Ստեփանակերտից դարձյալ հայտարարում են՝ պատրաստ են բանակցել Բաքվի հետ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և որպես բանակցային լիիրավ կողմ, «Ազատությանը» փոխանցեց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն՝ արձագանքելով երեկ Պրահայում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
Նկատենք՝ 2020-ի պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում:
«Մենք դեմ չենք այդ ձևաչափին, բայց դա միայն ու միայն հնարավոր է այն դեպքում, երբ միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընդգրկված երկրների կողմից, Արցախը կճանաչվի որպես բանակցությունների լիիրավ կողմ և հակամարտող կողմ և այդ երեք սկզբունքների հիման վրա ինչ որ նշված է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, մենք պատրաստ ենք բանակցությունների», - ընդգծեց Հարությունյանը:
Իլհամ Ալիևը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քառակողմ հանդիպումից հետո ասել էր, թե նախատեսում են շարունակել ոչ-պաշտոնական հանդիպումները Ղարաբաղի հայկական բնակչության հետ։ «Այդպիսի շփումներ արդեն իսկ ընթանում են»,- նշել էր Ալիևը։
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը պարզաբանում է՝ շփումներ այս պահին տեղի են ունենում միայն ենթակառուցվածքային հարցերի շուրջ, օրինակ, ջրային ռեսուրսների կառավարման, էլեկտրաէներգիայի հարցեր, սակայն քաղաքական քննարկումներ չկան։
«Քաղաքական քննարկումների մասով բացարձակ որևէ քննարկում տեղի չի ունեցել և մինչև Արցախը լիիրավ կողմ չհանդիսանա բանակցային գործընթացի, չենք կարող մենք էդ պրոցեսի մեջ մտնել», - ասաց Արթուր Հարությունյանը:
Չնայած քառակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախի խորհրդարանի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պնդում է՝ այդ հանգամանքը չի նշանակում, որ Արցախը դառնում Ադրբեջանի մաս, թեև, ըստ դաշնակցական պատգամավորի, Հայաստանի վարչապետի պահվածքն ու հայտարարությունները առիթ են տալիս մտածելու որ ոչ միայն Ալիևը, այլև Փաշինյանը նույնպես Արցախը Ադրբեջանի մաս է համարում։
«Իրանք երկուսն էլ՝ Ալիևն էլ, Փաշինյանն էլ երևի էդ ձև են մտածում», - նշեց Մոսիյանը:
«Ազատության» հարցին՝ կարծում է Փաշինյանը ընդունո՞ւմ է Արցախը որպես Ադրբեջանի մաս, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, համենայն դեպս իր բոլոր հայտարարությունները ու պահվածքը նման առիթ տալիս են, որ մարդիկ մտածեն»:
Ալիևը երեկ խոսել էր նաև Արցախի բնակչության մասին՝ ասելով, որ նրանք պետք է ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, եթե համաձայն չեն, ապա կարող են բնակության այլ վայր ընտրել։
Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը շեշտում է՝ Ալիևի այդ հայտարարության համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը. «Նման հայտարարությունը հնարավոր է դարձել Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումների պատճառով՝ սկսած Ազգային ժողովում արած իր հայտարարությունները, վերջացրած չհակադարձելն Ալիևին: Արցախում Ալիևը չի, որ պիտի ասի՝ մենք իր քաղաքացիներն ենք, մենք ունենք պետություն, մեր պետականությունը, մեր արած հանրաքվեն, և որևէ մեկը ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ չի վերացրել»:
Արցախցի վերլուծաբանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա հայտարարությունը
Արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա հայտարարությունը։ Աթանեսյանը հիշեցնում է՝ նախ Հայաստանի ոչ մի իշխանություն երբևէ չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այժմ, երբ Ադրբեջանը հանձնառություն է ստանձնել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միանգամայն դրական է, քանի որ ուժերի ներկայիս հարաբերակցությունն այնպիսին է, որ Ադրբեջանը կարող է Հայաստանից նորանոր տարածքներ օկուպացնել։
«Ինչ վերաբերում է երեկվա հայտարարությունը, ապա ես պետք է անկեղծորեն ասեմ, որ պատերազմյան իրավիճակում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից և այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից հետո Ադրբեջանի հանձնառությունը, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդի, միանգամայն դրական հայտարարություն է: Այսինքն՝ եկեք անկեղծ խոսենք, հիմա ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների միջոցով օկուպացնել Հայաստանի սուվերեն տարածքներ», - նշեց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որ Արցախի հայերը պետք է որպես Ադրբեջանի քաղաքացի բնակվեն Ղարաբաղում կամ հեռանան, ապա Վահրամ Աթանեսյանն ասում է, որ այսօրինակ դիտարկումները նորություն չեն։ Այժմ Բաքու - Ստեփանակերտ երկխոսության հնարավորությունն օգտագործելով, պաշտոնական Ստեփանակերտը պետք է բանակցությունների միջոցով փորձի համոզել Բաքվին, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, իսկ Արցախում ապրող 110-120 հազար բնակչությունն էլ Ադրբեջանի քաղաքացի չէ։
«Պաշտոնական Ստեփանակերտը պետք է պատրաստի հարցի իր իրավաքաղաքական թղթապանակը և այդ թղթապանակով բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ, իհարկե, միջնորդ երկրների կամ միջնորդ կառույցների միջոցով», - ընդգծեց Աթանեսյանը:
Ի դեպ, Արցախի նախագահն այսօր շնորհավորելով Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, հույս է հայտնել, որ «Պուտինը այսուհետ էլ կլինի Արցախի ժողովրդի կողքին և կշարունակի իր ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ»: