Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները Եվրոպայում


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի իշխող կուսակցության կողմից իր իմփիչմենթի գործընթացը սկսելու ֆոնին շարունակում է հանդիպումները Եվրոպայում և Փարիզում այսօր հանդիպել է Էմանյուել Մակրոնի հետ։

Զուրաբիշվիլին X-ում (Թվիթերում) մի տեսանյութ է հրապարակել Մակրոնի հետ միասին:

«Մենք ողջունում ենք ձեզ Փարիզից: Ես ես ուրախ եմ, որ Վրաստանին Երամիության անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցի շուրջ շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ», – ասել է Զուրաբիշվիլին։

Իր հերթին Մակրոնն ասել է, որ Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանի Եվրամիության անդամության հարցը, այդ երկրի և տարածաշրջանի ապագան:

«Ես նաև ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այն խիզախ պայքարին, որ Վրաստանը մղում է հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և իրոք եվրոպական ճանապարհի, մի բան, որ ես համարում եմ վրաց ժողովրդի ապագան։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Ես կշարունակեմ աջակցել տիկին նախագահին այդ ճանապարհին առաջիկա օրերի ամիսներին և տարիներին, ինչը շատ կարևոր է թե՛ ձեզ և թե՛ մեզ համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Ներկայումս Եվրոպական հանձնաժողովն ավարտում է աշխատանքը զեկույցի վրա, որում կգնահատեն Վրաստանի առաջընթացը, որ այդ երկիրն ունեցել է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար հանձնարարականները կատարելիս։

Ավելի վաղ՝ 2022 թվականի հունիսին, Եվրամիությունը ընդունել էր, որ Վրաստանը եվրոպական հեռանկարի ուղղությամբ է շարժվում, սակայն թեկնածուի կարգավիճակ չէր շնորհել։

Եվրամիության ընդլայնման ու նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու գործընթացն արագացնելու մասին խոսել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը օգոստոսի վերջին Սլովենիայում։

Ինչ վերաբերում է Զուրաբիշբվիլիին, ապա նա անցած շաբաթ հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Եվրոպական խորհրդի նախագահի Շառլ Միշելի հետ։

Վրաստանի նախագահի այցերը եվրոպական մայրաքաղաքներ հարուցել են այդ երկրի կառավարության զայրույթը

Վրաստանի նախագահի այս այցերը եվրոպական մայրաքաղաքներ հարուցել են այդ երկրի կառավարության զայրույթը, որ Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը մեղադրել է Զուրաբիշվիլիին Սահմանադրությունը խախտելու համար, քանի որ նախագահը չի համաձայնեցրել իր այցերը կառավարության հետ, որը ըստ Վրաստանի Սահմանադրության, իրականացնում է նաև արտաքին քաղաքականությունը և հաստատում նախագահի օտարերկրյա այցերը։

Սալոմե Զուրաբիշվիլին մինչդեռ շարունակում է իր այցերը, նա արդեն հայտարարել է, որ պլանավորում է աշնանն այցելել Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Դանիա, իսկ դեկտեմբերին Չեխիա, Իսրայել և Արաբական Միացյալ էմիրություններ։ Այս այցերից և ոչ մեկը Վրաստանի կառավարությունը չի հաստատել։

Հաջորդ շաբաթ վրացական երազանքը Սահմանադրական դատարան կուղարկի՝ երկրի նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու հարցը, եթե դատարանը հայցը բավարարի, Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը կքննարկվի խորհրդարանում։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ ասել էր լրագրողներին, որ, ամենայն հավանականությամբ, նախագահի իմփիչմենթը չի իրականացվի, քանի որ դրա համար խորհրդարանական մեծամասնության պատգամավորների ձայները բավարար չեն, իսկ ընդդիմադիր պատգամավորները չեն աջակցի նախագահի հեռացմանը։

Վրաստանի նախագահի և կառավարության այս հակասությունների պայմաններում, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վաղը կայցել Վրաստան, որտեղ կհանդիպի ինչպես Վրաստանի նախագահի, այնպես էլ վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանականների, և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում քննարկվելու են Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրացիայի ճանապարհին, նաև տարածաշրջանային հարցեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG