Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետն աջակցում է նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ աջակցում է նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին։ Վրաստանի կառավարության ղեկավարն, իր հերթին, է պնդել՝ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրություն է խախտել։

«Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ արտաքին և ներքին քաղաքականությունը իրականացվում է Վրաստանի կառավարության կողմից, որը կարող է որոշ դեպքերում նախագահին հանձնարարել կատարել այդ գործառույթը։ Առանց կառավարության հետ համաձայնեցնելու այցելելով Եվրոպա՝ նախագահը ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը»,- այսօր գործադիրի նիստին հայտարարել է Վրաստանի առաջնորդը։

Ըստ վրացական աղբյուրների՝ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, այդուհանդերձ նախագահն աշխատանքային այցով Բեռլին, ապա Բրյուսել էր այցելել։ Անցած շաբաթավերջին իշխող ուժը հայտարարեց նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված նախաձեռնության մեկնարկի մասին։ Նախագահի իմփիչմենթի համար, սակայն, անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայն, որը «վրացական երազանքը» չունի։

XS
SM
MD
LG