«Վրացական երազանք» իշխող կուսակցությանը մտահոգում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջիկա այցը Բրյուսել և ուղերձը, որով նա պետք է դիմի եվրոպացի օրենսդիրներին: Այդ մասին այսօր ասել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք մտավախություն ունենք, որ նախագահի այցը և նրա ելույթը կարող են վնաս հասցնել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու մեր ձգտումներին: Դուք լսել եք, թե ինչեր է նա ասել Վրաստանի խորհրդարանում, երբ հանդես է եկել հաշվետվությամբ: Համաձայնեք, դա միանշանակ հակասում է դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի ցանկությանը»,- հայտարարել է Կոբախիձեն:
Այդպես նա արձագանքել է Զուրաբիշվիլիի աշխատակազմի հայտարարությանն այն մասին, որ նախագահը տակավին կառավարությունից չի ստացել մայիսի 31-ին Բրյուսել մեկնելու թույլտվությունը:
Կոբախիձեն նշել է, որ այդ թույլտվության տրամադրումը վերապահվում է կառավարությանը, և ինքն անձամբ տրամաբանական է համարում այն չարձակելու հնարավորությունը, «եթե նախագահը հանդես է գալիս սխալ հայտարարություններով»:
Նախագահի աշխատակազմը նշել է, որ Զուրաբիշվիլին դեռ ապրիլին է կառավարությանը տեղեկացրել մայիսի վերջին Բրյուսել մեկնելու մտադրության մասին։
Վրաստանի խորհրդարանում Զուրաբիշվիլին քննադատել է իշխող կուսակցությանը, հայտարարելով, թե եվրոպամետ ուղղության փոխարեն «Վրացական երազանքը» ռուսամետ ուղղություն է նախընտրել:
Զուրաբիշվիլին «սադրանք» է անվանել Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և Ռուսաստան այցելող Վրաստանի քաղաքացիների համար վիզաների պահանջը չեղարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը: