Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները


Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր որոշեց դադարեցնել խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել», - հայտարարեց Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան

Վարդազարյանի լիազորությունները որպես ԲԴԽ ղեկավար, ինչպես նաև դատավոր կասեցվել էին դեռ նախորդ տարվա ապրիլին, արդարադատության իրականացմանը միջամտելու վերաբերյալ նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքով։ Դրանից հետո տարիքով ավագը լինելու պատճառով ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար դարձավ Գագիկ Ջհանգիրյանը։ Հենց նրա ղեկավարման ժամանակ էլ ԲԴԽ-ում Վարդազարյանի դեմ հարուցվեց կարգապահական վարույթ հարցազրույցներից մեկի հիման վրա։

Դրանում Վարդազարյանը կարծիք էր հայտնել, թե ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող ընտրվել կառույցի անդամ՝ տարիքային սահմանափակման պատճառով։

Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ այսօր հրապարակված որոշման հետ կապված հատուկ կարծիք են հայտնել ԲԴԽ տասը անդամներից 3-ը։ Նրանցից մեկը՝ Անի Մխիթարյանը նաև դեմ է քվեարկել որոշմանը։

Գագիկ Ջհանգիրյանը որոշման հրապարակման վերջում շեշտեց հանգամանքը, որ այն կայացվել Է դեռ հունիսի 16-ին և պարզապես հրապարկվում է այսօր. - «Ասեմ, որ այս որոշումն ընդունվել է հունիսի 16-ին»:

Ինչպես հայտնի է՝ Վարդազարյանը ավելի ուշ՝ հունիսի 20-ին էր հրապարակել իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի սկանդալային ձայնագրությունը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Այսօրվա նիստին Վարդազարյանը ներկա չէր։ Նրա փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իր վստահորդը հրավիրվել է Քննչական կոմիտե իր հրապարակած ձայնագրության վերաբերյալ բացատրություն տալու։

Հովհաննես Խուդոյան
Հովհաննես Խուդոյան

Փաստաբանները և ինքը՝ Վարդազարյանն այսօր հրաժարվեցին հարցազրույցից, ավելի վաղ հայտարարել էին, որ այս ողջ գործընթացը քաղաքական հետապնդում է։

Վարդազարյանի հրապարակած Սկանդալային ձայնագրությունից 4 օր անց էլ հարուցված քրեական գործ չկա, իսկ ձայնագրության մասնակիցներից Գագիկ Ջհանգիրյանը մինչև հիմա հրաժարական չի ներկայացրել։ Լրագրողների հարցերին պատասխանել ևս ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խուսափում է, միայն փոխանցեց, որ այսօր երեկոյան հարցազրույց կտա այս թեմայով։

XS
SM
MD
LG