Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանին ուղեկցում է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Սերդար Քըլըչը դիմավորում է Փաշինյանին, 3-ը հունիսի, 2023թ․
Սերդար Քըլըչը դիմավորում է Փաշինյանին, 3-ը հունիսի, 2023թ․

Վարչապետը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Առաջին անգամն է, որ Հայաստանը մասնակցում է այս արարողությանը պետության ղեկավարի մակարդակով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսի 28-ին՝ արտգործնախարարի մակարդակով։

Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայում մասնակցում է էրդողանի երդմնակալության արարողությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նամակը փոխանցում Էրդողանին, 28-ը օգոստոսի, 2014թ․
Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայում մասնակցում է էրդողանի երդմնակալության արարողությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նամակը փոխանցում Էրդողանին, 28-ը օգոստոսի, 2014թ․

Ռեջեփ Էրդողանը երդմնակալությամբ արդեն ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողվում։

Ինագուրացիան ավելի ուշ անցկացվելու է նախագահական նստավայրում։ Արարողությանը հրավիրված են տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է արարարողությանը, սակայն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել:

Փաշինյանն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Երկու երկրների առաջնորդները Չեխիայում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Այսօր մոտ քսան երկրների առաջնորդներ են Անկարա, ինագուրացիային կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Էրդողանը 5 տարի ժամկետով նախագահի պաշտոնը ստանձնեց արդեն 3-րդ անգամ՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների պատրվակը։ Մինչ այդ նա ևս 10 տարի երկիրը կառավարել էր վարչապետի պաշտոնում, երբ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG