Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Ֆիասկո. այս մեկ բառն առավել ամբողջական բնորոշումն է այն վիճակի, որի մեջ հայտնվել, ավելի ճիշտ՝ ինքն իրեն դրել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Եվ նրա երեկվա սակավամարդ հանրահավաքն ընդամենը այդ ֆիասկոյի դաժան արձանագրումն էր։ Կարելի է, իհարկե, ասել, որ երեկվա անձրեւային եղանակն էր հանրահավաքի սակավամարդ լինելու պատճառը։ Բայց մենք տեսել ենք, որ ձնախառը պայմաններում, օրինակ, Գյումրիում, նույն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հետընտրական հանդիպմանը, մոտ մեկուկես ամիս առաջ շատ ավելի մարդ է եկել, քան, օրինակ, երեկ հավաքվել էին Թատերական հրապարակում։ Իրականությունն այն է, որ ապրիլի 9-ով ամփոփված Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործունեությունը կամ «բարեւոլյուշիոնը» հենց իր առաջնորդի ոչ միայն սխալ, այլեւ անհիմն ու անկազմակերպ, անգամ հակաքաղաքական քայլերի հետեւանքով դղրդյունով տապալվեց։ Դրանից հետո միայն անհույս ռոմանտիկը կարող էր կարծել, թե երեկվա հանրահավաքին ներկա կլինեն ապրիլի 9-ին այստեղ հավաքված մարդկանց գոնե 1/6 մասը։ Թեպետ, մյուս կողմից, որոշ ակնկալիքներ կարող էին լինել, պայմանավորված այն հանգամանքով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը հայտարարել էր, թե ապրիլի 12-ի հանրահավաքում ծրագրային ելույթով է հանդես գալու»։

Բացարձակ հակադիր կարծիք ունի «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը: Նա գրում է. - «Երեկ զարմանալի բան տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ թվում էր, թե նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ՀՀ քաղաքացիները պետք է որ ընկճված լինեին, հետընտրական հավաքների թեման էլ` փակված, նրանք հերթական անգամ ապացուցեցին, որ ավելի քան ամուր են հաստատվել Երեւանի Ազատության հրապարակում»: «Հրապարակը անհավանական լիքն էր, եւ լիքն էր ոչ թե «կոտրված», հիասթափված եւ հուսալքված մարդկանցով, այլ էլ ավելի վճռական, էլ ավելի խրոխտ կեցվածքով, էներգիայով լի մարդկանցով, որոնք իսկապես զարմանալի էներգետիկա էին հաղորդել ամբողջ հանրահավաքին: Այս տեսարանը ապշեցրել էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցներին, որոնք կարծես սեփական աչքերին չէին հավատում», - գրում է թերթի խմբագիրը:

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մայիսի 5-ին մենք ստիպված ենք լինելու կատարել մեր ընտրությունը: Ի՞նչ չափանիշներով պետք է առաջնորդվի ընտրողն այս պարագայում, երբ երկրում այսպիսի խառնաշփոթ է: Երբ մեկն ասում է, որ սրանք քաղաքական ընտրություններ են, մյուսը պնդում է, որ մենք ընդամենը տնտեսվար ենք ընտրում: Մեկը պնդում է, որ սրանով պետք է վերջ տալ Հանրապետականի մոնոպոլիային, մյուսը խոստանում է լուծել մայրաքաղաքի բազում խնդիրները: Մեկն ասում է` ընտրեք ցուցակի առաջին դեմքին, մյուսը վստահեցնում է, որ իրենք թիմով են գալու իշխանության: Եվ գլխավոր հարցը` արդյո՞ք սա համապետական միջոցառում է, որը կարող է նպաստել երկրում իշխանափոխությանը, թե՞ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի իշխանության մնալ-չմնալու հարցի հետ»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 12-ի հանրահավաքում բացահայտորեն մեղադրանքներ էր ներկայացնում ընդդիմադիր այլ ուժերի հասցեին, մասնավորապես` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ակնարկներ արեց Անդրիաս Ղուկասյանի ու այլ գործիչների հասցեին, որոնք ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպես ասած, անվստահություն էին ներկայացրել: Հովհաննիսյանի այս մեղադրանքները հետաքրքրական էին ոչ միայն նրանով, որ նա հետընտրական շրջանում փաստացի առաջին անգամ անցավ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող այլ ուժերի քննադատության: Նաեւ հատկանշական է, որ նա այդ բանն անում է Մոսկվա այցելելուց հետո: [...] Բանն այն է, որ երբ նա [Հովհաննիսյանը] նախագահական ընտրությանը հավաքեց 37 տոկոս, անակնկալի բերեց թե՛ ՀԱԿ-ին եւ թե՛ առավել եւս ԲՀԿ-ին, որը մինչեւ այդ ինքն էր համարվում կես միլիոնանոց կամ 36 տոկոսանոց քաղաքական ուժ` խորհրդարանական ընտրության արդյունքներով: Պատահական չէ, որ դրանից հետո ԲՀԿ-ն էապես ակտիվացավ եւ հայտարարեց Երեւանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այսօր պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերցնում է իրեն նետված ձեռնոցը, թեեւ մինչ այդ, գուցե եւ հերթապահ քայլով, այնուհանդերձ փորձում էր համագործակցության ձեւաչափեր գտնել նույն ԲՀԿ-ի հետ: [...] Եվ ուրեմն` պարզ է, որ ավագանու ընտրություններում բացվել է, այսպես ասած, «երկրորդ ճակատ», ինչն, իհարկե, կհեշտացնի ՀՀԿ-ի թեկնածուի գործը»: «Այնպես որ, զարմանալի չէ, որ ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ կուրծք պատռող քաղաքական ուժն [ԲՀԿ-ն] իրականում արեց ամեն ինչ, որ ավագանու ընտրությունները վերածի ընդամենը ընդդիմության մենաշնորհի համար պայքարի», - նշում է վերլուծաբանը:

«168 ժամ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: Օսկանյանը քննադատում է իշխանություններին, նրանց մեղադրում ընտրակեղծարարության մեջ, իսկ Արսենյանը` ընդհակառակը, խոսում է ՀՀԿ-ականների հետ ունեցած անձնական մտերմության եւ Երեւանը բարեկարգելու հարցում նրանց հետո ունեցած ընդհանուր ծրագրերի մասին: Հենց այս հակադրությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ Արսենյանը եւ Օսկանյանը գերադասում են միաժամանակ չմասնակցել նախընտրական հանդիպումներին, քանի որ հակադրությունն ավելի տեսանելի ու անհասկանալի կլինի: Բայց նման մոտեցումը կարող է իր պատճառներն ունենալ. Օսկանյանը փորձում է պահպանել իր քաղաքական դեմքը` հանդես գալով որպես ընդդիմադիր գործիչ, իսկ Արսենյանը փորձում է ցույց տալ, որ քաղաքապետի թեկնածուն ինքն է, եւ պատրաստ է աշխատել ՀՀԿ-ականների հետ, եթե քաղաքապետ ընտրվելու հնարավորություն ստանա: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG