Նրանք 90-ականներից պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Ջհանգիրյանին նրա թանկարժեք տներից մինչև դատավորներին ուղիղ հրահանգներ իջեցնելու մասին հարցեր ուղղեցին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեց Հաղթանակի զբոսայգու մոտ գտնվող Ջհանգիրյանի առանձնատան մասին, որը ժամանակին ինքը Ջհանգիրյանը գոմ էր անվանել. - «Եվ ի դեպ, ձեր նշած այդ գոմում հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված»։
Ջհանգիրյանը ներողություն խնդրեց Իրաքի դեսպանատնից նրանց վարձակալությամբ «գոմ» տրամադրելու համար։ Մանրամասնեց, թե այսպես կոչված գոմը իրենը չէ, տղային է։ Ապա ներկայացրեց, թե ինչ միջոցներով է դա կառուցել։ Վաճառել է Դավթաշենի իր 4 սենյականոց բնակարանը և Ազգային ժողովի շենքի հարևանությամբ 1989-ին կառուցել եռահարկ շենք։ 2003-ին դա էլ է վաճառել ու կառուցել նոր առանձնատունը. - «Էդ իմ տունը շատ համեստ տուն է էդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք էդպիսի վատ պայմաններում են բնակվում»։
«Սա բացարձակապես գոմ չէ, սա հսկայական առանձնատուն է», - հակադարձեց Մանուկյանը։
Այսքանով դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի ղեկավարի ունեցվածքի հարցը չփակվեց։ Պարզվեց, որ նրա որդին Կասկադում 600 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Ջհանգիրյանի՝ ԲԴԽ -ում նախագահի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում։
Ջհանգիրյանը սլաքները ուղղեց իր խնամի, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ուղղությամբ. - «Էդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և ուրեմն էդ փողերն էլ կամ իրենց են տվել կամ չեն տվել։ Ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»։
Պատգամավորների մյուս խումբ հարցերը վերաբերում էին դատավորներին Ջհանգրյանի իջեցրած հրահանգներին ու մյուս ճնշումների մասին խոսակցություններին։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին անձամբ կալանավորված պատմագավոր Արմեն Չարչյանն է փոխանցել, որ իրեն հետապնդում են հենց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հրահանգով. - «Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն, և բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել»։
«Երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ տարին երեք ամիս հանիրավի անցկացրել եմ բանտում։ Ինչպես ես կարող եմ ճնշել դատավորների վրա, որպեսզի ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»։
Մինչ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ որևէ լծակ չունի էլ միջամտելու համար, պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ հենց Ջհանգիրյանի պաշտովարման ընթացքում է հանվել էլեկտրոնային մակագրման համակարգը. - «Մարդիկ ձեռով մակագրում են»։
«Ձեռով չի, ձեռքով ա», - ուղղեց Ջհանգիրյանը՝ շարունակելով. - «Համակարգը առգրավվել է քրեական գործի շրջանակներում»։
«Տոտալ Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում։ Ես չգիտեմ, դա պայմանավորված է նրանով, որ ձեռով թե ձեռքով ա մակագրումը գնում, բայց դա է պատկերը, պարոն Ջհանգիրյան», - նշեց Վարդևանյանը։
Ջհանգիրյանն արձագանքեց. - «Մնացական Մարտիրոսյանը իմ հարազատ եղբորն էլ ա դատապարտել։ Էնպես որ, դուք էդքան դժգոհ չեք կարող լինել էդ ընկերոջից, ինչքան ես»։
Դեռ 2000-ականներից քաղաքական հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով վճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի անունը մեկ անգամ չէ որ այսօրվա նիստին հնչեց։
Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը կոնկրետ օրինակով ցույց տվեց, որ ձեռքով մակագրման պարագայում շրջացվել է այբենական կարգն ու գործ մակագրվել Մնացական Մարտիրոսյանին, իսկ տեղի ունեցածը դատական համակարգը որակել է որպես տեխնիկական վրիպակ։
«Նման մակագրումով մակագրված դատավորը չի կարող պահպանել անաչառություն, մանավանդ՝ հաշվի առնելով նշված դատավորի հետագիծը։ Հարց եմ ուզում տալ՝ էն ժամանակ Մնացական Մարտիրոսյանը լա՞վն էր, հիմա վա՞տն ա»։
Նրան հակադարձեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը. - «Այսինքն՝ դուք հանդուժել եք էդքան տարիներ Մնացական Մարտիրոսյան դատավորին և հիմա զարմանում եք, թե մենք ոնց ենք շարունակում հանդուրժե՞լ»։
Քիչ չէին հարցերը նաև քաղաքական վերնախավի հետ Ջհանգիրյանի ունեցած կապերի մասին։ Պատգամավոր Խամոյանը հիշեց 2015 թվականը, երբ Ջհանգիրյանը և գործող վարչապետ Փաշինյանը ՀԱԿ խմբակցության պատգամավորներ էին, և երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբրեյալ Փաշինյանի բերած նախագիծը Ջհանգիրյանը անգրագիտություն էր որակել։
«Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ ձեր և Նիկոլ Փաշինյանի մեջ։ Ի վերջո, ո՞վ էր ճիշտ», - հարցրեց Ագնեսա Խամոյանը։
«Նիկոլ Փաշինյանը իրավաբան չէր։ Ով էր գրել տվել էդ որոշումը, էդ ուրիշ խնդիր է», - արձագանքեց Ջհանգիրյանը։
Ինչ վերաբերում է դատավորի թեկնածուներին, ընդդիմադիր պատգամավորները նրանց 3 -ին նույն հարցը տվեցին՝ ինչպե՞ս կգնահատեք 2019 մայիսի 20 -ին վարչապետ Փաշինյանի ՝ դատարանները շրջափակելու կոչը։
«Այդ գործընթացը իրականում քաղաքական գործընթաց է, քաղաքական հայտարարություն է եղել, որոնց մենք, ցավոք սրտի չենք կարող արձագանքել, քանի որ կաշկանդված ենք դատավորի վարքագծի կանոններով», - ասաց թեկնածուներից Հովսեփ Բեդևյանը։
Քննարկումը այսօր ավարտվեց։ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր։ Բեդևյանը 80 կողմ ձայն էր ստացել։