Մատչելիության հղումներ

«Խաղաղապահների մանդատը երկարացնելու մեր առաջարկը մերժվել է»․ Փաշինյան


Ռուսաստանի խաղաղապահներն Արցախում, 1-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուսաստանի խաղաղապահներն Արցախում, 1-ը նոյեմբերի, 2020թ․

Երևանը Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, 20 տարով,15 տարով, 5 տարով, այսօր, Ազգային ժողովում, 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այդ առաջարկը չընդունվեց։

«Բայց պետք է արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային», - ասաց գործադիրի ղեկավարը։

Խաղաղության օրակարգ

Սոչիի հանդիպման արդյունքներով Փաշինյանն արձանագրեց՝ շատ կարևոր քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ, հանդիպումը որակելով օգտակար և կարևոր։

Գործադիրի ղեկավարն ասաց՝ հանդիպման թե՛ դռնփակ, թե՛ դռնբաց հատվածներում կարևոր հարցեր են հնչել։

Անդրադառնալով հանդիպումից առաջ Հայաստանում և Արցախում ծավալված քննարկումներին, թե արդյո՞ք Հայաստանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ճանապարհին, գնում է այն հնարավոր տարբերակով, որը առկա է դաշտում, և որքանո՞վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Ղարաբաղի շահերին, Փաշինյանը հայտարարեց՝ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այն է, որ կարող ենք հրապարակային տեսնել, թե ինչքանով է քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին, որն այսօր բարձրաձայնվում է ընդդիմության կողմից։

«Քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ և ոչ ռուսական հայեցակարգ, և փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ։ Դա իհարկե այդպես չէ։ Հնչել են հրապարակային հայտարարություններ, հայեցակարգերի հեղինակներն իրենք բացահայտել են՝ ինչում է նրբությունը», - ասաց Փաշինյանը։

Ղարաբաղի կարգավիճակի հարց

Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի իրենց գործընկերները հայտարարել են, թե, ըստ իրենց, ճիշտ մոտեցումը կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով՝ հիմնավորելով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։

Թե ինչքանով է Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ, վարչապետն ասաց՝ լիարժեք և100 տոկոսով։

Եռակողմ բանակցությունների ընթացքում, ըստ Փաշինյանի, հայկական կողմը պնդել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության ժամանակ հղում կատարվի հայտնի ռուսական առաջարկներին։ «Բայց ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով՝ փորձել ենք ավելի ճկուն լինել՝ իրավիճակը փակուղային չդարձնելու համար», - ասաց վարչապետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG