Եվս հինգ տարի Էրդողանի հետ։ Այսպես կարելի է բնութագրել Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր արդյունքը։ Մայիսի 28-ին կայացած քվեարկության նախնական տվյալները Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհրդի նախագահ Ահմետ Յեները ներկայացրեց կիրակի ուշ երեկոյան՝ Անկարայում կայացած ասուլիսի ընթացքում։
«Երկրի տարածքում և արտերկրում տրված քվեների հաշվարկի համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանում է ձայների 52․14, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝47․86 տոկոսը», - հայտարարում էր Յեները։
Իր հաղթանակի մասին Թուրքիայի նախագահը տեղեկացավ Ստամբուլում։ Էրդողանի հաղթանակի ճառը, սակայն, հնչեց արդեն Անկարայում՝ կեսգիշերին մոտ։ Դիմելով նախագահական նստավայրի մոտ հավաքված իր հազարավոր կողմնակիցներին՝ Էրդողանը նախ ակնարկեց, թե իր թիմը զերծ է մնալու հետընտրական վրեժխնդրությունից։ Բացի այդ, ըստ Էրդողանի, առաջինն ինչ անելու է ինքը վերընտրվելուց հետո, երկրի տնտեսական ծանր կացությունը շտկելն է։
«Գնաճի հետևանք հանդիսացած թանկացումների հարցի լուծումը, բարեկեցության անկման պատճառով կրած կորուստների փոխհատուցումը՝ սրանք են այն խնդիրները, որոնք առաջիկայում լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Դրանք այնքան էլ դժվար լուծելի խնդիրներ չեն», - պնդում էր Էրդողանը։
Թուրքական ընդդիմության առաջնորդը Քեմալ Քըլըչդարօղլուն, որի «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» համար սրանք համապետական ընտրությունների ընթացքում կրած թվով վեցերորդ պարտությունն էին վերջին 12 տարիների ընթացքում, Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ, հատուկ ընդգծում էր՝ 2023-ի ընտրությունները անցնում էին անհավասար պայմաններում։
«Մենք վերջին տարիների ամենաանազնիվ ընտրությունների ականատեսը դարձանք։ Պետական բոլոր միջոցները մոբիլիզացվել էին քաղաքական մեկ կուսակցության համար։ Բոլոր հնարավորությունները դրվել էին մեկ մարդու ոտքերի տակ», - հայտարարում էր Քըլըչդաչղօլուն՝ պնդելով, սակայն, որ չնայած պետական ռեսուրսների նման կիրառմանը, ընդդիմությունը կարողացավ թմբիրից դուրս բերել ընտրողների մի զգալի մասին։
ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց
Թուրքիայում գտնվող ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ևս նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց։
«Ընտրությունների կազմակերպումը թեև համապատասխանում էր ժողովրդավարական չափանիշներին և ընտրողներն ի վիճակի էին ազատորեն քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, այնուհանդերձ պետական լրատվամիջոցները կողմնապահ դիրքորոշում էին որդեգրել։ Դա հանգեցրել էր թեկնածուների համար անհավասար պայմանների ստեղծմանը և շահեկան պայմաններ էր ձևավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար», - նշում են արևմտյան դիտորդները՝ որպես ընտրությունների գլխավոր խնդիր մատնանշելով քվեարկողների նկատմամբ կիրառվող քարոզչական ճնշումը։
Թուրք քաղաքագետներից ոմանց կարծիքով, սակայն, Քըլըչդարօղլուի պարտության պատճառը ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառումն էր, այլև հենց իրենց՝ ընդդիմադիրների թույլ տված սխալների շարանը։
