«Թուրքիան և Ադրբեջանը կմիանան Զանգեզուրի միջանցքով, որի բացման աշխատանքներն արագ տեմպերով առաջ են ընթանում և մոտենում են ավարտին», - հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը՝ թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
«Զանգեզուրը 1920 թվականին Խորհրդային Միության ժամանակ մեզնից խլել են և փոխանցվել Հայաստանին», - պնդել է ադրբեջանցի դիվանագետը՝ համոզմունք հայտնելով, որ այդ միջանցքը օգուտներ կբերի նաև Հայաստանին։
«Զանգեզուրի միջանցքն իրականում լավ նախագիծ է Հայաստանի զարգացման համար ապագայի ապահովման տեսանկյունից», - հավաստիացրել է դեսպան Մամեդովը և շեշտել՝ «վերջին 30 տարիներին Հայաստանը բազմաթիվ նախագծեր է կորցրել»։
Մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում կրկին «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործեց։ Սա բուռն բանավեճի առիթ դարձավ․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդահատեց Ռուսաստանի նախագահի ամփոփիչ ճառնու ու Ալիևի ձևակերպումը որակեց տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։ Ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ դա համարելով «կարմիր գիծ»։
Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել, շեշտելով՝ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանութունը։
Ի դեպ այսօր Մոսկվայում հանդիպում են հաղորդակցության ուղիների վերաբացման հարցով զբաղվող Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը։