Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ի նշան բողոքի հրաժարվում է օգտվել Ռուսաստան ուղիղ չվերթ կատարած Georgian Airways վրացական ավիաընկերության ծառայություններից:
Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Նա քաղաքացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և բոյկոտ հայտարարել Georgian Airways-ին:
Նա ասել է, թե այդ ավիաընկերությունը հարստանալու համար թե՛ կորոնավիրուսի համավարակի շրջանում է օգտվել պետության կողմից տրամադրված արտոնություններից և թե՛ հիմա է նույն բանն անում: Նա ասել է, թե Georgian Airways-ը պատրաստ է հարստանալու նպատակով ցանկացած միջոցի դիմել:
Այսօր Georgian Airways-ը կատարել է մոտ 4 տարի ընդմիջումից հետո առաջին ուղիղ թռիչքը Մոսկվա: Երեկ էլ քառամյա դադարից հետո Մոսկվայից Թբիլիսի է ժամանել առաջին ռուսական օդանավն, ինչին ի պատասխան տեղի են ունեցել բողոքի ցույցեր:
Պաշտոնական Թբիլիսին ողջունել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքի չեղարկելու և Ռուսաստան մեկնող Վրաստանի քաղաքացիների համար վիզաների պահանջը վերացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությունը:
Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ դա նպաստավոր որոշում է Ռուսաստանում բնակվող Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիների համար: