Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում


Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս, մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայնագրությունը ու ստացել պարզաբանումներ։

«Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։

Գրիգոր Բեքմեզյան
Գրիգոր Բեքմեզյան

Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։

«Ես չեմ կարա էդ կանգնեցնեմ, որովհետև իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից են տալու, էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու», - ձայնագրությունում ասում է Ջհանգիրյանը։

Ռուբեն Վարդազարյան
Ռուբեն Վարդազարյան

Ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի առնվազ երկու հոդվածով, համոզված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով երեկ դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Բացարձակապես անընդունելի է, որպեսզի նման արարքներ կամ նման խոստովանություն կատարող անձը, դա դե ֆակտո խոստովանություն էր, շարունակի պաշտոնավարել Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնում», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

Իոաննիսյանի հաղորդումը դատախազությունն ուսումնասիրում է, իսկ բուն ձայնագրությունը երեկ ուղարկվել է Քննչական կոմիտե։ Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցումը հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես փոխանցեց ԲԴԽ անդամ Բեքմեզյանը, նման հարց չի քննարկվում։

«Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, էս պահին, այն, ինչ որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերացում կազմելու համար, իհարկե, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։

Ջհանգիրյանը 2021-ին՝ այս զրույցից մեկ ամիս առաջ էր ընտրվել ԲԴԽ անդամ և որպես խորհրդում ամենատարեցը՝ դարձել նախագահի պաշտոնակատար ապրիլի 15-ին՝ հենց նույն օրը, երբ քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին։

Ձայնագրության հրապարակումից հետո մամուլը գրեց, թե Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով խորհրդակցական սենյակում գտնվող ԲԴԽ-ը որոշել է ընդհանրապես դադարեցնել նրա լիազորությունները։ ԲԴԽ անդամն ասաց՝ որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. - «Երբ որ մենք խորհրդակցական սենյակից դուրս գանք պարոն Ջհանգիրյանը կտա հարցազրույց, և դուք այնտեղ շատ պարզաբանումներ կտեսնեք: Հիմա ես ոչինչ ավելի չեմ կարող ասել»

Մեկուկես տարի առաջ 86 ձայնով Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրած իշխանական խմբակցության պատգամավորները այսօր խուսափում էին որևէ կերպ մեկնաբանել սկանդալային ձայնագրությունը։ Միայն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է հայտարարել, թե հարցը իրավական հարթությունում է:

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

«Երբ որ հայտարարություն, հրապարակում կլինի ձայնագրության վերաբերյալ, նաև դրա բովանդակության ճշմարտացիության, իսկության և ամբողջականության վերաբերյալ, նոր հնարավոր կլինի ինչ-որ գնահատականներ տալ», - նշեց Հովհաննիսյանը:

Ինքը՝ 67-ամյա Ջհանգիրյանը, ըստ էության, հաստատել է ձայնագրության իսկությունը։ Երեկ խորհուրդը հայտարարեց, թե «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չեն մեկնաբանում և ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Ջհանգիրյանի իմացության»:

Գաղտնի ձայնագրված զրույցին ենթադրաբար ներկա է նաև ԲԴԽ մեկ այլ անդամ՝ 2020 -ին ընտրված Ստեփան Միքայելյանը։ Զրույցի ընթացքում Ջհագիրյանը նաև քաղաքական շեշտադրումներ է անում։

«Չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման.... հազիվ էդ կլանից պրծել ենք, ու եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ Ղազինյան Արթուրն ա գալու, կգնամ կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակ ու.... Սերժն էլ չի գալու, իմացի», - լսում ենք ձայնագրությունում:

Ձայնագրության հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը հայտարարեց, թե դրանով կասկածի տակ է դրվում 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծում է՝ Ջհանգիրյանը հետագա պաշտոնավարումը անթույլատրելի է:

Ռուբեն Վարդազարյանի և իշխանականների հարաբերությունները լարվեցին 44-օրյա պատերազմից հետո։ Երբ 2020 թվականի նոյեմբերին դատարանները քննում էին ընդդիմադիր մի շարք գործիչների կալանավորման հարցը, Վարդազարյանը գործածելով վարչապետի Փաշինյանի բառերը, դիմեց դատավորներին, ասելով , թե՝ «այսօր է տրվելու չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

ԲԴԽ նախագահի այս կոչից հետո դատավորները ձերբակալությունից ազատ էին արձակել քրեական գործերով անցնող մի շարք ընդդիմադիրների, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

XS
SM
MD
LG