«Առավոտ»–ի խմբագիրը հարցնում է. – «Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի։ Այդ հարցը վերջերս շատ է հնչում։ Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են։ Արտագաղթի տեմպի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ–որ մի պահի կօգտվի հակառակորդը։ Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույն իսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում–փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները։ Դա նշանակում է քաոս, եւ մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի։ Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախեւառաջ իշխանությանն է։ Ինքնապահպանման պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր–ինչ թուլացնելու եւ պետությունը փոքր–ինչ ուժեղացնելու ուղղությամբ»։