Վրաստանում ակտիվիստները բողոքի ցույցեր են կազմակերպել Կախեթի մարզի Կվարելի ավանում, որտեղ Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում պետք է տեղի ունենար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ազգականներից մեկի հարսանյաց հանդեսը:
Արարողությունը չեղարկվել է, և դրա համար Վրաստան ժամանած մի քանի տասնյակ հյուրերն արդեն հեռացել են երկրից:
Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, հյուրանոցային համալիրում նախատեսված էր Լավրովի փեսայի եղբոր հարսանիքը:
Դրա մասին հայտնել է «Մտավարի» վրացական ընդդիմադիր հեռուստակայանը, որի պնդմամբ, քաղաքացիական զույգի ամուսնությունը գրանցվել է Թբիլիսիում, որտեղից էլ հարսն ու փեսան և նրանց հյուրերը պետք է մեկնեին Կվարելի՝ հարսանիքը տոնելու համար:
Ըստ վրացական հեռուստակայանի, փեսան Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի եղբայրն է: Փեսայի և հարսի անունները «Մտավարին» չի հայտնում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այդ հարսանյաց հանդեսի չեղարկումն անվանել է «հանրության հաղթանակ»:
Նա ասել է, որ Կվարելիում նախատեսված տոնակատարության չեղարկման մասին իրեն տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: