Մատչելիության հղումներ

Տեղում խաղաղությանը չեն հավատում, ինքնապաշտպանությունից են խոսում. իրավիճակն այսօր


Տեղ համայնքում այսօր կրակոցների ձայներ չեն լսել, բայց մարդիկ անհանգիստ են՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, կարող է կրկնվել, տագնապում են։

«Գյուղում ի՞նչ իրավիճակ է, մեռած են, թաղած չեն», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը՝ հավելեց. - «Լավ բան չկա ստեղ, հլը ինչքան գնում, էնքան վատանում է, դրությունը շատ լուրջ է»։

Երկու շաբաթ առաջ ադրբեջանցիները խրամատավորվեցին Տեղ գյուղի դաշտերում, այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ սահմանի 5 կետով Ադրբեջանի զինուժը մինչև 300 մետր առաջ է տեղակայվել, բանակցում են, որ հեռանան։

Վերջին օրերին այդ տեղանքում ակտիվ ինժեներական աշխատանք էին կատարում թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինծառայողները։

Երեկ ծալվալված բախումը մեկ դիրքի շուրջ է եղել, ըստ պատգամավոր Դավիթ Դանիելյանի, որ այսօր Տեղ գյուղում էր. - «Այդտեղ պարբերաբար լինում էին որոշակի բանակցություններ, այս անգամ հակառակորդը սադրանքի գնաց ու կրակ բացեց մեր Զինված ուժերի ուղղությամբ», - ասաց նա։

Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում պարզ երևում է՝ ադրբեջանական պիկապը մոտենում է հայկական դիրքում ինժեներական աշխատանք կատարող զինվորականներին, այս ընթացքում հայկական դիրքից որևէ կերպ չեն արձագանքում։

«Նման բանակցություններ տարբեր օրերի եղել են այդ ուղղությամբ, դրա համար մեր զորքը չկրակեց պիկապի ուղղությամբ», - ասաց պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Ի վերջո ադրբեջանական մեքենան հասնում է հայ զինվորներին՝ զրույց չի ստացվում, ձեռնամարտից անցնում են հրաձգության։

Չորս երիտասարդ զինվորականներ են զոհվել հենց այս փոխհրաձգության ժամանակ. 23-ամյա Արթուր Սահակյանը սպա էր՝ Գյումրիից, Մկրտիչ Հարությունյանը՝ թալինցի փոխգնդապետ, սևանցի Նարեկ Սարգսյանը հատուկ ջոկատային էր, Հենրիկ Քոչարյանը՝ 26-ամյա լեյտենանտ՝ Վայքից։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ վեց զինծառայողներ են վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն վեցի վիճակն էլ ընդհանուր առմամբ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ վիրավորում էր ստացել նաև հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

«Կորպուսի հրամանատարը տեղափոխվել է Երևան, վիրահատված է, նրա կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատությանը» փոխանցեց Դավիթ Դանիելյանը։

«Վիրավորը կապաքինվի, բա զոհերը. լավ է մեռնեմ, քան ջահելիների մահը տեսնեմ»,- ասում է Տեղ համայնքի 70-ամյա բնակիչ Յուրա Գալստյանը։ Չի կարծում, որ հարևանությամբ խրամատ փորող ադրբեջանցիները կանգ կառնեն. - «Խրամատ ես փորում, պերյոդ տա՞ս, ամբողջ գյուղը վերացնե՞ս, Սյունիքն էլ վերցնես»։

Տրակտորիստ է եղել, անտեղ, որտեղ երեկվա արյունոտ բախումն էր, աշխատել է։ Տեղին տիրություն արեք, իշխանություններին է դիմում Յուրա Գալստյանը. - «Անտեր ա եղել չէ՞, որ մտել են իրենք»։

Խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին Տեղի բնակիչն այնքան է լսել, բայց ադրբեջանցիների, իր բառով, ուժ հավաքելն է տեսնում. - «Իմ գլուխս արդեն չի աշխատում, սենց որ նայում եմ, իմ գլուխս չի աշխատում»։

«Թուրքը եկել է մեր մղակը, հաշտությունը ձևական լոզունգ ա, ի՞նչ հաշտություն», - ասում է Տեղի մեկ այլ բնակիչ՝ Սուրեն Գյագունցը։

Մի՞թե այս ամենը վերջ կունենա, անհասցե հարցնում է նա, պնդում՝ իրենց հողերի կորուստների հետ չեն հաշտվի. - «Մեր պապական հողերը տվել են թուրքին, էս ժողովուրդը չեն հաշտվելու, ո՞վ է տվել, ինչի՞, տվել են, որ ի՞նչ, որ խաղաղություն լինի՞, խի որ ամբողջ Հայաստանը տաս, խաղաղվելո՞ւ են նրանք»։

Խուճապ չկա, արտագաղթ չկա, գյուղում բնականոն վիճակ է, ասում է Տեղ համայնքի ղեկավարը, որ հաստատակամ լռում էր վերջին 15 օրերին։ Տեղում ապրողները կռիվ տեսել են, սովոր են, պատրաստ են, վստահեցնում է Դավիթ Ղուլունցը։

«Տեղի գյուղացին պատրաստակամ է նամուսին իր հողը պաշտպանելու համար, կապ չունի՝ մի մետր մտել են, չեն մտել, դա ոչ մի նշանակություն չունի, էդ մի մետրն էլ ենք վերցնելու, մի քիչ էլ ավել ենք վերցնելու», - հայտարարեց նա։

Տեղ համայնքի բնակիչներից Անդրանիկ Մանուչարյանը հարցնում է. «Ապագան էս ա՞, թող գան նայեն, ծայրից ծայր թուրքերի լինիան գնում է»։

Անդրանիկ Մանուչարյանը պահեստազորի կապիտան է։ Պնդում է՝ իշխանությունները պետք է ինքնապարգևատրումները դադարեցնեն ու այդ փողով սահմանի բնակիչներին զինեն. - «Դիմել ենք և մարզպետին, և կառավարությանը, ղեկավարներին, կոպիտ ասած՝ ոչ ձայն կա, ոչ բան կա, ոնց որ էշի ականջում քնած են»։

Այսօր համայնքնում խորհրդարանականներ կային թե իշխանական ու թե ընդդիմադիր խմբակցություններից։ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը բնակիչներից էլ նույն պահանջն է լսել։

«Ամենաշատ հանդիպող նախադասությունը, որ լսել ենք, այն է, որ զենք տվեք, մեզ զենք է հարկավոր, մեզ ինքնապաշտպանություն է հարկավոր», - ասաց նա։

«Ցանկացած պահի էլ, ցանկացած րոպեի էլ նույն բանը սպասում ենք», - նշեց գյուղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը, որ ադրբեջանական ներխուժումից հետո համարյա ամենօրյա ռեժիմով էր ահազանգում Տեղի վարչական տարածքում դիրքավորովող ադրբեջանցիների մասին։ Այսօր ասում է՝ համայնքային իշխանությունից մինչև ամենավերևներ մի հարց ունեն լուծելու. - «Առաջին հարցը անվտանգայինն է»։

Գյուղում հետևել են՝ այն դիրքում, որտեղ երեկ այդ ռազմական գործողություններն էին ծավալվել, և որն ի վերջո մնացել էր հայկական, այսօր որևէ տեսանելի աշխատանք չի կատարվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG