Բաքուն Երևանից վերստին պահանջում է վերադարձնել ութ գյուղերը, ամբողջովին դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, վերջ տալ «բոլոր տեսակի սադրանքներին, որոնք խոչընդոտում են» բանակցային գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանի հետ համաձայնեցնել Եվրամիության նոր առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի հատվածում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում։
«Սահմանազատման գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականացվի բանակցային ճանապարհով՝ զուգահեռաբար իրավական բոլոր փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ։ Այդ համատեքստում կա ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներով ադրբեջանցիներ են ապրել։ Ուստի, այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ջեյհուն Բայրամովը։
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ադրբեջանցի պաշտոնյան կրկին քննադատել է Հայաստանի իշխանություններին բանակցային գործընթացում «ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու» համար՝ կարծիք հայտնելով, որ նման գործելաոճի պատճառով առաջին հերթին հենց Հայաստանն է տուժում։
Այդ համատեքստում Բայրամովը հիշատակել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որին Երևանն ընդդիմանում է, ասել, թե Ադրբեջանն արդեն այլընտրանքային հաղորդակցություններ է կառուցում Իրանի տարածքում։
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում նույնպես բազմաթիվ խոչընդոտներ կան, դժգոհել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ թեև հայկական կողմն ընդհանուր առմամբ կողմ է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, այդուհանդերձ ինչպես նշել է, դատելով հայկական կողմի մեկնաբանություններից՝ Երևանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Թե որոնք են այդ պայմանավորվածությունները, արտգործնախարար Բայրամովը չի հստակեցրել։
Խոսելով հայկական կողմի ներկայացրած նախագծից՝ Ադրբեջանի արտգործնախարարն առանց մանրամասներ հայտնելու միայն նշել է, որ Երևանը փորձում է փոխել փաստաթղթի էությունը։
«Նպատակը պարզ փաստաթուղթը շրջանակային համաձայնագրի վերածելն է և մյուս համաձայնագրերը շրջանակային փաստաթղթի մեջ ներառելը: Եթե ելնենք դրանից, ապա ադրբեջանական կողմը ևս կարող է մի շարք հարցեր բարձրացնել։ Մենք բազմաթիվ առարկություններ, պահանջներ ունենք Հայաստանին ուղղված։ Մենք ևս գոհ չենք ամեն ինչից և չենք հրաժարվում Հայաստանից մեր պահանջներից, մենք այդ բոլոր պահանջները առաջ ենք քաշում», - շեշտել է նա։
Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը հայկական կողմին նաև բերանբացության մեջ է մեղադրել, պնդել, թե բանակցային գործընթացի մասին տեղեկատվական արտահոսքը վնասակար է, ինչը նաև միջնորդներն են նկատել։
Բաքուն միջնորդներից ևս պահանջ ունի․ նախարար Բայրամովը հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են հարթակները, որտեղ Ադրբեջանի նկատմամբ կանխակալ մոտեցում է ցուցաբերվում։ Թե որ հարթակների մասին է խոսքը, ադրբեջանցի նախարարը չի հստակեցրել։
Ադրբեջանի նախագահը անցած ամիս չեղարկել էր Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները՝ պնդելով, որ Փարիզը հայամետ քաղաքականություն է վարում։
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը երկու շաբաթ փակ պահող Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը այսօր կրկին հայտարարել է՝ Բաքուն երաշխավորում է «Ղարաբաղի էթնիկ հայերի բոլոր իրավունքները» և այս հարցում բաց է երկխոսության համար, բայց ոչ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։
«Այս ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, և դրանք շարունակվելու են։ Եթե ինչ-որ մեկը նպատակաուղղված միջամտում է այդ գործընթացին, և կեղտոտ համբավ ունեցող մարդ է ներմուծվում տարածաշրջան, ապա դա հարվածում է կարգավորմանն ու երկխոսությանը։ Ադրբեջանն ի վիճակի է կանխելու այդ ամենը»,- նախարար Բայրամովի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ը։
Բայրամովը ընդգծել է, թե Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանի հետ շփումների մեջ են, բայց չի ցանկացել անուններ հրապարակել, միայն ասել՝ «նրանց վրա կարող է ճնշում գործադրվել» ։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ մասին առաջարկներն էլ Բաքվի համար համար անընդունելի են, պնդել է նա․ «Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել էր Ղարաբաղի կարգավիճակ հարցը թողնել ապագային։ Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի վրա, մեր առաջարկների։ Առաջին օրվանից հայտարարել ենք՝ այդ առաջարկն անընդունելի է»: