Բարձրագույն դատական խորհրդը (ԲԴԽ) ձևավորել է հանձնախումբ, որը կուսումնասիրի՝ արդյոք ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության գործով խախտե՞լ է բարեվարքության կանոնը, թե՞՝ ոչ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազարույցում ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Խաչատուրյանը նաև տեղեկացրեց, որ խնդրել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին իրենց փոխանցել ձայնագրության չմոնտաժված տարբերակը՝ հարցազրույցի մասնակիցների արտահայտություններին ամբողջական գնահատական տալու համար։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակեց իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Վարդազարյանի լիազորությունները որպես ԲԴԽ ղեկավար, ինչպես նաև դատավոր կասեցվել էին դեռ նախորդ տարվա ապրիլին, արդարադատության իրականացմանը միջամտելու վերաբերյալ նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքով։
Սկանդալայնին ձայնագրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում նշվող հանգամանքները պարզելու նպատակով։ Հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից մեկ շաբաթ անց էլ հարուցված քրեական գործ չկա, և չնայած ընդդիմադիրների ու քաղհասարակության ներկայացուցիչների պահանջին, Ջհանգիրյանը հրաժարական չի տվել։