Մի շարք մասնագետների համոզմամբ՝ ընտրություններում անհաջողության գլխավոր պատճառը առաջին և երկրորդ փուլերի միջև ընդդիմության հրետոռաբանության կտրուկ փոփոխությունն էր։ Եթե մինչև մայիսի 14-ը Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես էր գալիս սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, ապա առաջին փուլից հետ նա ազգայնական հռետորաբանություն որդեգրեց՝ անգամ դաշինք կնքելով Թուրքիայի ամենաազգայնական ուժերից մեկի՝ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի հետ։
Ըստ մի շարք հետազոտողների, ազգայնականների հետ այս դաշինքը նախևառաջ վանեց այն քրդերին, որոնք մայիսի 14-ին քվեարկել էին ընդդիմադիրների օգտին։
Որպես ասվածի ապացույց միայն մի քանի թվային տվյալ։ Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիյարբեքիրում Քըլըչդարօղլուն մոտ 41 հազար քվե է կորցրել երկու փուլերի արանքում, Վանում՝ մոտ 25 հազար, Շըրնաքում՝ ավելի քան 10 հազար, Մուշում՝ մոտ 7 հազար։
Էրդողանի հաղթանակին նպաստած գործոններից մեկն էլ արտերկրում բնակվող թուրքերի քվեարկությունն էր։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի սահմաններից դուրս բացված տեղամասերում Էրդողանը շուրջ 60 տոկոս քվե է ստացել։ Երկրի ղեկավարին ցուցաբերված աջակցությունը հատկապես ցայտուն է Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում, որոնց մի մասն այսօր առավոտյան նույնիսկ դուրս էր եկել Բեռլինի փողոցներ՝ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում թուրքական ընտրությունների արդյունքները տոնելու մտադրությամբ։
Թուրքիայի շարքային բնակիչների գլխավոր մտավախությունները տնտեսական բնույթի են. հարցում
Թուրքիայի մայրաքաղաքում տրամադրությունները շատ ավելի հոռետեսական են։ Դատելով Reuters գործակալության կողմից այսօր առավոտյան Անկարայի փողոցներում անցկացված հարցումներից՝ Թուրքիայի շարքային բնակիչների գլխավոր մտավախությունները տնտեսական բնույթի են։
«Տնտեսական վիճակը մարդկանց շատ է խեղճացնում։ Տնտեսության վիճակն ու կյանքի պայմանները ընկճում են Թուրքիայի բնակիչներին, և ես հույս ունեմ, որ ապագայում ավելի դրական ու աշխատող տնտեսական ծրագրեր շրջանառության մեջ կդրվեն», - նշում է Անկարայի բնակիչ Էրքան Աքթաշը։
Թուրքիայի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի՝ Այսել Դինջի համոզմամբ էլ, տնտեսական վիճակը Էրդողանի նախագահության երրորդ ժամկետի ընթացքում ևս վատթարանալու է։
«Էրդողանն այս ընտրություններում հաղթեց 2 ու կես միլիոն ձայնի տարբերությամբ։ Այդ քվեների աղբյուրը հիմնականում արտերկրում ապրող թուրքերն էին և նոր քաղաքացիություն ստացած [սիրիացի] փախստականները։ Կարծում եմ, որ վիճակը շարունակելու է վատթարանալ, քանի որ թե օտարերկրյա արտարժույթների փոխարժեքը, թե ոսկու գինը շարունակում են աճել։ Հարուստների համար դա խնդիր չէ, բայց ավելի ցածր եկամուտ ունեցողների, թոշակառուների կյանքը էլ ավելի կբարդանա», - հայտարարում էր Անկարայի բնակչուհին։
Թուրքական շուկան՝ նախևառաջ ֆինանսականը, Էրդողանի վերընտրությանն արձագանքեց անկմամբ։ Ազգային արտարժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ այսօր առաջին անգամ հատեց 20 լիրայի շեմը։ Ամերիկյան Morgan Stanley բանկի փորձագետների համոզմամբ՝ այդ անկումը կարող է շարունակվել, և մինչև տարեվերջ մեկ դոլարի համար կարող են արդեն 28 լիրա առաջարկել։ Դրանից խուսափելու միակն ձևն, ըստ արևմտյան մասնագետների, բանկային տոկոսադրույքները ցածր մակարդակի վրա պահելու քաղաքականությունից հրաժարվելն է, մի բան, որ վերջին մեկ տարում Էրդողանը հետևողականորեն մերժում էր։