Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը` Վաշինգտոնում հյուրընկալելով երկու երկրների արտգործնախարարներին: Բլինքենն ընդգծել է` այս հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում` ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել` թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ», ֊ ասել է Էնթոնի Բլինքենը:
Պետքարտուղարը չի հստակեցրել` որոնք են այդ քայլերը, մանրամասներ չի հայտնել նաև բանակցություններից ու խաղաղության հասնելու հնարավոր տարբերակներից: Ընդգծել է միայն, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը.
«Ամերիկան՝ որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք` աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի հեռանկար է: Եվ ես դրվատում եմ Ձեզ ու ձեր կառավարություններին` խիզախության ու այն հանձնառության համար, որ ի ցույց եք դնում այդ ճանապարհին»:
Սա Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում ադրբեջանական բանակը առաջխաղացման է գնացել Հայաստանում` օկուպացնելով նոր տարածքներ:
Եռակողմ հանդիպումից առաջ նախ տեղի էր ունեցել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանձնազրույցը. տարածված լուսանկարներից դատելով` այդ հանդիպմանը ամերիկացի պաշտոնյաներ չեն մասնակցել:
«Ուղիղ երկխոսությունը իրական, տևական խաղաղության տանելու լավագույն ձևն է, և մենք ուրախ ենք աջակցել դրան: Միացյալ Նահանգները լիովին սատարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային անկախությունը», ֊ ասել է պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենի կարճ ելույթից հետո հանդիպումը շարունակվել է դռնփակ ռեժիմով:
Այն անցնում էր Սպիտակ տնից քիչ հեռու` հյուրերի համար նախատեսված նախագահական առանձնատանը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում էին պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
Նախարարները թափ կհաղորդեն բանակցություններին ու ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին
Հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը և Բայրամովը Վաշինգտոնում «մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»: Նախարարները «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»:
«Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները», - փոխանցում է ՀՀ արտգործնախարարությունը:
Հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե Բաքուն հոկտեմբերի սկզբին Ժնևում հայկական կողմին փոխանցել է «խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, որոնք հիմնված են առավել վաղ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների վրա»: Թե ինչ են ենթադրում այդ տարրերը, Ջեյհուն Բայրամովը չէր մանրամասնել, սակայն հույս էր հայտնել, որ հայկական կողմը Վաշինգտոնում դրական կարձագանքի դրանց:
Հայաստանի արտգործնախարարը հոկտեմբերի սկզբին խորհրդարանի ամբոնից հաստատել էր, որ նման առաջարկներ են փոխանցվել, և որ հայկական կողմը դրանք ուսումնասիրում է:
«Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն՝ ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավելու», ֊ հայտարարել էր Արարատ Միրզոյանը` առանց մանրամասների: