Մատչելիության հղումներ

Տեղի ունեցածն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ


Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, հայտարարում է ՀՀ արտգործնախարարությունը:

«Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:

Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրույթունում:

Արտգործնախարարությունն ընդգծում է, որ «ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը»:

Պաշտոնական Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ, վեց վիրավոր:

Իր հերթին, պաշտոնական Բաքուն իրավիճակի լարման մեջ կրկին մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական կողմը հայտարարում է՝ թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանի պաշտպանական կառույցը հայտնում է երեք զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG