Մատչելիության հղումներ

«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս». Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել 


Մասիս Զեյնալյան
Մասիս Զեյնալյան

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։

«Արդյունքում ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ», - ներկայացրեց նա:

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբային է։

«Ինչ-որ՝ գնամ, որ աշխարհազորին փոխեմ, բան լողանան՝ չգիտեմ օրենքի որ կետով, որ խախտումով, ես ընդամենը էս հարցն եմ տվել, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա», ու սկսել ա ծեծկռտուքը՝ համայնքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք՝ ծեծողները մեղք չունեն, որովհետև դուք եք իրենց հրահանգել», - ասաց Զեյնալյանը։

Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։

Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանեց․ - «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։

Մասիս Զեյանլյանը հարց է տալիս՝ եթե աշխարհազորի անդամներն իրեն մշակույթի տանը ծեծում ու ատամները կոտրում են, բա սահմանին ի՞նչ կանեն, պնդում է՝ չի վստահում նրանց։

«Անած տարի գնացել եմ Ռուսաստան՝ իմ տոնը պահեմ, ես ի վիճակի չեմ գնամ պոստ պահեմ, ես պիտի աշխատեմ, որ իմ 9 շունչը՝ մեկ ուսանող, մեկ զինվոր պահեմ: Ես ուղղակի զարմանում եմ՝ 44-օրյա պատերազմի մասնակից, մի քանի օր առաջվա էսկալացիայի մասնակից, զինվորի ծնող, բա դուք մշակույթի տանն ինձ էս վիճակն եք գցում, առաջնագծում ինչ կգցեք», - ասաց ավագանու անդամը։

Թե քանի՞ օրով պետք է գնային, «Ապրելու երկիր» խմբակցության անդամն ասաց՝ «մեկն ասում էր 7, մեկը՝ 15»:

Ավագանու ընդդիմադիր անդամը տեղեկացրեց, որ աշխարհազորի անդամների կողմից իրեն ծեծի ենթարկելու փաստով դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը և Սյունիքի մարզպետարանին։ Նրա համոզմամբ, իր ծեծը նախապես պլանավորված է եղել, քանի որ ինքը հաճախ է հարցազրույցներ տալիս և ներկայացնում Տեղում ստեղծված իրավիճակը։

Մասիս Զեյնալյանն առաջիններից էր, որ բարձրաձայնել էր, թե ինչպես են մարտի 30-ին ադրբեջանցի զինծառայողները Տեղ համայնքում զավթել իրեն պատկանող երկու հեկտար ցորենի դաշտը ու տեղը խրամատ փորել։

«Որ էդքան ճշմարտությունը բարձրաձայնում եմ, նշանակետում ես էի։ Սաղ էդ ա», - ասաց Զեյնալյանը։

«2 ատամ է , թե մի ատամ է, ես տեղյակ չեմ»

Դավիթ Ղուլունց
Դավիթ Ղուլունց

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մինչդեռ հակադարձում է՝ տեղյակ չէ ծեծկռտուքից, մշակույթի տան միջոցառմանն էլ չի մասնակցել։

«Ո՛չ, ես ծեծ չեմ տեսել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ», - ասաց Ղուլունցը։

Հարցին, որ եթե ծեծ չի տեսել, բա երկու ատամն ո՞վ է ջարդել, Տեղ համայնքի ղեկավարը պատասխանեց․ - «Ես հինգ անգամ քեզ ասում եմ՝ «տեղյակ չեմ», դու նորից ասում ես՝ «երկու ատամ ա»։ Երկու ատամ ա կամ մի ատամ ա, եթե ես ասում եմ, որ տեղյակ չեմ, հայերե՞ն չեմ ասում, ռուսերեն ասե՞մ, որ հասկանաք, կոպիտ ասած»։

«Դահլիճում նման բան չի եղել​»

Ի տարբերություն Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի, Սյունիքի Աշխարհազորի շտաբի պետ, նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն «Ազատության» հետ զրույցում այսօր հաստատեց՝ նախօրեին Տեղի մշակույթի տանը մասնակցել է հավաքին, բայց վստահեցրեց ծեծկռտուք չի տեսել։

«Ես չեմ տեսել, դահլիճում նման բան չի եղել: Էդ դրսում ա եղել, ժողովի ժամանակ չի եղել», - ասաց Ավանեսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ծեծել Զեյնալյանին, Սյունիքի Աշխարհազորի շտաբի պետը պատասխանեց. - «Չգիտեմ, էդ գյուղից չեմ»:

Կարո Ավանեսյանը նաև հրաժարվեց ասել ՝ թե ինչու են որոշել աշխարհազորին, համայնքի բնակիչներով փոխարինել, ինչի նպատակով էլ մշակույթի տանը հավաք են կազմակերպել։

«Ես գնացել եմ մի քանի րոպե մասնակցել, էլ չգիտեմ ինչ ա եղել», - նշեց նա:

Իսկ թե աշխարհազորին փոխարինելու խնդի՞ր է առաջացել, Ավանեսյանն արձագանքեց. - «Դե հիմա ես չեմ գալու վայեննի գաղտնիքները ձեզ ասեմ»:

ՔԿ-իվ հայտնում են՝ Մասիս Զեյնալյանից ծեծի վերաբերյալ հաղորդում չեն ստացել

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ավագանու անդամ Մասիս Զեյնալյանից ծեծի վերաբերյալ հաղորդում չեն ստացել, ոստիկանությունն էլ նյութեր չի փոխանցել։

Սակայն պարզվում է՝ սա Տեղում գրանցված միակ միջադեպը չէ։ Այստեղ մեկ այլ բնակչի՝ Աշոտ Գալստյանին օրեր առաջ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառվելու համար։ Նա տուժող է ճանաչվել, դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։

Արդյոք ադրբեջանական զինուժի նշանակետի տակ հայտնված Տեղում աշխարհազորը, ի վերջո, գյուղի բնակիչներով փոխարինելու հարց առաջացե՞լ է։ Պաշտպանության նախարարությունից այս հարցին չանդրադարձան, միայն նշեցին, որ աշխարհազորի գործունեությունը կարգավորվում է Պաշտպանության մասին օրենքում 2020 -ի հոկտեմբերին կատարված լրացումներով։ Այդ օրենքի համաձայն՝ աշխարհազորին անդամագրվելը կամավոր է, և այս համակարգը գործում է Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG