Մատչելիության հղումներ

«Դիվանագիտական քայլ է». թուրքագետը մեծ ակնկալիքներ չունի Էրդողանի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցությունից


Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան

«Եթե որոշել է, թող գնա»․ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևոր իրադարձություն չի համարում վարչապետ Փաշինյանի մասնակցությունը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

«Կարևոր իրադարձություն չէ, քանի որ ակնհայտ է, որ բանակցություններ լուրջ տեղի չեն ունենա, զուտ դիվանագիտական քայլ է», - ասաց Սաֆրաստյանը։

Թուրքագետը վստահ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Փաշինյանի Թուրքիա գնալը ոչինչ չի փոխի։

Այսօր Անկարայի նախագահական նստավայրում շուրջ 20 երկրների ղեկավարներ են։ Հայաստանն առաջին դեմքով առաջին անգամ է մասնակցում Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, 3-ը հունիսի, 2023թ․
Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, 3-ը հունիսի, 2023թ․

«Ոչ թե շնորահավորելու ենք գնում, այլ զուտ պրոտոկոլային երևույթ է սա, մեծ նշանակություն չունի՝ գնում ենք, թե չենք գնում, կարևորն իրական քայլերն ու բանակցություններն են, և դրանց ընթացքում ազգային շահի պահպանումը», - ասաց Սաֆրաստյանը։

Հայաստանյան ընդդիմադիրներն անընդունելի են համարում վարչապետի մասնակցությունն Էրդողանի տոնին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան՝ «Էդ նույն Էրդողանն ամբողջ մարմնով թաթախված է հայկական արյան մեջ, էդ մարդուն գնում է Փաշինյանը շնորհավորելու։ Գնում է էդ մարդուն ի՞նչ շնորհավորի, հայ սպանելու համա՞ր է գնում շնորհավորի Էրդողանին Փաշինյանը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան՝ «Սա տարակուսելի եմ համարում հատկապես այն համատեքստում, երբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի կարծում, որ Հայաստանի որևէ ղեկավար հաճույք կստանա այդպիսի միջոցառումից, բայց մասնակցությունը ճիշտ է համարում։

«Հանրապետություն » կուսակցության նախագահ Արամ Սարգսյան՝ «Գնալը ճիշտ է, որովհետև այցելությունը գնահատում է ոչ միայն Թուրքիան, գնահատում է նաև միջազգային հանրությունը։ Եվ մենք բանակցային գործընթացների մեջ ենք թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության միջնորդությամբ և աջակցությամբ, ու այստեղ ես կարծում եմ, որ մեր դիրքերն այնպիսին են, որ մենք միշտ պիտի լինենք կոնստրուկտիվ դաշտում»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է, այլ զիջումներ հարկադրելը, հիշեցնում է՝ մինչև այժմ երկու երկրների միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ուրեմն թուրքական պահանջները չեն ընդունվել։ Էրդողանի նախագահական նոր ժամկետում էլ մարտավարությունը նույնը կմնա՝ ավելացող նախապայմաններով, վերջին «Զանգեզուրի միջանցքն է», մյուսները նոր չեն։

Թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան՝ «Առաջինն, իհարկե, ամենակարևորը ներկա փուլում Թուրքիայի համար, կարելի է ասել, որ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն են և պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի պայմանների հիման վրա։ Մյուս կարևոր խնդիրը ցեղասպանության խնդիրն է»։

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծելու նպատակով Նեմեսիս գործողությունն իրականացրածների հուշարձանը Երևանում տեղադրելուց հետո Անկարան մի քանի կոշտ հայտարարություններ արեց, փակեց իր օդային տարածքը Հայաստանի համար։ Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է՝ այդպիս քայլեր էլի են լինելու:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG