Մատչելիության հղումներ

Սոթքի հանքավայրից հաստատում են, որ Ադրբեջանը կրակել է, ՊՆ-ը չի հաստատում


Սոթքի հանքավայրը, արխիվ
Սոթքի հանքավայրը, արխիվ

Ադրբեջանցիները երեկ երեկոյան ու այսօր առավոտյան կրակել են Սոթքի ոսկի հանքի ուղղությամբ, ինչի հետևանքով աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան, «Ազատությանը» փոխանցեց հանքը շահագործող GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Այո, մենք հաստատում ենք տվյալ տեղեկությունը։ Ընդհանուր գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել, սակայն կրակոցներ հնչել են երեկոյան 19:00-23:00 ժամանակահատվածում, որի արդյունքում հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց ընկերության ղեկավարության կողմից՝ դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին», - ասաց Գրիգորյանը:

Ցերեկվա դրությամբ իրավիճակը թեև հանգիստ է, բայց աշխատանքները չեն վերսկսել, նշեց ընկերության ներկայացուցիչը՝ պարզաբանելով. - «Ժամանակավորապես դադարեցրել ենք աշխատանքները, որովհետև ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է»:

Պաշտպանության նախարարությունը կրակոցների մասին որևէ հստակ տեղեկություն չի հաղորդում։ Ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Ադրբեջանը սահմանին ժամեր շարունակ կրակել է։

«Հակառակորդի կողմից հրադադարի ինտենսիվ խախտումների դեպքում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում։ Հակառակորդի կողմից վիրավորման ցանկացած դեպքի մասին ևս Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում», - «Ազատությանն» ասաց նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Առհասարակ կրակե՞լ են ադրբեջանցիները, ինչի՞ մասին են հաստատում հենց սահմանին գտնվող ոսկու հանքավայրից։ Քի՞չ կրակոցներ են եղել, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաստատում, հաղորդագրություն չի տարածում, ինչո՞ւ է լռում։ «Ազատության» այս հարցերին ռազմական գերատեսչության խոսնակն արձագանքեց նույն մեկնաբանությամբ. - «Ինչպես արդեն նշեցի, ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում հակառակորդի կողմից՝ Պաշտպանության նախարարությունը, պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություններ է տարածում»:

Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ին չորս հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգությունից հետո տեղեկություններ եղան, որ կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի Սոթքի ուղղությամբ։ Հանքի աշխատակիցներից մեկն էր «Ազատության» հետ զրույցում հաստատել, որ իրենց տարհանել են կրակոցների պատճառով։ Գյուղացիներից էլ փոխանցել էին, որ հանքի տարածքում ծուխ են տեսնում։

Պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդենիսի ուղղությամբ գնդակոծության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Նախարարության հերքումից ընդամենը մեկ օր անց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատեց, որ հենց Սոթքի հատվածում ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. - «Սոթքի հատվածում նույնպես եղել են կրակոցներ ադրբեջանական դիրքերից մեր ուղղությամբ: Փառք Աստծո, էսկալացիա չի եղել, և ավարտվել է այդ մի միջադեպով»:

Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ. - «Հանքում ա եղել, «ԲելԱԶ»-ին են կրակել: Մեր գյուղացի տղեքը ընդեղ աշխատում են, նրանք իյն զրուցում էտենց»:

Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ, ինչպես Պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կրակի մասին խուսափեց տեղեկություն հայտնել։ Հորդորեց այդ թեմայով տեղեկությունը ճշտել նախարարությունից։

XS
SM
MD
LG