Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, հայտնում է ԱԳՆ խոսնակը:
«Ազատության» հետ զրույցում Վահան Հունանյանն ասաց, որ ավելի ուշ նախատեսված է նաև Բլինքեն-Միրզոյան- Բայրամով հանդիպում:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մինչ այս էլ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ըստ խոսնակի՝ այնուհետև տեղի է ունեցել Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Արարատ Միրզոյանը օրեր առաջ խորհրդարանում էր հայտնել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների սպասվող հանդիպման մասին, Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, թե Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը պլանավորում է քննարկել խաղաղության պայմանագիրը։
Նախորդ անգամ Միրզոյանն ու Բայրամովը Աստանայում էին հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց։ Սոչիում նախորդ շաբաթասկզբին ղեկավարների հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր՝ կշարունակի ներգրավված լինել բանակցությունների գործընթացում։