Փոխադարձ բոյկոտներ Թբիլիսիում
Վրաստանում չեն հանդարտվում կրքերը Ռուսաստանի հետ ուղիղ օդային կապը վերականգնելու մասին պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև կայացած փոխադարձ համաձայնության շուրջ:
Ընդդիմությունը համոզված է, որ այդ տեղաշարժը վնաս կհասցնի Արևմուտքի հետ հարաբերություններին, իշխանությունն էլ պնդում է, որ հակառուսական դիրքի որդեգրումը նախևառաջ վնաս կհասցնի հենց հայրենիքին, ինչպես նաև Ռուսաստանում ապրող Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիներին:
Այս ընթացքում նաև փոխադարձ բոյկոտներ են հայտարարվում: Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության գրեթե բոլոր որոշումները քննադատող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 20-ին հայտարարել է, թե հրաժարվում է օգտվել Մոսկվա չվերթ կատարած Georgian Airways ընկերության ծառայություններից:
Ի պատասխան դրան Georgian Airways-ը մայիսի 21-ին հայտարարել է, որ նախագահը կստանա ընկերության օդանավով որևէ տեղ մեկնելու հնրավորություն միայն հրապարակավ ներողություն հայցելուց հետո:
Վրացական օդակայանները կարող են ենթարկվել պատժամիջոցների
Արևմուտքը բացասական գնահատական է տալիս ռուս-վրացական ուղիղ օդային կապի վերականգնմանը: Դրա վերաբերյալ մայիսի 16-ին ափսոսանք է հայտնել Եվրամիության խոսնակ Պետեր Ստանոն: Նախօրերին էլ թեմային անդրադարձել է Միայալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մեզ մտահոգում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը: Վրացական օդակայաններին սպառնում է պատժամիջոցների ենթարկելու վտանգը: Մենք՝ ամբողջ արևմտյան համայնքը, մեզ հնարավորինս հեռու ենք պահում ռուսական ռեժիմից, և վստահ հիմա չէ Ռուսաստանի հետ ներգրավվածությունը բարձրացնելու ժամանակը»,- ասել է Միլլերը:
Վրաստանը Թուրքիայից հետո՝ ռուսների հանգստի նախընտրելի երկրորդ ուղղություն
Ռուս-վրացական ուղիղ օդային կապի վերականգնումը կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև կոնկրետ տնտեսական առումով:
Ըստ ռուսական աղբյուրների, Վրաստանն անմիջապես դարձել է երկարատև և կարճատև արձակուրդների համար Թուրքիայից հետո երկրորդ ամենասիրված վայրը: Այդ մասին ասել է Հյուրընկալության բիզնեսի համառուսաստանյան միության նախագահ Ալեքսեյ Վոլկովը: Վրաստանում ռուսաստանցիներին կարող են գրավել տեղական խոհանոցը, ծովափը:
Դա տեսականորեն կարող է վնաս հասցնել նաև հայկական ավիացիային
Սա ակամա կարող է ազդեցություն գործել նաև Հայաստանի օդագնացության վրա: Ըստ ռուսական աղբյուրների, Երևանը տրանզիտային օղակ էր Վրաստանի և ռուսական քաղաքների միջև: Հիմա իրավիճակը փոխվում է, և Հայաստանում արդեն սկսում են կրճատել Թբիլիսիի հետ չվերթների թիվը:
Երբ 2019 թվականին Ռուսաստանն ընդհատել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ, Մոսկվա-Երևան-Թբիլիսի չվերթն ամենապահանջվածներից մեկն է դարձել, և Երևան-Թբիլիսի-Երևան թռիչքների օրական թիվը հինգից հասել է տասի, երբեմն էլ քսանի:
Ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն «Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ որոշ ժամանակ է պետք փոփոխված վիճակի ազդեցությունը գնահատելու համար:
«Քանի որ նոր պետք է սկսվի գործընթացը, հիմա կոնկրետ բան ասելը շատ դժվար է: Պետք է որոշ ժամանակ անցնի, կատարվեն այդ ուղևորափոխադրումները, որ կարողանանք հաշվարկ անել: Բնական է, որ եթե տարանցիկ չվերթներն ավելանան, Հայաստանի օդային տարածքն ավելի ակտիվ կօգտագործվի, բայց դե ինչ չափով՝ չենք կարող ասել»,- նշել է Լիլիթ Աղաբեկյանը: