Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի, ԲԴԽ-ն այսօր մերժեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այդ միջնորդությունը, որը ներկայացվել էր Վարդազարյանի եկամուտների հայտարարագրում անճշտություններ հայտնաբերելու հիմքով, մասնավորապես՝ բանկային քաղվածքի տվյալների համաձայն Վարդազարյանը առնվազն 3 տարի նույն գումարն է մուտքագրել։
Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընթերցեց որպես խորհրդի տարիքով ավագ անդամ նախագահի պարտականությունները ստանձնած, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը. «Այս որոշման կապակցությամբ նշեմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ի վերջո մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է խորհուրդը: Սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»:
Ոչ այս, ոչ էլ նախորդ նիստերին Ռուբեն Վարդազարյանն ի սկզբանե չի էլ մասնակցել, նշելով, որ հարցերի դեպքում դրանց կպատասխանի գրավոր, իսկ Բարձրագույն դատական խորհրդի հետ իր գործը դեռ ավարտված չէ, դատական մի նոր գործ էլ կա։ Այս անգամ Վարդազարյանն է դատական հայց ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դեմ, իրեն այդ խորհրդի նախագահի պաշտոնում չվերականգնելու համար։
2019-ին ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Մեղադրանքն առաջադրելիս հաշվի չէր առնվել նրա՝ որպես ԲԴԽ նախագահ անձեռնմխելիություն։
Քրեական հետապնդումը չի հարուցվել նրա լիազորությունների իրականացման կապակցությամբ՝ պարզաբանել էր դատախազությունը, սակայն դատական ակտում արձանագրված է, որ այդ հարցը դատախազությունը չպետք է որոշի և ցանկացած պարագայում, երբ կա վեճ՝ կապված լիազորությունների հետ, պետք է որոշում կայացնի Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը չի արվել՝ «Ազատության» հետ զրույցում ասել էր Վարդազարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Երևանի առաջին ատյանի դատարանը այս ամսվա սկզբին բավարարել էր Ռուբեն Վարդազարյանի հայցը և արձանագրել, որ խախտվել են նրա՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքներն ու օրինական շահերը և որոշմամբ պարտավորեցրել էր վերականգնել նրան այդ պաշտոնում։ Այս որոշման հիման իրեն պաշտոնին վերականգնելու համար Վարդազարյանը դիմում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն։
Համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, Վարդազարյանը վարչական դատարանից պահանջում է, որ ճանաչի իր՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը։
Գործի վերաբերյալ «Ազատությունը» փորձեց մանրամասներ ճշտել ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահի շահերի պաշտպան Արամ Օրբելյանից։
«Այս պահին մի շարք գործընթացներ են կազմակերպվում իրավունքների ամբողջական պաշտպանության համար, այս պահին դեռևս պատրաստ չենք մեկնաբանություն տալ, բայց մի քանի օրվա ընթացքում, երբ որ արդեն որոշակի զարգացումներ կլինեն կամ չեն լինի, կարող ենք արդեն ներկայացնել ավելի մանրամասն պարզաբանումներ», - ներկայացրեց Օրբելյանը:
Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։ Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված հայցի մասով մեկնաբանություններ հրաժարվեց տալ։ Համաձայն մամուլի հրապարակումների` ԲԴԽ նախագահի ու իշխանության հարաբերությունները լարվել են Վարդազարյանի հայտնի կոչի պատճառով։ Անցած նոյեմբերին, երբ դատարանները քննում էին իշխանության յուրացման և վարչապետի սպանությունը նախապատրաստվելու համար մեղադրվող մի շարք ընդդիմադիրների կալանավորման հարցերը, Վարդազարյանը, կիրառելով Նիկոլ Փաշինյանի հեղինակային արտահայտությունը, կոչով դիմել էր դատավորներին՝ ասելով. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Այս կոչից հետո դատարանները ձերբակալումից ազատ էին արձակել մի շարք գործիչների։