Մատչելիության հղումներ

Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Աթանեսյան


Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ շեշտելով՝ միջազգային իրավունքի համաձայն, երկրի տարածքային ամբողջականությունն այլ երկրի կողմից ճանաչելու դեպքում, բոլորովին չի վերանում այդ երկրի իշխանության և այդ երկրից անջատվել ցանկացող մասի պատասխանատվությունը։

Լեռնային Ղարաբաղը մշտապես, պատմականորեն ունեցել է իր յուրօրինակությունը, իր ինքնատիպությունը, իր պետականության որոշակի մակարդակը, մնում է այդ կարգավիճակը լեգիտիմացվի այս կամ այն ձևով, ասաց նախկին պատգամավորը՝ նկատելով՝ դա կարող է լինել Ադրբեջանի հետ ասոցացված կարգավիճակ, դա կարող է լինել Հայաստանի հետ ասոցացված կարգավիճակ, դա կարող է լինել անկախ պետություն, դա կարող է լինել ենթամանդատային տարածք մինչև հարցի վերջնական կարգավորում։

«Նոյեմբերի 9-ի համաձայնության տեքստում գրված է, որ Լեռնային Ղարաբաղ կա, Լաչինի միջանցքով պետք է կապվի Հայաստանին։ Ահա այդ Լեռնային Ղարաբաղը ո՞րն է և ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա։ Հակառակ դեպքում նոյեմբերի 9-ին գրեին, որ «Ադրբեջանի տարածքում ապրող էթնիկ հայերը Հայաստանի հետ ցամաքային կապի իրավունք ունեն»։ Ինչո՞ւ այդպես չեն գրել, և ով որ հեղինակել է այդ տեքստը, ում ստորագրությունը, որ այդ տեքստի տակ կա, դա պարտավոր է հարգել այդ տեքստը, այդ սկզբունքը, համաձայնությունը, հակառակ դեպքում ի՞նչ արժեք ունի պայմանավորվածությունը, ի՞նչ արժեք պետք է ունենա Հայաստան-Ադրբեջան վաղը կնքվելիք պայմանագիրը»,- ասաց Աթանեսյանը։

Պրահայում հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը 1991-ին ԱՊՀ-ն հիմնելու փաստաթղթերով ընդունված սահմաններով։ Ղարաբաղի կամ այնտեղ ապրող հայերի մասին հայտարարության մեջ որևէ բառ չի ասվում։ Ադրբեջանի նախագահը, բանակցություններից հետո հանդիպելով ադրբեջանական լրատվամիջոցներին, կրկին պնդել է՝ մերժում են Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ քննարկում որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա», - հավելել է նա։ Հայկական կողմն իր առաջարկներում մշտապես ներկայացրել է, որ անհրաժեշտ է նաև Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովել։

Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․
Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Սոչիում հոկտեմբերի 31-ի Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Պատգամավորները հայտարարեցին՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում՝ շեշտելով՝ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։

Սոչի, 31-ը հոկտեմբերի, 2022թ․
Սոչի, 31-ը հոկտեմբերի, 2022թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կրկին պնդել է՝ ղարաբաղյան խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով: «Ղարաբաղյան խնդիրը պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա», - հայտարարեց Իլհամ Ալիևը: Պուտինն ավելի վաղ ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։

Վահրամ Աթանեսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG