Թուրքիայի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ Ռեջեփ Էրդողանը 2.5 միլիոն ձայնով է առաջ Քեմալ Քըլըչդարօղլուից: Վճռորոշ կարող են լինել 3 միլիոնից ավելի քվեները, որոնք առաջին փուլում ստացել են ընդդիմադիր մյուս երկու թեկնածուները:
Պոլսահայ համայնքում, սակայն, հիմնականում արդեն բացասական են գնահատում ընտրությունների հնարավոր երկու ելքն էլ՝ հաշվի առնելով, որ ազգայնական ուժերը մեծամասնություն են ստացել խորհրդարանում, իսկ նախագահի երկու թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում էլ Հայաստանի վերաբերյալ արտաքին քաղաքականության էական փոփոխություն չի ակնկալվում:
Հրանտ Դինքի հիմնադրած «Ակոս» թերթի խմբագիրներից Էդվարդ Տանձիկյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ ակնկալիքներ չունի, թե Թուրքիայում իշխանության հնարավոր փոփոխությամբ կարող է նաև փոխվել հայ - թուրքական կարգավորման գործընթացի ուղղությունը:
«Չեմ կարծում, այսպիսի ակնկալություն արդեն չկար, հիմա էլ չկա, որովհետև ընտրությունը երկրորդ փուլ է անցել: Զգում եմ, որ Հայաստանում իսկապես ակնկալություն կա, որ եթե Էրդողանը պարտվի և Քըլըչդարօղլուն նախագահ դառնա, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ավելի վատ պիտի լինեն, բայց ես չեմ կարծում», - նշեց պոլսահայ խմբագիրը՝ մանրամասնելով. - «Որովհետև եթե հիմա ենթադրենք, որ Քըլըչդարօղլուն շահեց երկրորդ փուլը և նախագահ եկավ, այնպիսի մթնոլորտ պիտի լինի, այնպիսի շրջան պիտի լինի ազգայնամոլ, որ քրդերի կամ հայերի հետ հարաբերությունների մեջ կարևոր քայլ չի կարող անել, և ինչպես Էրդողանն է արել, նույն ձևով կընթանա»:
Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի բացմանը հաջորդած իրադարձություններին՝ Տանձիկյանն ընդգծեց. - «Այս «Նեմեսիս»-ի քայլը, կարծում եմ, այս գործընթացը շատ լավ չպիտի դարձնի: Արդեն իսկ շատ լավ չէր, իմ տեսակետից. այո, սահմանը պիտի բացվի, երրորդ երկրների համար պիտի բացվի, երրորդ երկրների քաղաքացիների համար պիտի բացվի, բայց արդեն ուրիշ զարգացում չկար, ինչպես տեսնում էինք: Հետևաբար՝ արդեն Թուրքիայում մի բան կար սպասվող, որովհետև Թուրքիան արդեն իսկ Զանգեզուրին էր կապել այս գործընթացը. երբ որ Զանգեզուրը կբացվի, երբ որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կետի, դաշտի վրա կլինեն, այնուհետև այս ընթացքը կզարգանա»:
«Տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործերը շատ լավ չեն ընթանում, արդեն իսկ շատ մեծ զարգացում հնարավոր չէ սպասել այս գործընթացի վերաբերյալ», - ասաց պոլսահայ խմբագիրը՝ շարունակելով. - «Հետևաբար, սա Թուրքիայի ձեռքում մի նոր բան դարձավ: Ակներևաբար՝ Հայաստանը հուշարձանը չի հանելու: Եթե Հայաստանը չհանի հուշարձանը, Թուրքիան էլ նոր քայլ չի անի, որովհետև այս ազգայնական մթնոլորտում չեմ կարծում Թուրքիան նոր քայլ անի»:
«Հուսամ, որ ես սխալ եմ, անշուշտ կուզեի լավատես լինել», - շեշտեց Էդվարդ Տանձիկյանը:
«Արդեն նորից պետք է երկու շաբաթ սպասենք երկրորդ փուլին, դրանից հետո ով կլինի՝ հավանաբար Էրդողանին նորից կընտրեն, հետևաբար եթե Էրդողանը նորից նախագահ ընտրվի, արդեն երկու ամիս պիտի անցնի, երկու ամսից որտեղ կլինենք՝ չգիտեմ, բայց հուսամ, որ, անշուշտ, մենք՝ իբրև թուրքահայեր, կուզենք, որ հարաբերությունները լավ լինեն, և սահմանը բացվի», - ասաց «Ակոս»-ի խմբագիրը: