է Զինված ուժերին այն ամենով, ինչի կարիքը ունեցել են, այդ թվում ՀՕՊ միջոցներով և գերժամանակակից ՍՈւ-30 ինքնաթիռներով։

Մինչդեռ 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այլ իրականություն է ներկայացնում։

Անցած շաբաթ տարածած ծավալուն հայտարարության մեջ Գասպարյանը պնդում է, որ 2020-ի օգոստոսի 2-րդ կեսին, այսինքն՝ պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների հնարավորությունները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր։ Բայց, ինչպես Օնիկ Գասպարյանն է նշում, «դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել»:

Ընդհանուր առմամբ, Օնիկ Գասպարյանը ներկայացնում է մի իրավիճակ, որից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի զինված ուժերը պատրաստ չէին լայնածավալ պատերազմի։ Ըստ նախկին բարձրաստիճան զինվորականի, անհրաժեշտ է արդիականացնել տանկերի կրակի կառավարման համակարգերը, լուծել զինամթերքի պահեստների ապակենտրոնացման և ստորգետնյա պահեստներ ստեղծելու հարցը։ Խնդիրներ են եղել նույնիսկ վիրավորներին բժշկական օգություն ցուցաբերելու հարցում։ Ինչպես Օնիկ Գասպարյանն է նշում, ինքը վարչապետին փոխանցել է գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը հաստատում է, որ 2020-ի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես իրենց հարցրել է, թե ինչ կարինքեր ունի բանակը, և նշում, որ ըստ էության, անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքում էր՝ միևնույն ժամանակ արձանագրելով. - «Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չէր կարող լուծվել։ Մեզ չհաջողվեց իրականացնել Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով Զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն՝ պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում»:

«Գնահատականը եղել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրը, ընդ որում, այդ թվում այն ձեռքբերումների արդյունքում, որոնք իրականացվել են։ Որովհետև և' ՀՕՊ միջոցներ են ձեռք բերվել...» - ասել էր Փաշինյանը։

Օնիկ Գասպարյանը հակադարձում է՝ ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չենք ներկայացրել. - «Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ, չի նշանակում մինչև հաղթանակ։ Այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը»:

Գասպարյանը պնդում է, որ Զինված ուժերը, իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ, 44 օր մարտնչել են բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ՝ իշխանություններին ընձեռել են քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություն:

Պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրված բացթողումները զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա

Գասպարյանը բացահայտ մեղադրում է Փաշինյանի իշխանությանը պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման համակարգում թույլ տված մի շարք բացթողումների համար, որոնք, նրա պնդմամբ, զգալիորեն ազդել են ռազմական գործողությունների արդյունավետության վրա. - «Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց Զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»։

Չնայած Փաշինյանը պնդում է, որ բանակն ինչ ուզել է, ինքը տվել է, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը նշում է, որ ֆինանսական խոչընդոտներ կային կամավորականներին ներգարավելու հարցում։ Իսկ արդեն պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 27-ին վավերացվելով «Վարձկանների հավաքագրման և օգտագործման» մասին միջազգային կոնվենցիան, ըստ Գասպարյանի, վերջնակապես տապալվեց պատերազմում բավականին մեծ թվով կամավորներ ներգրավելու գործընթացը. - «Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը»:

Ներկայացնելով պետական կառավարման համակարգում առկա խնդիրները , Օնիկ Գասպարյանը արձանագրում է՝ Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:

Վարչապետին առաջարկել եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ բարելավել

Ի դեպ, իր ծավալուն հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ շեշտում է, որ 2020-ի հուլիսին վարչապետին առաջարկել է քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ անդամ պետությունների և հատկապես Ռուսաստան հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար. - «Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին, և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք»:

Թե պատերազմից առաջ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները ի՞նչ պատճառով էին վատացել, որոնք պետք էր կտրուկ բարելավել, Օնիկ Գասպարյանը չի մանրամասնում ։

«Ստեղծվել էր զուգահեռ կառավարման համակարգ»

Փոխարենը բարձրաստիճան զինվորականն անդրադառնում է Զինված ուժերին ուղղված Փաշինյանի մեկ այլ մեղադրանքին։

«Արցախի նախագահը մի բան էր ասում, Զինված ուժերի շտաբը ՝ուրիշ մի բան, հետո հաստատում Արցախի նախագահի ասածները», - ասել էր վարչապետը։

Ի պատասխան Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը հակադարձում է՝ պատճառն այն էր, որ ըստ էության ստեղծվել էր զուգահեռ կառավարման համակարգ, երբ Արցախից և' նախագահը, և' տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ՝ շրջանցելով Պաշտպանության բանակի հրամանատարությանը. - «Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար»:

Օնիկ Գասպայանի այս հակադարձումներին և Զինված ուժերում 2020-ի պատերազմից առաջ գոյություն ունեցող խնդիրների մասին նրա պնդումներին վարչապետ Փաշինյանն առայժմ չի արձագանքել։

Քննիչ հանձնաժողովի նախագահը զանգահարել է Օնիկ Գասպարյանին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահը «Ազատությանը» փոխանցեց, որ «լուրջ հակասություն վարչապետ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հայտարարությունների միջև համարյա չի տեսնում»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն արդեն զանգահարել է Օնիկ Գասպարյանին և ճշտել իրեն հուզող հարցերը, հետևաբար այս պահին նրան հանձնաժողով հրավիրելու նպատակ չունեն. - «Էն հակասությունները, որ ձեր համար տեսանելի են, նաև բնականաբար անճշտություններ կան, որ մեր համար էլ են տեսանելի։ Բայց դրանց խնդիրը կապված ա, թե ասողի և մեր ձեռքի տեղ էղած նյութերի միջև հակասություն կա թե չկա։ Բնականաբար, հիմա ես ամբողջ ծավալով չեմ ասի, թե հաջորդիվ եկածներին ինչ հարցեր պետք ա տանք, որպեսզի ձեր նկատած հակասությունները կամ հերքվեն, կամ հաստատվեն»։

Ի դեպ, այս տարվա մարտին Օնիկ Գասպարյանին Քննիչ հանձնաժողով հրավիրելուց հետո, Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին՝ պնդելով, ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում։

Երկու տարի առաջ՝ 2021-ի փետրվարին, զինված ուժերը՝ Օնիկ Գասապրյանի գլխավորությամբ պահանջել էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ իշխանության սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG