Մատչելիության հղումներ

Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործով վարույթում դեռ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան


Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան
Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան

Չնայած Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության դերակատարների հայտնի լինելուն, Քննչական կոմիտեում դեռ մեկ շաբաթ առաջ հարուցված քրեական վարույթում մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակը։

Վարդան Թադևոսյանն ասաց՝ քննության շահերից ելնելով չեն կարող ասել, թե արդյոք հարցաքննվել են Ջհանգիրյանն ու Վարդազարյանը։

Քրեական վարութը հարուցվել է ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահի օգտագործելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։

Լուսանկարը Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

«Նման դատավարական կարգավիճակ ունեցող անձինք քննության ներկա փուլում քրեական վարույթում ներգրավված չեն», - ասաց Թադևոսյանը։

Մոտ մեկ ամիս առաջ Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց անցած տարի փետրվարին արված մի գաղտնի ձայնագրություն, որտեղ լսվում են նրա և այդ ժամանակ խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի երկխոսությունից հատվածներ։

Ձայնագրությունն արվել էր, երբ Վարդազարյանն իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով այլևս չէր ղեկավարում դատավորների անկախությունը երաշխավորող դատական կառույցը։ Նրան այդ պաշտոնում երկու ամիս անց փոխարինած Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում էր ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Այս սկանդալային ձայնագրությունից հետո Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական խնդիրները, հրաժարականից օրեր առաջ, սակայն, գործընկերների հետ միասին որոշեցին դադարեցնել Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ նախագահի և դատավորի պաշտոնում։

Այժմ իրավապահները պետք է քննեն՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահի և խոչընդոտել է արդարադատության իրականացմանը։

Իրավապաշտպանները մեծ սպասելիքներ չունեն իրավապահներից

«Կարո՞ղ է մի հատ դատախազությունը ինչ-որ անսպասելի մի բան անի», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Ալեքսանյանը մեծ սպասելիքներ չունի իրավապահներից։ Նա քննադատում է դատական գլխավոր կառույցի ղեկավարի լիազորություններն ավելի քան մեկ տարի կատարած Ջհանգիրյանին՝ նման վարքագծի, իրավապահների վրա իր ազդեցության փորձերի համար՝ այն, ինչ անում էր ժամանակին զինդատախազի պաշտոնում, պնդում է Ալեքսանյանը։

«Այնպես չէր, որ անսպասելի էր։ Առաջին հերթին, հասկանում եք, էդ Բարձրագույն դատական խորհուրդ բառը քեզ խանգարում է, որ համապատասխանեցնես։ Հենց էդ մթնոլորտն է․ անընդհատ հիշում եմ էդ Բարձրագույն դատական խորհուրդը ու նայում եմ, թե ասենք էդ ռաբիս երաժշտության տակ՝ հայհոյանքներով, տենց փոխադարձ, իրենց հարիր մթնոլորտ։ Ինչ ասեմ, էդ մթնոլորտում նա բացարձակապես ինքնավստահ՝ Ջհանգիրյանը, որ ինքն էլի բարձունքներում է, այդ ինքնավստահությամբ էլ իր երաշխիքներն է տալիս», - ասաց իրավապաշտպանը։

Ե՛վ Ջհանգիրյանը, և՛ Վարդազարյանը հրաժարվում են մեկնաբանություններից։ Ավելին՝ Ռուբեն Վարդազարյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել իրավապահներին ներկայացնել ձայնագրության ամբողջական տարբերակը։

Իրավապաշտպանների քննադատության թիրախում է ոչ միայն Ջհանգիրյանը, այլև՝ Վարդազարյանը։

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

«Էս որակներով օժտված մարդը պետք է մարդ դատի, նա ոչ միայն պետք է մարդ դատեր, այլ նաև նա պետք է կազմակերպեր մեր դատական համակարգը, նրան այդպիսի պաշտոն են տվել նախկինում և այս իշխանության օրոք։ Էդ որակով օժտված մարդկանց հետ կապված դատական պրոցեսներն էլ պետք է երևի էդ որակով լինեն, որովհետև որքան ես լսել եմ լրատվամիջոցներից, նա պայմաններ է դնում, թե ինչ կարգով պետք է քննվի իրեն վերաբերող քրեական գործը», - ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանին չի զարմացրել Վարդազարյանի՝ քննությանը չաջակցելու այս վարքագիծը, նաև այն, որ լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ չի հրապարակի 2,5 ժամանոց ձայնագրությունը։

Հարությունյանն ավելի շատ տարակուսած է, թե ինչպես կարելի է հացի սեղանի շուրջ արված խոսակցությունը ձայնագրել, պահել մեկուկես տարի և օգտագործել սեփական շահերի համար։

«Իրականում դա բանակցություններ էին, իրականում դա քննարկում էր իմ հրաժարականի, կամ հրաժարական տալու կամ չտալու հարցը, որը որ ես որոշել էի ձայնագրել։ Պատասխանեմ այդ հարցին, թե ինչո՞ւ․ բացառապես ինքնապաշտպանության համար է կատարվել այդ ձայնագրությունը, ես որևէ նպատակ չունեմ այլ անձանց միջև վեճ ստեղծել, կամ առանց այն էլ այսօր ատելության մթնոլորտն այնքան է շիկացած, որ ես չեմ ցանկանում այդ ձայնագրության մյուս հատվածները հրապարակել և մեր հասարակության մեջ նոր պրոբլեմ ստղծել, կամ որոշ անձանց մեջ խնդիրներ ստեղծել։ Ես հրապարակել եմ այն հատվածը, որը վերաբերում է ինձ, չեմ հրապարակել այն հատվածները, որոնք ինձ չեն վարաբերում», - ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց․ - «Սրանք են եղել, որ մատնագրեր են գրել, սրանք են եղել, որ կեղծ, սուտ մատնագրեր են գրել, կամ, եթե նույնիսկ ոչ սուտ, բայց մատնել են մարդկանց»։

Իր հերթին, հուլիսի 4-ից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի լիազորություններից հրաժարված Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել էր, թե ինչու է նման առաջարկ արել Վարդազարյանին։ «Կուտ եմ տվել», - ասել էր Ջհանգիրյանը։

Պաշտոնից հեռացած Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության էլ չենթարկվեց՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր, որ աղմկահարույց ձայնագրությունը մոնտաժված է, ինչպես նաև բաց է թողնված վարույթի հարուցման ժամկետը։ Իր հերթին, Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է՝ պատրաստ է տալ այդ ձայնագրությունը՝ պայմանով, որ այն լսեն փակ նիստում և հետո չհրապարակեն դրա բովանդակությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG