«Կա՛մ մենք միամիտ ենք, կա՛մ մենք փորձում են ձևանալ միամիտ, որովհետև Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն՝ անդրադառնալով, խաղաղության և տարածաշրջանում կայունության ստեղծման մասին հայտարարությունների ֆոնին Տեղ գյուղի հատվածում օրերիս տեղի ունեցած բախումներին։
Հայաստանը պետք է հետևություներ անի ու Ադրբեջանի գործողությունները կանխող քայլեր ձեռնարկի, ասաց փորձագետը։
«Ադրբեջանական մարտավարությունը, դա ադրբեջանական մարտավարություն է, բայց մենք նույնպես պետք է մեր գործողություններով կանխատեսենք և կանխարգելենք այն աղետը, որը որ Ադրբեջանը պարբերաբար բերում է մեր գլխին», - նշեց Մարգարյանը։
«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել», - հավելեց քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը՝ նկատելով 2020-ի լայնածավալ ռազմական գործողությունները շարունակվում են ուղղակի ուրիշ մեթոդներով։
Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի կլասիկ մեթոդներ է կիրառում, ասաց փորձագետը՝ նկատելով՝ Ադրբեջանն այս պատերազմում գործիք է, որով Հայաստանի դեմ աշխատում են տարածաշրջանում իրենց շահերն ունեցող Ռուսաստանը և Թուրքիան։
«Խաղաղությունը ոչ մեկը չի պարգևում, խաղաղությունը նվաճվում է, բայց այսօր այդ խաղաղությունը չկա, այդ խաղաղությանը պետք է հասնել, և եթե դու չես ուզում դա ընդունած լինես, դու կորուստներ ես ունենում», - ասաց Արզումանյանը՝ շարունակելով․ - «Փոքր-փոքր քայլերով նրանք հասնում են իրենց ռազմական նպատակներին, իսկ ռազմական նպատակաները քո հակառակորդի կողմից բավականին պարզ ձևավորված են․ առաջինը՝ որպես մոտակա խնդիր, պետք է ունենա ցամաքային կապ՝ Ռուսաստանը և Թուրքիան, այդպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», և դա խիստ կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար։ Բայց որպես, իմ կարծիքով, հիմնական խնդիր և գերխնդիր հակառակորդի համար, դա հայկական պետական ինքնիշխանության ոչնչացումն է, և քո թշնամիները բավականին պարզ քեզ ասում են՝ և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։ Հայկական կողմը նույն ձևի չպիտի խաբնվի, չպիտի տեսնի այն, ինչ չկա։ Քո դեմ վարվում է պատերազմ և դու պետք է պատասխանես նույն ձևի և տարբեր մեթոդներով՝ զուտ ռազմական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական, բայց դրանք բոլորը ռազմական գործողությունների ձևերն են»։
Ապրիլի 11-ին ադրբեջանցիները մեքենայով մոտեցել էին հայկական դիրքում աշխատող զինծառայողներին՝ նրանց հորդորել կանգ առնել, զրույցը ձեռնամարտի էր փոխարինվել, ապա՝ փոխհրաձգության։ Ադրբեջանական զինուժը ժամեր անց կրակ էր բացել նաև խոշոր տրամաչափի զենքերից։ 4 հայ զինվորականի կյանք խլած այս միջադեպից հետո՝ Տեղ գյուղի տարածքում գտնվող այդ դիրքը մնացել են հայկական։ Ադրբեջանական կողմը ևս հաղորդել է զոհերի ու վիրավորների մասին։
«Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․