Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հուսով է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկարատև խաղաղությանը


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը հուսով է, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը կօգնի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալը:

Երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «այս շաբաթ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վիճակի վերաբերյալ հարցին, և թե արդյոք դա կօգնի՞ տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատմանը, Վեդանթ Պատելն ասել է. - «Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչին պետքարտուղարը և դեսպան Ռիքերն ու մյուսները այս շենքից շարունակում են հետամուտ լինել տվյալ խնդիրը քննարկելիս»:

«Ես չեմ ուզում այդ գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Անցած շաբաթավերջին Հայաստան է ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները կժամանեն մինչև ամսվա վերջ: Հայաստան ժամանող քաղաքացիական առաքելությունը ժամանակավոր է և սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։

XS
SM
MD
LG