Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Իսկ Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման արդյունքները նա հրաժարվել է մեկնաբանել։
Ամենօրյա ճեպազրույցում ադրբեջանական «Թուրանի» թղթակիցն է հարց տվել՝ իր հարցում նշելով, որ Սոչիի հանդիպմանը շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, արդյո՞ք տեղ է մնում Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը շարունակելու համար։
«Մենք այդ հանդիպման մասնակից չէինք, և մենք չէ, որ պետք է խոսենք դրա մասին»,- ասել է Փրայսը, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը շարունակելուն, պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է․ «Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու համար, որին, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք ներգրավված լինել գործընթացում՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները, երկկողմ, գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով»։
Հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ կունենա արտգործնախարարների հետ, Նեդ Փրայսը պատասխանել է. «Կարծում եմ՝ այդ ամենը սեղանի վրա է: Մենք կանենք այն, ինչը ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատման համար»։
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցին, բայց չի բացահայտել Ռուսաստանի առաջարկները։
Հարցն այսպես է հնչել, թե Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով, Ռուսաստանի կողմից կոնկրետ ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։
Մարիա Զախարովան, լրագրողի ուշադրությունը հրավիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի վրա, թե քննարկումները շարունակվելու են, ասել է․ «Մենք կոռեկտ չենք համարում բավականին զգայուն հարցերի մի մասը հանրային քննարկման առարկա դարձնել, որովհետև դա կարող է պարզապես խանգարել բանակցային գործընթացին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ դա մեր երկրի նախագահի խոսքերն են»։
Հոկտեմբերի 31-ին Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ Սոչիում առանձին հանդիպում են ունեցել նաև երեք երկրների արտգործնախարարները։ Մարիա Զախարովան ասել է, որ արտգործնախարարների հանդիպումը բանակցություններ չէին. «Դրանք պատվիրակությունների հանդիպում կամ բանակցություններ չէին։ Դա երեք նախարարների զրույց էր, շփում դեմ առ դեմ։ Եվ իհարկե, այդ զրույցը տեղի է ունեցել նրանց առաջնորդների վարած բանակցությունների կոնտեքստում»։
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցի պատասխանում Զախարովան միջանցք բառը չի օգտագոծել. «Մենք երթուղի տերմինն ենք օգտագործում․ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները Սոչիի գագաթնաժողվում քննարկվել են և պայմանավորվել, որ համապատասխան աշխատանքը կշարունակվի եռակողմ աշխատանքային խմբում երեք երկրների փոխվարչապետերի համանախագահության ներքո, ինչպես որոշվել էր երեք առաջնորդների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունում»։
Մինչ Սոչիի հանդիպումը Վլադիմիր Պուտինն ասել էր, թե կարգավորման երկու առաջարկ կա: Նրա ներկայացմամբ՝ Վաշինգտոնի առաջարկը ենթադրում է, որ «Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում», բայց եթե Հայաստանի ժողովուրդը, իշխանությունները համարում են, որ Ղարաբաղն առաձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության համաձայնագրում, ապա դա էլ է հնարավոր։ «Բայց դա անպայաման պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ», - ասել է նա։
Սակայն ոչ ռուսական, ոչ ամերիկյան առաջարկների բովանդակությունը հայտնի չէ։