Մատչելիության հղումներ

«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան


«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյան. - Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այնտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան: Իմիջիայլոց, ոչ թե բուն այդ տեքստերը կամ որևէ բառ է այնտեղ, այլ ընդհանուր մթնոլորտի հետ կապված բոլոր մեր մտահոգությունները ինչ-որ իմաստով նաև արտացոլված էին որոշ զրույցների մեջ:

«Ազատություն». - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Դուք, վարչապետը առնվազն այսքանը, ինչ-որ հիմա ասում եք, հենց ձայնագրությունը հրապարակելուց հետո պիտի մարդկանց ասեիք, այդ մեսիջը տեղ հասցնեինք, և ոչ թե սպասել, որ օրինակ՝ նա ուղիղ եթերում ասի՝ «ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել, օրինական է», և միայն առողջական խնդիրները պատճառ բերելով հեռանա:

Կարեն Անդրեասյան. - Ձեր հարցի մեջ մի կտոր կա, որ արդար չի, վարչապետն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է և շատ հստակ գնահատական է տվել, ասելով, որ՝ այո, այդ ձայնագրությունը, ընդհանրապես նման խոսակցությունները, նման երևույթները նսեմացնում են դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը: Սա, կարծում եմ, շատ լուրջ գնահատական է, որից հետո նաև առողջական պատճառներով, նաև այլ հանգամանքներով մենք տեսանք որոշակի զարգացումներ, որոնք չեմ կարող ասել, որ լիովին բավարարում են և՛ մեզ, և՛ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք, որ կա որոշակի առողջացման գործընթաց: Ձայնագրությունից օրեր անց, այլ հիմքերով, բայց դադարեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, պարոն Վարդազարյանի, դրանից էլ օրեր անց հրաժարականի դիմում եղավ, և այսօր արդեն բարձրագույն այդ կարևորագույն մարմնի 10 աթոռներից 3-ը թափուր են, և ես հուսով եմ, որ նոր համալրումները կբերեն նոր որակ բարձրագույն դատական խորհրդում և ամբողջ դատական համակարգում:

«Ազատություն». - Բայց այդպիսի հույսեր կային նաև Ջհանգիրյանին ընտրելիս, նա, այնուամենայնիվ, այս իշխանության կադրն է:

Կարեն Անդրեասյան. - Ճիշտ եք ասում, և հույսը վերջում է մեռնում, կարելի է փորձել, կարելի է չարչարվել, նորից գտնել, նորից հրավիրել: Իմիջիայլոց, այն պահանջները, որոնք դրված են Բարդագույն դատական խորհրդի անդամների առջև, բավական լուրջ պահանջներ են: Այսինքն՝ 15 տարվա մեծ փորձ, գիտությունների աստիճան և այլն: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կարող լինել ուղղակի շատ հարգված քաղաքացիներ, որոնց մենք վստահենք ու կհրավիրենք, պետք է նաև մասնագիտական որակներ ունենան: Եվ, այո, ինչ-որ իմաստով բոլոր կադրային նշանակումները չեն, որ տալիս են այն արդյունքները, որը սպասում է մեր իշխանությունը:

«Ազատություն». - Նա ինքնուրո՞ւյն էր որոշել ազատվել Վարդազարյանից, անընդհատ վերևներին է վկայակոչում ձայնագրությունում:

Կարեն Անդրեասյան. - Ես պարոն Ջհանգիրյանի անձնական մտքերն ու գործողությունները չմեկնաբանեմ, բայց երբ նայում ես իր հրապարակային ելույթները, ակնհայտ է դառնում, որ դա իր անձնական ճիտին պարտքն է պատկերացրել, իր անձնական գործողություններն են: Բնականաբար, եթե որևէ մեկս մաս կազմեինք այս գործընթացներում՝ իրենց զրույցների և այլն, հիմա վաղուց արդեն հրապարակվել էին դրանք:

«Ազատություն». - Պաշտոնը ստանձնելուց շատ չանցած, Դուք ասում էիք, որ դատական համակարգում 30-40 կոռումպացված դատավոր է ծվարած, 1-2 տարում նրանցից ազատվելը կնշանակի վեթինգ, եթե իմ փոխարեն իրավապաշտպան նստած լիներ, կասեր, որ ձախողել եք:

Կարեն Անդրեասյան. - Ես իրենց հետ համաձայն կլինեի մասնակի, որովհետև չենք ձախողել ամբողջը: Նախ՝ երկու տարին չի անցել, դեռ ժամանակ կա, իմ ասած ժամկետներից անցել է 9 ամիս, ես ամեն օր հաշվում եմ այդ ամիսները, որովհետև ինքս էլ հասկանում եմ, որ ժամացույցը խփում է, և իմ որպես նաև պաշտոնյայի կատարած աշխատանքը ես էլ եմ գնահատում բացի իմ ղեկավարությունից և իհարկե, հանրությունից: Միևնույն ժամանակ ամեն անգամ, երբ ինքս ինձ փորձում եմ արդարացնել ինչ-ինչ ուշացումների համար, տվյալ դեպքում չասեմ՝ թերացման համար, ես ասում եմ՝ արդյոք մենք որպես գործադիր, մենք որպես կառավարություն, ես որպես նախարար արել ենք առավելագույնը եղած հնարավորությունների մեջ: Եվ ես հանգիստ խղճով եմ սա ասում, որ՝ այո, այն, որ այդ ծվարածները նաև գիտեն, որ մենք ուշի-ուշով հետևում ենք իրենց վճիռներին, ամեն բողոքին, որ գնտնենք ու բերենք բոլորին, ոչ թե ծվարածների, ոչ թե թիրախավորվածների, այլ բոլորի խախտումները, զգաստացրել է:

XS
SM
MD
LG