Մատչելիության հղումներ

Եթե Պուտինը հիմա չի կարողանում Ալիևին պարտադրել Ղարաբաղի մասին կետ, վաղը կարողանալո՞ւ է. Քոչինյան


Ստացվում է Երևանն ընտրում է ռուսական տարբերակը, բայց ռուսները չեն ընտրում ռուսական տարբերակը, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին թողնելու ռուսական առաջարկին։

Վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդումները, թե Արևմուտքի առաջարկած փաստաթղթերում չկա Արցախի կարգավիճակի արձանագրում, Քոչինյանը շեշտեց՝ իրենց փաստաթղթում էլ չկա։ Իսկ եթե կար, ու Ռուսաստանը չի կարողանում անցկացնել, դա, ըստ քաղաքական վերլուծաբանի, նույն բանն է, ինչ ի սկզբանե չլիներ։

Քոչինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն». - Համաձա՞յն եք վարչապետի հնչեցրած ամփոփման հետ, որ Սոչիի հանդիպումը դրական էր և խաղաղության ճանապարհին կարևոր քայլ։

Քոչինյան․ - Հայկական կողմն ընտրում է ռուսական տարբերակը։ Սա ընդունում ենք, որ խաղաղության ռուսական փաստաթուղթը մենք համարում ենք առավել լավը, որ Արցախի կարգավիճակի որոշումը հետագա սերունդներին թողնելն ավելի լավ է, քան էդ կարգավիճակից ընդհանրապես հրաժարվելը, սա արձանագրում ենք, բայց էդ արձանագրությունը մենք տեսա՞նք Սոչիում, կամ, երբ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իրենց երկկողմ հանդիպման ժամանակ, հայտարարում է, որ «Արցախի թեմա չկա և հետևաբար Արցախի վերաբերյալ քննարկելու բան էլ չկա», Ռուսաստանի ղեկավարը որևէ բան դրան հակադարձե՞ց։

«Ազատություն»․ - Բայց հայտարարությունում դա էլ չարձանագրվեց, որ հակամարտությունը լուծված է։

Քոչինյան․ - Իսկ Արցախ բառ կա՞ր արձանագրության մեջ։ Հիմա տեսեք ինչ է ստացվում՝ մենք ընտրում ենք ռուսական տարբերակը, բայց ռուսները չեն ընտրում ռուսական տարբերակը։ Հիմա ես չգիտեմ՝ չեն կարողանում էդ կետը, որը որ պիտի արձանագրի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագային, անցկացնել, թե չեն ուզում, ու դա էական էլ չէ, ըստ էության, էական է մեկ այլ բան՝ եթե Ռուսաստանի նախագահը պնդում է, որ, օրինակ, արևմտյան առաջարկվող փաստաթղթերում չկա Արցախի կարգավիճակի արձանագրում, ապա իրենց փաստաթղթում էլ չկա։ Եթե կար, իրենք չեն կարողանում անցկացնել, դա, ներեցեք, նույն բանն է, ինչ-որ ի սկզբանե չլիներ։ Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում հայտարարում է, որ Ռուսաստանն այլ՝ ավելի լավ բան է առաջարկում, քան Արևմուտքն է առաջարկում ու ինքը շատ կզարմանա, եթե Հայաստանն իրենց տարբերակը չընտրի, մենք էլ ափալ-թափալ վեր ենք կենում, գնում ենք իրենց էդ լավ տարբերակի հետևից, պարզվում է իրենց էդ լավ տարբերակը չկա, չի աշխատում, որովհետև Ալիևը չի ուզում։

«Ազատություն»․ - Ռուսաստանն այսօր չունի՞ Բաքվին ճնշելու գործիք։

Քոչինյան․ - Կամ չունի, կամ ունի, բայց դա չափազանց թանկ է Ռուսաստանի համար, այսինքն՝ չի ուզում։ Հիմա, թե էս երկուսից որ մեկն է՝ չունի, թե չի ուզում, ըստ իս, այնքան էլ էական չէ։ Ավելի էական է արձանագրել հետևյալը, որ էդ արշավանքը, որ սկսվել էր հայկական մեդիադաշտի դեմ ու Հայաստանի իշխանությունների դեմ, որ «հանկարծ չընտրեք էդ վատ արևմտյան տարբերակը, ստեղ կա մի հատ լավ ռուսական տարբերակ», փաստորեն, ապարդյուն անցավ, որովհետև էդ լավ ռուսական տարբերակը տեղում չի։ Մենք գնացինք էդ լավ ռուսական տարբերակի հետևից, ինքը տեղում չէր։ Եթե դիտարկում ենք, որ կա նման ռուսական տարբերակ, ապա Ռուսաստանը շարունակում է դեռ թուլանալ Ուկրաինայում, և մի բան, որ Ռուսաստանն էսօր չի կարողանում անել, երիցս ավելի կասկածելի է, որ դա կարող է անել վաղը։

Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Փաշինյանը երեկ ասաց՝ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տեսլականին։

Քոչինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG