Մատչելիության հղումներ

Սաքունցը Ջհանգիրյանի նկատմամբ վարույթ չհարուցելու որոշումն անհիմն է որակում, Բեքմեզյանը հակադարձում է


Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու ԲԴԽ անդամների որոշումը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անհիմն է համարում։

Երեկ հայտնի դարձավ, որ դատավորների անկախությունը երաշխավորող խորհուրդը որոշել է գաղնազերծված ձայնագրության առիթով Ջհանգիրյանի դեմ վարույթ չհարուցել՝ համարելով, որ այն մոնտաժված է, ինչպես նաև բաց է թողնված վարույթի հարուցման ժամկետը։

«Որոշումն ընդունած դատավորները անօրինական հովանավորչությամբ են զբաղվել»

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ԲԴԽ դատավորները ոչ թե զրույցի ձայնագրման ամսաթիվը պետք է հիմք ընդունեին, այլ դրա հրապարակման օրը։

«Երկրորդը՝ իրենք նշում են, որ մեկուկես տարի առաջ է եղել ձայնագրությունը և դրա ներկայացման համար որևէ հիմնավորում չեն ներկայացնում, ու ես չգիտեմ, թե ինչի հիման վրա են պնդում, որ սա հենց մեկուկես տարի առաջ է եղել։ Ինչո՞ւ եմ այս հարցը նշում, որովհետև, եթե իրենք առանց որևիցե հիմնավորման ընդունում են, որ մեկուկես տարի առաջ է եղել, ապա նույն մոտեցումը պետք է դրսևորվի նաև ձայնագրության փաստին, իսկ ձայնագրությունն ասում են՝ «մոնտաժված է»։ Դուք ինչի՞ հիման վրա եք պնդում, որ մոտաժված է այդքան մասը։ Ավելին՝ եթե հիմա ասում են՝ «հիմքեր չկան կարգապահական վարույթ հարուցելու», բայց նշում են, որ ձայնագրությունը մոնտաժված է, այսինքն՝ ընդունում են, որ խոսակցությունը եղել է, գոնե նամուս ունենային ուղարկեին հաղորդում հանցագործության մասին, որովհետև քրեորեն հետապնդելի արարքների մասին է խոսքը», - ասաց Սաքունցը։

Աղմկահարույց ձայնագրությունը վերջերս ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց։ Դրանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը համոզում էր Վարդազարյանին ինքնակամ թողնել պաշտոնը՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում նա քրեական հետապնդման չի ենթարկվի։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը համոզված է՝ ձայնագրության հրապարկված տարբերակում Ջհանգիրյանի ասածներն արդեն հիմք են՝ նրան պաշտոնանկ անելու համար։

Սաքունցի որակմամբ, վարույթ չհարուցելու որոշումն ընդունած դատավորները անօրինական հովանավորչությամբ են զբաղվել։ «Առանց այն էլ կասկածելի կամ ցածր մակարդակում վստահություն ունեցող ԲԴԽ-ն է՛լ ավելի թաղվեց անվստահության մեջ, և ես հիմա չեմ հասկանում, թե իրենք հիմա ոնց են աշխատելու», - ասաց իրավապաշտպանը։

«Խորհուրդն օրենքով է շարժվում»

Գրիգոր Բեքմեզյան
Գրիգոր Բեքմեզյան

Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդում այդպես չեն մտածում։ Կառույցի անդամ Գրիգոր Բեքմեզյանը պնդում է՝ որոշումը կայացնելիս իրենք օրենքով են շարժվել։

ԲԴԽ դատավորի մեկնաբանմամբ, կարգապահական վարույթ հարուցելու համար ժամկետը պետք է հաշվել ձայնագրման ամսաթվով, ոչ թե դրա հրապարակման օրով։

«Ամեն դեպքում, խորհուրդն օրենքով է շարժվում, և Դատական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ մեկ տարի ժամկետ էթիկայի վարքագծի կանոնի խախտման դեպքում պատասխանատվության համար, քանի որ Վարդազարյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է, որ դա ձայնագրվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, մենք հարցում ենք ուղարկել՝ լրացուցիչ ճշտելու համար ձայնագրման ժամկետը, չի պատասխանել, և պարոն Ջհանգիրյանը հիշում է, որ իրոք այն ժամանակ փետրվարին է եղել հանդիպումը 2021 թվականի, մենք դա բավարար ենք համարել ֆիքսելու, որ դրա ժամկետն անցել է, և ուստի, օրենքի ուժով, մենք չէինք կարող վարույթ հարուցել, մենք չենք կարող օրենք խախտել», - ասաց Բեքմեզյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG