Մատչելիության հղումներ

Դրական է, որ Սոչիի հայտարարությունում որևէ դրույթ չկա Արցախի կարգավիճակի մասին. Արման Գրիգորյան


Դրական է, որ Սոչիի հայտարարությունում որևէ դրույթ չկա Արցախի կարգավիճակի մասին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Սոչիում երեկ ընդունված հայտարարությունը:

Գրիգորյան. - Ինձ համար կարևոր էր մի բան, որ այդ հայտարարության մեջ չկար և դա դրական էր, Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ կետ, որևէ հայտարարություն չկար, կար ընդամենը ընդհանրական, փոխադարձ ճանաչման խնդիրը, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանը բավականին համառորեն պնդում է, որ կարգավիճակի հարցը պետք է առկախել և խաղաղության բանակցությունները կամ խաղաղություն պայմանագիրը պետք է կնքել առանց կարգավիճակի սահմանման, առանց Արցախի կարգավիճակի ճշտման:

Իսկ ընդհանուր առմամբ հերթական անգամ Սոչիի հանդիպումը և Սոչիի հանդիպումից հետո արված հայտարարությունը շեշտեց Ռուսաստանի գերակա դերը, Ռուսաստանի կարևորությունը որպես միջնորդ:

«Ազատություն».- Պարոն Գրիգորյան, եթե Ղարաբաղը չի հիշատակվում հայտարարությունում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իսկապես համաձայնություն կա, որ հարցն առկախվի, թե՞ հակառակը՝ այդ հանդիպումից րոպեներ առաջ Ալիևը Պուտինին ասում էր, որ Ղարաբաղի հակամարտություն ընդհանրապես չկա:

Գրիգորյան. - Ես չեմ կարծում, որ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ նշման բացակայությունը նշանակում է, որ Ռուսաստանը դա ընդունել է: Դա սենսացիա կլիներ, մի չտեսնված, մեծ բեկումնային իրադարձություն կլիներ: Կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանն իսկապես խնդիր ունի, որովհետև սա սկզբունքային հարց է և հիմնական տարբերություններից մեկը Ռուսաստանի միջնորդական առաքելության և Արևմուտքի միջնորդական առաքելության միջև հենց կարգավիճակի վերաբերյալ նրանց վերաբերմունքների տարբերությունն է: Հայտարարության մեջ այդ կետի բացակայությունը..... ես չեմ կարծում, որ Ռուսաստանը փաստորեն հաշտվել է այդ գաղափարի հետ, բայց մյուս կողմից իսկապես ուշագրավ է այն փաստը, որ Ալիևն այս հարցում ունի չափազանց կոշտ և հստակ դիրքորոշում և Ռուսաստանի համար այդ տարբերակի իրականացումը կապված է մեծ դժվարության հետ, որովհետև նրանք փաստորեն պետք է Ալիևին համոզեն կամ Ալիևի վրա բավարար ճնշում դնեն, որպեսզի նա իր տեսակետը մեղմացնի:

Բանակցող կողմերը, իհարկե, շատ հաճախ կոշտ դիրքորոշումներ են գրավում ի սկզբանե, հետո այդ կոշտ դիրքորոշումից ինչ-որ զիջումներ են անում, բայց Ալիևի դիրքորոշումը մի քիչ նույնիսկ այդ սկզբունքի շրջանակներում չափազանց կոշտ էր ու տպավորություն կա, որ Ալիևը իրեն ներքաղաքական ինչ-որ շրջանակի մեջ է դրել, որից դուրս գալը նրա համար շատ դժվար է լինելու: Այսինքն՝ եթե նա սկսի այդ հարցում զիջումներ անել, կարող է նույնիսկ ներքաղաքական պրոբլեմներ ունենալ:

«Ազատություն». - Միայն Ալիևին պետք է համոզի Պուտինը, թե՞ նաև Էրդողանին: Կա տեսակետ, որ Ուկրաինայում պատերազմի հետևանքով հիմա ռուս-թուրքական շահերը գերակա են և Կրեմլը պատրաստ է անգամ զիջել Ղարաբաղի հարցում:

Գրիգորյան. - Կա նման տեսակետ, նման տեսակետն, իհարկե, զուրկ չէ տրամաբանությունից, Ռուսաստանը ոչ միայն զբաղված է Ուկրաինայի պատերազմով, այլ Ռուսաստանի վիճակը շատ ավելի բարդ է, քան պատերազմից առաջ կամ պատերազմի սկզբնական շրջանում շատերը սպասում էին, այդ թվում՝ ես: Հետևաբար Ռուսաստանի համար նոր հակառակորդներ ձեռք բերելը կամ Թուրքիայի պոզիտիվ չեզոքությունը վտանգելը շատ անցանկալի հեռանկար է, դա ճիշտ է, բայց մյուս կողմից այդ խնդիրն էլ կա, որ Ռուսաստանը հետևողականորեն այս հարցում ունեցել է այն տեսակետը, որ պետք է կարգավիճակն առկախել, անընդհատ դրա մասին հայտարարություններ է արել: Չի կարելի բացառել, որ նման բան կարող է տեղի ունենալ, որ նման զիջման կարող են գնալ ոչինչ չի կարելի բացառել: Չի կարելի բացառել, որ Ռուսաստանը կարող է հեռանալ Կովկասից, նման դեպքեր նույնպես եղել են, բայց ես շատ փոքր եմ համարում հավանականությունը, որ նման կատաստրոֆիկ վիճակի առաջ կկանգնի Ռուսաստանը և ստիպված կլինի նման զիջման գնալ, ինչը կվտանգի Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ընդհանրապես:

«Ազատություն». - Եթե փաթեթով հակամարտությունը կարգավորվում է, համենայն դեպս այն, ինչ կա հրապարակումներում, ըստ Արևմտյան տարբերակի, թեև Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչվում, բայց մեխանիզմներ են ստեղծվում այնտեղ հայերի ապրելու համար: Սա իրատեսական չէ՞:

Գրիգորյան. - Ոչ, ես դա իրատեսական չեմ համարում, ես չգիտեմ՝ ինչ մեխանիզմներ մասին է խոսքը, չեմ կարծում, որ Արցախի հայկական բնակչության անվտանգությունը կարող է այդ մեխանիզմներով ապահովվել:

XS
SM
MD
LG