Մատչելիության հղումներ

Ապրիլի 23-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Պատկերացնո՞ւմ եք ինչքան ավելի հեշտ կլիներ ընտրություն կատարելը, եթե մենք՝ երեւանցիներս, մայիսի 5-ին ուղիղ ընտրություն կատարեինք քաղաքապետի թեկնածուների միջեւ, այլ ոչ թե կուսակցական ցուցակների: Իմանայինք, որ մեր ընտրությունից է կախված, թե ով կլինի քաղաքապետը: Անհատական, կոնկրետ ու հստակ ընտրություն: Այդ դեպքում մեզ առաջադրված կուսակցական յոթ ցուցակները որոշակիություն կստանային, եւ պայքարն էլ կգնար 7 անձի միջեւ: Կասեք՝ ո՞վ է խանգարում, որ ընտրողը կողմնորոշվի ցուցակների առաջին համարների միջեւ: Ոչ, դա չի կարող լինել մի պարզ պատճառով՝ մենք չգիտենք, թե ընտրություն կատարելուց հետո իսկապե՞ս առաջին համարն է նստելու այդ աթոռին, թե՞ 10-րդը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններում մարտի է նետել ՀՀԿ երիտասարդությանը ոչ միայն մրցակից ուժերին ցույց տալու համար, որ կարող է նրանց հաղթել նաեւ այդպես: Անշուշտ, այն, ինչ անում են մրցակիցները, հնարավորություն տալիս է հաղթելու նույնիսկ պատանիներով, բայց խնդիրը այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը նաեւ ՀՀԿ-ականներին է ինչ-որ բան ցույց տալիս կամ ավելի ճիշտ՝ փորձարկում երիտասարդներին եւ պատրաստում ներկուսակցական փոփոխություններ: Երեւանի ավագանին Սերժ Սարգսյանի համար երիտասարդ ՀՀԿ-ականների պոտենցիալը փորձարկելու առիթ է՝ հասկանալու համար, թե ինչի են ունակ այդ երիտասարդները, եւ կարո՞ղ է արդյոք ինքը հենվել նրանց վրա 2017-18 թվականներին ընդառաջ, երբ հարկ կլինի ազատվել ՀՀԿ-ի բազում օդիոզ դեմքերից»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը որպես շարքային ընտրող այցելել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբերից մեկը, որտեղ շտաբի ներկայացուցչից փորձել է ճշտել, թե որքան ընտրակաշառք կարող է ակնկալել իր ընտանիքի անդամների տվյալները տրամադրելու դիմաց: Այս առիթով թերթը զրուցել է ԲՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Օսկանյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը բանակցում են ընտրությունների վերահսկման նպատակով միասնական շտաբ ստեղծելու շուրջ: Այդ շրջանակներում քննարկվե՞լ է, թե ինչ է արվելու, եթե ԲՀԿ-ն էլ ընտրակաշառք բաժանի»: Պատասխան. - «Չի կարող պարզվել, որ ԲՀԿ-ն բաժանում է ընտրակաշառք: Եթե ինչ-որ մարդիկ կարող է հանկարծ բաժանեն ընտրակաշառք, իրենք պիտի պատժվեն օրենքով սահմանված կարգով: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը հանցագործությանը դրդելու վերաբերյալ, եւ եթե մեկ անգամ եւս ձեր լրագրողը ինչ-որ քաղաքացու հետ զրուցի, մանավանդ նման զրույցի` անորոշ եզրակացություններով, մոտավոր եզրույթներով ու ձեւակերպումներով, այդ զրույցը չի կարող ունենալ իրավական հետեւանքներ, բայց կոնկրետ գործողությունը` կարող է: Եթե որեւէ մի անգամ մարդուն դրդեք հանցագործության, հավասարաչափ պատասխանատվություն եք կրելու: Դրա մասին, խնդրում եմ, հիշեք»:

«Իրատես de facto»-ն զրուցել է ՀՀՇ-ի վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս է պատրաստվում Տեր-Պետրոսյանը համակարգը փոխելու, եթե այդ համակարգի «ծնունդ» Գագիկ Ծառուկյանի հետ է համագործակցում: Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո Ծառուկյանը դառնալու է ազնիվ, մաքուր «բուրժուա՞»: Պատասխան. - «Ծառուկյանն ինձ համար չափորոշիչ չէ, թեկուզ նրա դերը շատ է ուռճացվում քաղաքական հարցերում: Նա ազնիվ գործարար է, թե ոչ, մեր քննարկելու խնդիրը չէ, դրա համար կան համապատասխան մարմիններ: Իսկ ընդհանրապես, ինչո՞ւ եք բացառում, որ մարդը, մասնակից ու վկա լինելով վարչախմբի անօրինական խաղին, մի օր կարող է հրաժարվել այդ խաղի հանցավոր եւ անարդար կանոններից եւ ձգտել օրինավոր կյանքով ապրելու, մանավանդ, երբ արդեն կուտակել է մեծ ունեցվածք, որի ապագան ապահովագրելու միակ միջոցը, թեկուզ որոշ զոհողություններով, մնում է միայն օրինականության դաշտ մտնելը: Մյուս կողմից` նա չի կարող չտեսնել եւ չհասկանալ, որ տվյալ իրականության մեջ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը բխում է նաեւ խոշոր գործարարների շահերից, փրկում է նրանց ունեցվածքը ավազակապետության կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող կապիտալի վերաբաշխման օբյեկտ դառնալու վտանգից»:

Անդրադառնալով ՀԱԿ երիտասարդների ծեծի հանգամանքին` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միեւնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը՝ նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» եւ ինչ թռուցիկ է բաժանում: Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է եւ ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում։ Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա՝ վարչական շրջանների շուրջ։ Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով՝ այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել։ Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են՝ խմբով ներխուժել ընտրատարածքներ եւ լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել եւ կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս եւ խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG