Մատչելիության հղումներ

Միամտություն է սպասել, որ Ադրբեջանն արդեն դուրս կգա Հայաստանի օկուպացված տարածքից. Արմինե Մարգարյան


«Ազատության» հյուրը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն է։

«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք Պրահայի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի հնչեցրած գնահատականներին, որ Ադրբեջանը համաձայնում է Ալմա Աթիի հռչակագրին և ուրեմն ճանաչում է Հայաստանի ներկայիս տարածքը, այդ թեման փակվում է։

Մարգարյան. - Տրամաբանությունը, բնականաբար, դա է, բայց արդյո՞ք իրականության համապատասխանում են թե ոչ այդ պնդումները, պետք է տեսնենք գետնի վրա եղած իրողությունները։ Ես հասկանում եմ, որ հայկական կողմը էս դիրքորոշումը առաջ տանելով հենց էդ տրամաբանությամբ է առաջնորդվել, և սա շատ լավ դիրքորոշում է։ Ըստ էության իր մեջ բավական լուրջ հնարավորություններ պարունակող դիրքորոշում է։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ադրբեջանական կողմն էլ համաձայնելով սրան՝ ունեցել է իր պատկերացումները։ Եվ ըստ էության մենք ապագայում դրան ենք ականատես լինելու, որ ադրբեջանական կողմը դուրս չի գալու իր կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից, հայկական կողմը պարբերաբար, 24-ժամյա ռեժիմով այդ մասին խոսելու է։ Եվ էստեղ շատ կարևոր է, որ հայկական կողմը կարողանա էս փաստը օգտագործել՝ հնարավորինս ավելի ընդլայնելով շրջանակը միջազգային, որտեղ Ադրբեջանը կներկայացվի ագրեսոր։ Նկատի ունեմ, որ հնարավորությունները շատ են, բայց սպասել, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը պիտի հրաշք տեղի ունենա և փոխվի և դուրս գա իր կողմից օկուպացված տարածքներից, կարծում եմ միամտություն է։

«Ազատություն». - Ասելու է իմ տարածքո՞ւմ եմ կանգնած։

Մարգարյան. - Շատ բան կարող է ասել։ Օրինակ, այդ ձևակերպումը, որը կա հայտարարության մեջ, երբ նշված է, որ Ադրբեջանը կհամագործակցի Եվրոպական միության քաղաքացիական առաքելության հետ այնքանով, որքանով դա իրեն կվերաբերի, սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ՝ եթե Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները, օրինակ փաստահավաք աշխատանք անելու համար կարիք ունենան գտնվելու այն հատվածներում, որ արդեն օկուպացված են ադրբեջանական կողմից, Ադրբեջանը սա օգտագործելու է որպես լծակ թույլ տալու կամ թույլ չտալու համար։

«Ազատություն». - Ասելու է՝ մեզ չի առնչվում, սա արդեն Ադրբեջանի տարածք է։

Մարգարյան. - Կարող է ասել էդպես։ Կարող է նույնիսկ դրան էլ հերթը չհասնի։ Միայն այն, որ պիտի թույլ տա կամ թույլ չտա, սա արդեն խնդրահարույց է։ Որովհետև միանշանակ է, որ ադրբեջանական կողմը դուրս չի գալու իր կողմից օկուպացված տարածքներից, և սահմանազատման աշխատանքները սկսելու են էս փաստով։ Այսինքն՝ այն հատվածները, որ Ադրբեջանը օկուպացրել է, լինելու են սահմանազատման օբյեկտ, ոչ թե դուրս են գալու, նոր է գործընթացը սկսելու։

«Ազատություն». - Վտանգներ տեսնո՞ւմ եք Արցախը չհիշատակելով խաղաղության պայմանագիր կնքելու մեջ։

Մարգարյան. - Մենք պատերազմի հետո թերևս միակ խելամիտ լուծումը, որ կարող էինք գտնել, դա իրապես Հայաստան - Ադրբեջան օրակարգերը անջատելն է արցախյան օրակարգից, և սրա վերաբերյալ բավական տեսանելի գործընթացներ արդեն մոտ երկու, երեք, չորս ամիս տեղի են ունենում։ Հիմա արդեն պաշտոնական մակարդակով դա տեսնում ենք։ Հարցերի հարցը հետևյալն է՝ եթե խաղաղության պայմանագիր է կնքվում և էդտեղ չի հիշատակվում Արցախի հարցը, ապա սա արդյո՞ք չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախին թողնում է միայնակ։

«Ազատություն». - Հատկապես, որ տարածքային ամբողջականությունն էլ ճանաչելու է, ինչը նշանակում է Ադրբեջանի կազմում Արցախը։

Մարգարյան. - Կարծում եմ, որ հենց այս ռիսկը կառավարելու համար, ոչ չեզոքացնելու, որովհետև էստեղ մենք չեզոքացնելու որևէ ռեսուրս չունենք։ Կարծում եմ, հնարավորինս այս ռիսկը կառավարելու համար են հենց հայկական կողմերը փորձում միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներ իրականացնել, բանակցել, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտ և Բաքու փոխգործակցությունը տեղի ունենա միջազգային որևէ մեխանիզմի շրջանակներում։ Իդեալական տարբերակ իհարկե կարող է լինել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, բայց առնվազն երկու պատճառով այս պահին սա չի կարող տեղի ունենալ, որովհետև Ադրբեջանի համար Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ արդեն նշանակում է հակամարտությունը լուծված չէ։ Երկրորդ հանգամանքը Ռուսաստանի հանգամանքն է։ Դրա համար կարծում եմ, որ էստեղ էլ հայկական կողմը փորձում է ճկունություն ապահովել։ Իրականում ինչպիսի մեխանիզմ կգործարկվի, չեմ կարող ասել, բայց առավելապես հակված եմ նրան, որ մենք գնանք ԵԱՀԿ-ի ուղղությամբ, որովհետև ԵԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որը զբաղվում է հետկոնֆլիկտային, հետճգնաժամային իրավիճակների նաև կառավարմամբ, կոնֆլիկտների հետևանքների վերացմամբ։ Բայց էստեղ էլ, բնականաբար, կոնսենսուս պիտի լինի։ Ադրբեջանը առնվազն պիտի տա իր համաձայնությունը։ Բայց անչափ կարևոր է, որ ինչպիսին էլ լինի այդ մեխանիզմը, այն լինի ինստիտուցիոնալ, հստակ ունենա մանդատ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG