Գերագույն շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր խորհրդարանում մասնակցում է ընդդիմադիրների հրավիրած փակ նիստին։
Նախքան այդ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ թերացումների մասին էր խոսում վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի իրադարձություններին։
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, և թերացողները կերևան»,- ասաց ԳՇ պետը:
Հարցին՝ ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չեն կատարվել, Էդվարդ Ասրյանը պատասխանեց. - «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:
Երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանցիները հաղորդում էին մի շարք բարձունքներ վերցնելու մասին, սյունեցիներն էլ՝ պնդում, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հողեր են մտել, վարչապետը հավաստիացրեց՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղին է փոխվել, ադրբեջանական հաղորդումներն էլ բլոկբաստեր որակեց։ Երեկ արդեն, ասաց, հանձնարարություններ է տվել, որոնք ձախողվել են. - «Կոնկրետ այդ իրավիճակային դեպքերից է, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, խնդիրներն եմ առաջադրել և այլն։ Եվ իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար, և առնվազն ինձ համար միանշանակ է, որ մենք այստեղ էլ պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչի համար է այդպես տեղի ունեցել»։