Մատչելիության հղումներ

Կայունության երաշխիքներ այս պահի դրությամբ չկան. Արմեն Խաչատրյան


Կայունության երաշխիքներ այս պահի դրությամբ չկան, 4 հայ զինծառայողի կյանք խլած երեկվա արյունալի բախումից հետո Ազգային ժողովում հայտարարում էր իշխանական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովից Արմեն Խաչատրյանը։

«Ամեն վայրկյան կարող է էսկալացիա գնալ, որովհետև մերոնք դիրքային աշխատանքներ են իրականացնում՝ ինժեներական, նրանք նույնպես աշխատանքներ են իրականացնում, կոշտ խնդիրներ են առաջանում և այդ խնդիրների առաջացման ընթացքում կարող է լինել ամեն ինչ», - նշեց Խաչատրյանը:

Պատգամավորն ասում էր՝ ադրբեջանցիները եկել, պահանջել են, որ հայկական կողմը ինժեներական աշխատանքները դադարեցնի, դրանից էլ սկսվել է զինված բախումը։ Կա՞ր չկրակելու հրաման, ինչո՞ւ չկանխվեց արյունալի ելքը. Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է՝ ճանապարհը տեսանելի էր, ադրբեջանական պիկապը աննկատ չէր մոտենում, հարցից Արմեն Խաչատրյանը խիստ վրդովվեց:

«Ադրբեջանական պիկապը մոտենում էր իրանց վերահսկվող տարածքից մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցային խնդիր... այդտեղ բանակցություններ են անընդհատ ընթանում, եկել բան են պահանջել, իհարեկ, մերոնք պատասխան են տվել: Պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել, մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ ինչի՞ եք արել, չենք անում, ասում եք՝ բա ինչի՞ չկրակեցիք, դրանից էլ ավելի կրակե՞լ: Բանակն իր առջև դրած խնդիրը երեկ շատ հստակ կատարել է, Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան է տվել», - ասաց Արմեն Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանը վստահ էր՝ արյունալի բախումը կարելի էր կանխել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մինչդեռ վստահ էր՝ արյունալի բախումը կարելի էր կանխել։ Կան ականապայթունային և ինժեներական սարքավորումներ, ճանապարհներին էլ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գոնե պետք է լինեին շարժական արգելափակոցներ։

«Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը բացի նախազգուշացնող կրակոցներից կարող են, եթե երևում է կոնկրետ ճանապարհը, ժամանակավոր արգելափակոց տեղադրեն՝ լարային, րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է: Կկանգնեցներ, չէին մոտենա մեր դիրքերին, կրակոցների կոնֆլիկտը չէր լինի, մեր զինվորականները արդեն կմտնեին խրամատները, 1-2 հոգի կբանակցեին, իսկ մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին, որոնք որ համարձակություն չէին ունենա կրակել առաջինը», - նշեց Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունը թերանում ու ուշանում է ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման բոլոր հարցերում։ Օրինակ է բերում, մարտի 30-ին Սյունիքում ադրբեջանական վերջին առաջխաղացումը, երբ Բաքուն օգտվեց Հայաստան-Արցախ երթուղու փոփոխությունից։

Մինչ սյունեցիները պնդում էին, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հողեր են մտել, վարչապետը հավաստիացնում էր, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղին է փոխվել։ Ընդ որում՝ Փաշինյանը առանց կոնկրետության խոսել էր մի պայմանավորվածությունից, թե սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին։

Եթե կար պայմանավորվածություն, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել թե՛ ԱԱԾ, թե՛ ՊՆ ուժերի դասավորվածությունը, ինժեներական աշխատանքներն ու արագ թիկունքային տեխնիկական ապահովումը, հարց է բարձրացնում Օհանյանը։

«Երկու պատճառ կարող է լինել. առաջինը՝ որ իշխանությունները հրահանգներ չեն տալիս կամ իշխանությունները արգելում են», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:

Ինչո՞ւ է Տեղում կանգնած եղել կանոնավոր բանակը ու ոչ թե սահմանապահները, ինչպես նախօրեին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով, դա ստիպված քայլ է եղել։

«Սահմանապահ զորքերն այդ ռեսուրսները չունեն մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար, երբ արդեն ադրբեջանական կողմից զինված ուժեր են, մինչև ատամները զինված, բնականաբար, նրանց դեմը պիտի լինի արդեն ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները», - նշեց Խաչատրյանը:

«Նոր դիրքային փոփոխություն չի եղել»

Թե հիմա ադրբեջանցիները քանի՞ հատվածում ունեն դիրքային առաջխաղացում, Խաչատրյանը հստակ չգիտեր, միայն պնդեց՝ նոր դիրքային փոփոխություն չի եղել, մինչև երեկվա մարտերը եղած վիճակը պահպանվել է։ Իսկ արդեն որերորդ անգամ Հայաստանի տարածքում դիրքավորվող ադրբեջանցիների հետ մղելու տարբերակ կա՞:

«Տարածքից կարող ենք վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի և մասշտաբային պատերազմի, մասշտաբային պատերազմի ընթացքում բոլորիս գաղտնիք չի մեր ռեսուրսներն ինչքան են և արդյոք կարող ենք դիմակայել, թե՝ ոչ և ինչքան կարող ենք դիմակայել: Երեկ մարտական գործողություններ ունեցանք ընդամենը 1-2 ժամ, տեսաք արդյունքը ինչ եղավ», - նշեց իշխանական պատգամավորը:

Տեղի արյունալի բախմանն արձագանքել են և՛ Բրյուսելից, և՛ Մոսկվայից։ Հայաստանում առաքելություն ունեցող Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել դելիմիտացիայի բացակայության պայմաններում պահպանել ենթադրաբար անկախության հռչակման՝ 1991-ի սահմանային գիծը, ու հետ քաշել ուժերը անվտանգ հեռավորության վրա՝ խուսափելու համար միջադեպերից։ Մոսկվան հավասարության նշան է դրել՝ հայտարարելով՝ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Երևանի ու Բաքվի կողմից փոխադարձ զսպվածության անհրաժեշտությունը։

Ու մինչ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը պնդում է՝ մարտերը դադարել են ոչ թե միջնորդության, այլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուժայինների բանակցության արդյունքում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ իրավիճակի դեէսկալացիայի համար միջոցներ են ձեռնարկել Ռուսաստանի զինուժի ու սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ անմիջապես կապ հաստատելով Հայաստանում ու Ադրբեջանում պատասխանատուների հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG