Մատչելիության հղումներ

Իրատեսական չէ քննարկել Պաշտպանության բանակի լուծարման հարցը. Արցախի ԱԳ նախարար


Արցախը չի հրաժարվել ԱՄՆ միջնորդությամբ հանդիպումից

«Արցախը չի հրաժարվել անցած ամիս Միացյալ Նահանգների միջնորդությամբ երրորդ երկրում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Այդ մասին անգամ միջնորդ կողմը չի հայտարարել»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Նա նշեց՝ որպեսզի հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ Բաքուն ցույց տա, որ պատրաստ է երկխոսության։

«Ճնշումների տակ դա չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն, երկխոսությունը որպեսզի կարողանանք անվանել երկխոսություն, այլ ոչ թե երկխոսության իմիտացիա, պետք է բավարարի հետևյալ պահանջներին։ Այդ պահանջները բավարարված չէին… Առաջինը պետք է ճանապարհի արգելափակումը դեպի Արցախ՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրելու հնարավորությունը վերականգնվի, որ մենք կարողանանք տեսնել, որ ինչ-որ մոտեցում է փոխվում», - նշեց նա։

Հարցին՝ քանի դեռ ճանապարհը բաց չէ, չե՞ն երկխոսելու, Սերգեյ Ղազարյանը պատասխանեց. - «Երկխոսությունն այդպես նախապայմաններով չի լինում, բայց ուղղակի մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճանապարհ են փակում, ո՞նց մենք կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը այդ երկխոսությանը պատրաստ է»։

Օրեր առաջ Արցախից հաստատել էին, որ ամերիկյան միջնորդությամբ երրորդ երկրում Բաքվի հետ հանդիպման հնարավորություն է եղել, սակայն Ստեփանակերտը չի մասնակցել Ադրբեջանի պարտադրած ինտեգրացիոն օրակարգի պատճառով։

Արցախի արտգործանախարարն այսօր փոխանցեց, որ տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից պարբերաբար առաջարկներ են ստանում Ստեփանակարետ-Բաքու հանդիպում կազմակերպելու համար։ Քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են։

«Պաշտպանության բանակի լուծարման հարց չի քննարկվելու»

Անցած շաբաթ խորհրդարանում Արցախի նախագահը փակագծեր բացեց՝ ասելեվ, որ Ստեփանակերտի հետ հանդիպման համար Բաքուն մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, այդ թվում՝ Պաշտպանության բանակի լուծարում։

«Այն կարծիքը, թե ինչու չգնալ Բաքու, որովհետև Բաքուն մեզ հետ մի թեմա է քննակում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկվում։ Ադրբեջանը մեզ ասում է սեղանին նստելու համար առաջին կետ՝ Պաշտպանության բանակը լուծարել։ Դե գնացեք հանդիպման, լուծարեք, հետո գնացեք, պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։

Բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք։ Բաց եմ ասում ձեզ բոլորիդ այսօր, հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն՝ կգանք-կգնանք։ Դա էլ պարզ է՝ ճանապարհով ոնց են թողնելու արդեն, որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու», - ասել էր նա։

Արցախի արտգործնախարարն այսօր Երևանում տեղի ունեցած Ստեփանակերտ- Երևան հեռուստակամուրջի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին՝ շեշտեց՝ պաշտպանական բանակի լուծարման հարց չի քննարկվելու. - «Տեսնելով, թե ադրբեջանական կողմից այդ ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ինչպես են թափ առնում, պարզ է՝ իրատեսական չէ քննարկել Պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման մասին»։

Արցախում սպասում են Պուտինի արձագանքին

Ացախի արտգործնախարարը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին։ Երեկ էլ Արցախի նախագահը տեղեկացրեց, որ իր խնդրանքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զանգահարել Վլադիմիր Պուտինին։

Ի՞նչ են ակնկալում Արցախում հենց Ռուսաստանի նախագահից։

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի։ Եթե գործադրեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա», - արձագանքեց նախարարը։

Իսկ ինչո՞ւ խաղաղապահ առաքելությունը ջանքեր չի գործադրում, Սերգեյ Ղազարյանն ասաց. - «Տարբեր պատճառներ են բերվում։ Մենք մի բանը հաստատ գիտենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակներից մեկը հենց այն է, որ հեղինակազրկեն ռուսական խաղաղապահ առաքելությունը, բայց միևնույն ժամանակ պետք է իրատեսական լինենք. այս պահի դրությամբ այլ խաղաղապահ առաքելություն Արցախում ունենալու հեռանկարն այդքնա էլ մեծ չէ կամ այդքան արագ չի կարող տեղի ունենալ»։

Հարցին, թե հիմա ակնկալո՞ւմ են, որ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմելուց հետո ինչ-որ փոփոխություն տեղի կունենա, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. - «Մենք սպասում ենք»։

Արցախից հակադարձում են Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախի արտգործնախարարությունը երեկ արձագանքել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե ինքը հույս ունի, որ արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչն է նման հույս ներշնչել Քրիստինա Քվինին, հարց է բարձրացնում Ստեփանակերտը՝ հիշեցնելով Բաքվի կողմից ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը։

«Ինչի՞ հիման վրա են հավատում, այդ ո՞ր քայլերն են ադրբեջանական կողմի նման հիմքեր տալիս, որ որևէ մեկն էլ հավատա։ Ճիշտ հակառակը՝ եթե որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա պետք է հիմա դա էլ կորցրած լիներ», - շեշտեց նախարարը։

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այսօր արձագանգել է Արցախի արտգործնախարարությունից հնչած այն քննադատությանը, թե «միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը»։ Քրիստինա Կվինն «Արմենպրեսին» ասել է. «Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար»։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը», - ասել է ԱՄՆ դեսպանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG