Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Փաշինյանի քաղաքականությունն աղետաբեր որակեց, հրաժարականի կոչ արեց


Սահմանային վերջին բախման ֆոնին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աղետաբեր որակեց վարչապետի վարած քաղաքականությունը՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին հեռանալ։

«Աղետաբեր։ Միակ ճանապարհը՝ թող գնա այդ մարդն, իր գործով զբաղվի, թող գնա, մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել։ Նա ուրիշ բանի պիտանի չէ», - ասաց նախկին նախագահը։

Երկու շաբաթ առաջ ադրբեջանցիները խրամատավորվեցին Տեղ գյուղի դաշտերում։ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ սահմանի հինգ կետով Ադրբեջանի զինուժը մինչև 300 մետր առաջ է տեղակայվել, բանակցում են, որ հեռանան։ Սակայն, օրերս ադրբեջանական պիկապը մոտեցավ հայկական դիրքում ինժեներական աշխատանք կատարող զինվորականներին, ձեռնամարտից հետո փոխրաձգություն եղավ, հայկական կողմը չորս, ադրբեջանական երեք զոհ տվեցին։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ նման պայմաններում ինչպես կարելի է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության, եթե Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այդ փաստաթղթում, նրա համոզմամբ, անտեսվելու է հայկական շահը։

«Խաղաղության գնում են՝ երկիրը պաշտպանելու, ցույց տալու, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ չի կարող գոնե այդքան ձախորդություններից հետո, չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել Հայաստանի Հանրապետություն և այդպես մի քանի օր շրջել Հայաստանի Հանրապետությունում։ Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության», - հարցրեց Սերժ Սարգսյանը։

Երեկ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով իր թիմի հասցեին հնչող հայտարարություններին, թե իրենք փչացրել են հայ-ռուսական հարաբերությունները, պնդել էր՝ հենց Սարգսյանի իշխանության օրոք է Բաքուն Մոսկվայից միլիարդների զենք գնել. - «Որ հենց այդ իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել։ Բա իրենք տենց լավ հարաբերություն պահող էին, էդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011, թե 2012 թվականին, հլը ժամանակահատվածը նայեք, առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ»։

Փաշինյանը նաև հայտարարել էր, թե դրանից հետո ռուսական կողմը խստորեն սահմանափակել էր զենքի մատակարարումը Հայաստանին, ընդ որում՝ տեսել այդ մասին Սերժ Սարգսյանի գրած նամակը։

«Ես դա իմացել եմ, ժամանակին՝ 2016թ.-ին, Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո», - երեկ ասել էր վարչապետը։

Երրորդ նախագահը հակադարձում է՝ Փաշինյանը թող հրապարակի այդ նամակը, հակառակ դեպքում, նա ստախոս է. նաև հարցրեց՝ այդ ի՞նչ զենք էր Ալիևը ցուցադրում 2020-ի պատերազմից հետո. - «Իրե՞նք են է երկու տարում էդ միլիարդների զենք-զինամթերքը բերել, ինքը դրանով ի՞նչ ասաց, ինքն ասաց հետևյալը, որ մինչև 18 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին և ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք, իսկ ինքը այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին»։

Վարչապետին հրաժարականի կոչ անող երրորդ նախագահը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը 100 անգամ ավելի շատ տարածք է կորցրել, քան Ապրիլյան պատերազմի հետևանքով էր։

«Ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքա՞ն են կորցրել։ Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն. 100 անգամ ավելին, քան Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Մենք կորցրել ենք անվտանգության գոտուց, չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ», - նշեց նա։

Հակադարձելով վարչապետի Փաշինյանին՝ երրորդ նախագահը պնդեց՝ Արցախի ինքնորոշման հարցը կարգավորվում էր հենց «Մադրիդյան սկզբունքով»։ Մինչդեռ երեկ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ «Մադրիդյան սկզբունքներով» Հայաստանի Հանրապետությունն, այդպիսով, Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, «այսօր մենք դրա պտուղներն ենք քաղում»։

«Մինչև 18 թվականը [Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը] բանակցող 5 կողմերից 5-ն էլ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը։ 18 թվականից հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հանձնելու մասին է։ Ամոթ է վերջապես։ Թող գնան, մեր երկրի անվտանգությունն ապահովեն», - ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանեց իր գործով դատական նիստից հետո։ Նա մեղադրվում է դիզվառելիքի գնման գործով՝ բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում։

XS
SM
MD
LG