Մատչելիության հղումներ

Ռուսական օդանավը բողոքի ակցիաներով են դիմավորել Թբիլիսիում


Բողոքի միջոցառում «Շոթա Ռուսթավելի» օդակայանի տարածքում, Թբիլիսի, 19 մայիսի, 2023թ.
Բողոքի միջոցառում «Շոթա Ռուսթավելի» օդակայանի տարածքում, Թբիլիսի, 19 մայիսի, 2023թ.

Մոսկվա-Թբիլիսի չվերթը՝ Flightradar24-ի ուշադրության կենտրոնում

Այսօր Թբիլիսիում վայրէջք է կատարել Մոսկվայից ժամանած քաղաքացիական օդանավը: Տարիներ առաջ դա ինչ-ինչ իրադարձություն չէր համարվի, բայց այս վայրէջքին Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդակայանի տարածքում սպասել են մեծ թվով զայրացած մարդիկ և նրանց զսպելու համար ժամանած հարյուրավոր ոստիկաններ:

Սկսվել է ինքնաբուխ հանրահավաք, որը վերաճել է իրավապահների հետ քաշքշուկի, բերման է ենթարկվել առնվազն 6 ընդդիմադիր:

«Ձեզ այստեղ չեն սպասում», «Զավթիչներ՝ հեռացեք»՝ այս և նման բովանդակության այլ պաստառներով և կարգախոսներով են դիմավորել օդանավը:

Խիստ զայրույթով է խոսել «Դրոա» ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարան ընտրված պատգամավոր Էլենե Խոշտարիան:

«Այն, ինչ հիմա կատարվում է, սոսկ չվերթի խնդիր չէ, բողոքը Ռուսաստանի և Վրաստանի կառավարության աշխարհքաղաքական որոշման դեմ է, Վրաստանը Ռուսաստանի ազդեցության դաշտ վերադարձնելու որոշման դեմ: Ռուսաստանն ահաբեկիչ պետություն է: Մեր գործընկերները՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան, մեզ ասում են՝ դուք կամ Արևմուտքն եք ընտրում, կամ Ռուսաստանը: Մենք ուզում ենք, որ բոլորը լսեն՝ ռուսական այս օդանավի ուղղությունը՝ ռուսական ռազմանավի ուղղություն է»,- ասել է Խոշտարիան:

«Մեծ աշխատանքի արդյունք»

Կան նաև միանգամայն ուղևորներ: Չվերթի մասին ոգևորությամբ է խոսել ռուս-վրացական բարեկամության կենտրոնի տնօրեն, ռուսական օդանավով ժամանած Դմիտրի Լորդկիպարիձեն:

«Սա շատ ծանր աշխատանքի արդյունք է, մենք հանդիպել ենք ռուս պատգամավորների հետ, քննարկել ենք, առաջարկը ներկայացրել ենք Ռուսաստանի նախագահին: Մենք ողջունում ենք ուղիղ չվերթների արգելքը և վիզաների պահանջը չեղարկելու նրա որոշումը: Բայց դեռ պետք է աշխատենք, ոմանք կցանկանան գողանալ մեր հաղթանակը, մենք շատ թշնամիներ ունենք»,- ասել է Լորդկիպանիձեն:

Առաջին թռիչքը գրեթե քառամյա դադարից հետո

Այս իրարանցումը բնավ պատահական չէ: «Ազիմուտի» օդանավը 2019 թվականից ի վեր առաջինն է, որն ուղիղ չվերթով Մոսկվայից հասել է Թբիլիսի: Ընդդիմությունը պնդում է, որ չի կարելի վերականգնել օդային հաղորդակցությունը զավթիչ երկրի հետ:

Պաշտոնական Թբիլիսին ողջունել է չվերթները վերականգնելու և վիզաները վերացնելու Կրեմլի որոշումն, ասելով, որ այն նպաստավոր է Ռուսաստանում բնակվող Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիների համար, ավելի դյուրին և էժան կդարձնի փոխադարձ այցերը, ինչից նախևառաջ շարքային մարդիկ կշահեն:

Կառավարության քաղաքականությունը քննադատող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «սադրանք» է անվանել Պուտինի որոշումը:

Ընդդիմությունը ասում է, թե ռուսների հետ մերձեցումը կարող է հանգեցնել Վրաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դրան պատասխանել է, որ սանկցիոն ցուցակում հայտնված և ոչ մի օդանավ չի ժամանի Վրաստան:

«Ենթարկվելու համար Եվրոպական միության երկրների և Եվրամիության քաղաքականությանը, մենք պետք է ինքներս լինենք Եվրամիության անդամ, բայց դա այդպես չէ, և դրան հասնելու համար տարիներ կպահանջի»,- ասել է վարչապետը, հավաստիացնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանն առաջնորդվում է բացառապես սեփական ազգային շահերով:

Չվերթներ կիրականացնեն նաև վրացիները

Ավիացիոն հաղորդակցության վերականգնումը փոխադարձության հիմքով է: Վնուկովոյից Թբիլիսի «Սուխոյ Սպերջեթ» օդանավեր են ուղևորվում, իսկ Georgian Airways վրացական ընկերությունն էլ վաղվանից Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթներ կիրականացնի «Boeing 737» տեսակի օդանավերով:

Սոչիից և Մոսկվայից Քութայիս և Թբիլիսի չվերթներ իրականացնելու թույլտվություն է այսօր ստացել նաև Red Wings ռուսական ավիաընկերությունը:

«Մեզ քննադատողներն իրենք լավ կապեր ունեն ռուսների հետ»

«Վրացական երազանքը» կտրականապես հերքում է ռուսամետ քաղաքականություն վարելու մեղադրանքը: Թեման կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն է մեկնաբանել. - «Ընդդիմադիրները մեզ մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի համար, մինչդեռ, հենց նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր և լավ կապեր, և անձնական շահեր, և բիզնես-շահեր ունեն ռուսների հետ: Նրանք իբրև թե խոսում են ժողովրդի անունից, նույնը նաև նախագահ Զուրաբիշվիլին է անում»։

«Արթնացի՛ր, Վրաստան»

Ձեռներեց և ընդդիմադիր գործիչ Մամուկա Խարազաձեն պնդում է, թե այդ ռուսական չվերթով սկսվում է ռուսների կողմից Վրաստանի անաղմուկ զավթումը:

«Արթնացի՛ր, Վրաստան: Ժամանակն է արթնանալ: Անեքսիան պարզապես տանկ չէ: Պետք է անհապաղ սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար: Եթե այսպես շարունակվի, մենք մի օր կդառնանք Վրաստան առանց վրացիների»,- Ֆեյսբուքում գրել է Խարեազաձեն:

Բողոքի նոր ակցիա՝ այսօր երեկոյան

Բողոքի ակցիան օդակայանի տարածքում ավարտվել է, բայց երեկոյան տեղական ժամանակով ժամը 8-ին, որը համընկնում է Երևանի ժամանակին, Վրաստանի կառավարության շենքի մոտ սպասվում է ընդդիմադիրների նոր հանրահավաքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG