Մատչելիության հղումներ

Մայիսի 10-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց 2012-2013թթ. ընտրաշրջանը եւ մինչեւ 2017 թվականը երկիրը թեւակոխեց քաղաքական զարգացումների մի նոր շրջափուլ, որում պահպանվելու են ինչպես նախորդ տարիներից մնացած հիմնահարցերը, այնպես էլ լուծման պարտավորությունն ունեցող քաղաքական ուժերի ընդհանուր հարաբերակցությունը։ Անշուշտ, այս անգամ հետընտրական քաղաքական լուրջ ցնցումներ չեղան, բայց սա չի նշանակում, թե դրանք բացառվում են առաջիկա տարիների ընթացքում, որոնց հատկանշական է լինելու նաեւ բարդ ու անկանխատեսելի արտաքին քաղաքական կացությունը։ Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը երկար ժամանակ չունի երկրում գոյություն ունեցող պրոբլեմների հիմնավոր լուծումները գտնելու համար, քանզի երկրի տնտեսական կացությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրանցով պայմանավորված արտագաղթի բարձր տեմպերը լուրջ անհանգստության տեղիք են տալիս»։

«Իրավունք»-ը յուրովի է ամփոփում ընտրությունները. - «Երեւանի ավագանու ընտրություններից հետո շատերի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով, երեւանցու ասած՝ «մանթրաժով»։ Ու դրանով թերեւս կարելի է բացատրել, որ որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ հրապարակավ արտահայտում են լրիվ իմաստազուրկ բաներ եւ կատարում ոչ պակաս իմաստազուրկ քայլեր։ ՀԱԿ-ի խոսակցությունը «գողերի ու ավազակների դեմ» պայքարի մասին. կոալիցիայի հետ՝ շատերի քմծիծաղն առաջացնող ու շատերի կողմից կրկեսային ներկայացման հետ համեմատվող «երկխոսություն» ու թունդ ԲՀԿ-ասիրական «քաղաքագիտական վերլուծությունից» ի վեր էլ ի՞նչ «պայքար», «ավազակապետության» դեմ... Համ էլ ՀԱԿ-իստների կրկնակի չափանիշները աչքի զարնեցին հենց քվեարկության օրը, այսպես կոչված, «թաղային խուժանը», եթե որեւէ դրվագով աշխատում էր ԲՀԿ-ի օգտին, ապա դա «թաղային խուժան» չէր, իսկ եթե՝ ոչ, ապա անպայման «ավազակապետության հիմնական հենարան»։ Մյուս «քաշվածները»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը առանձնապես ավելի լավ վիճակում չեն, քան ՀՀՇ-ականները։ «Բարեւականների» առաջնորդը եզակի տաղանդ դրսեւորեց՝ 2 ամսում գրեթե 30 տոկոս։ Եվ այդ կորցնելը եղավ նույնիսկ ավելի սրընթաց, քան եթե գոյություն ունենար նախօրոք մշակված՝ սեփական ձայները կորցնելու ծրագիր։ Իսկ ԲՀԿ–ի ամբողջ դրամատիզմն այն է, որ հեղափոխականությունից հեռու ԲՀԿ մեծամասնությունն էլ միաժամանակ չի կարող ամբողջովին անտեսել Ռոբերտ Քոչարյանին կամ սահմանազատվել նրանից վերջնականապես։ Կառավարության կազմի նշանակման ժամանակ ԲՀԿ-ից սպորտի ոլորտը վերցնելը նույնպես նախանշում է, որ վերադարձ կոալիցիա գործնականում անհնար է, իսկ ընդդիմադիր գործունեությամբ կարող է զբաղվել միայն Օսկանյանի թիմը, բայց ոչ երբեք՝ ԲՀԿ-ի մեծամասնությունը»։

«Առավոտ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասում է. - «Ոչ միայն մեզանում, ամենուր ընդդիմությունը նույն խնդիրն է լուծում՝ քննադատել իշխանություններին իրենց բացթողումների համար։ Ի՞նչ պետք է անի հայաստանյան ընդդիմությունը, որ չի անում։ Այդ իշխանություններն են ձայներ գնում, մարդկանց քաղաքական կողմնորոշումների պատճառով աշխատանքից ազատում, զրկում բիզնեսից, հալածում ու բանտ տանում։ Իշխանությունը եւ ընդդիմությունը նույն հարթության վրա դիտարկելը արդարացի չեմ համարում։ Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված շատ ասելիք չկա։ Այս ընտրություն կոչվող խաղում քաղաքականությունը պարտվել է փողին։ Կարող ենք արձանագրել՝ ձայների գնման ամոթալի երեւույթը վերջնականապես արմատավորվեց մեզանում։ Այսուհետ այսպես է լինելու, եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են գալիք ընտրություններին, պետք է սա հաշվի առնեն»։

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Եթե բոլորը՝ մեծից փոքր դժգոհ են, ապա ո՞վ է այս համատարած դժգոհության պատճառները ծնողը, ինչո՞ւ չենք փորձում վերացնել դրա պատճառները: Երբ տարեց մարդիկ, Հայրենական պատերազմի վետերանները կարոտով ու երանությամբ են հիշում սովետական տարիները, մեզ դա զարմանք է պատճառում. ինչպե՞ս կարելի է երազել մի երկիր, որտեղ 37 թիվ է եղել, որտեղ մարդկային միլիոնանոց զոհերը նորմալ են դիտվել, որը փակ էր, ազատությունից զուրկ, որտեղից որեւէ երկիր գնալու համար մի տասնյակ ատյաններով պետք է անցնեիր, եւ ազգուտակիդ կենսագրությունը պետք է շատ մաքուր լիներ: Ինչպե՞ս կարելի է ցանկանալ, որ վերադառնան այն ժամանակները, երբ մարդու ողջ կենսագիծը հայտնի էր դեռ օրորոցում, եւ նրա համար նախանշված ուղուց շեղվելու, իր ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու համար առնվազն պետք է հրաշք լիներ:»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG