Մատչելիության հղումներ

Ապրիլի 25-ի մամուլ


«168 ժամ»-ը նշում է, որ օրերս նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. - «Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել: Իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 մլն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 մլն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար: Եվ այդ տենդերն ամեն տարի շահում է հանրապետական նույն պատգամավորը, որը, երևի, շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է»: Զոհրաբյանը, սակայն, չի նշել, թե ով է այդ պատգամավորը: Ի պատասպան «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում իսկապես կա նման պատգամավոր, ով ամեն տարի շահում է շների ոչնչացման տենդերը, Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. - «Եթե շների մասին է խոսքը՝ ամեն թիմ թող ինքն իր մեջ մտածի, թե ո՞վ է այդ գործով զբաղվում: Մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում: Եթե նման բան կա՝ սիրով կնվիրենք ասողին այդ տենդերը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Դատելով ամենից, ընդդիմադիր ճամբարում նոր պատերազմ է հասունանում։ «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեղադրում է Դաշնակցությանը, որ իր հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ընկերությունը Երեւանում տեղադրված նստարանները մատակարարում է շուկայականից անհարկի բարձր գնով` ստանալով գերշահույթ։ «Թե՞ քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռք բերում այլ գնով»,- հարցնում է քարտուղարը։ Ի պատասխան՝ ՀՅԴ շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, վստահություն հայտնելով, թե «սրանից նուրբ պատվերի հոտ է գալիս» եւ իբր այս ամենի հետեւում կանգնած է Հանրապետականը: Ներկայումս էլ բնավ պարտադիր չէ, որ լայնածավալ պատերազմը բռնկվի Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունից եւ ՀՅԴ շտաբի պատասխանից անմիջապես հետո։ Բայց անհասկանալի է, թե ինչի հիման վրա եւ ինչ կերպ կարող են հետագայում համագործակցել սույն ընդդիմադիր կուսակցությունները»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Մինչեւ Հայաստանի իշխանությունները Դիլիջանը դարձնեն ֆինանսական կենտրոն կամ Ջերմուկը՝ առողջարանային, Գյումրին արդեն հասցրել է, այսպես ասած, ինքնաբերաբար դառնալ քրեական կենտրոն: Այս քաղաքում քրեական ռազբորկաները դարձել են գրեթե Հայաստանի անկախ տարեգրության անբաժանելի ուղեկիցը: Եվ սա նաեւ խորհրդանշական է՝ այն իմաստով, որ Գյումրին արտահայտում է Հայաստանում հաստատված կառավարման բարքերը, արտահայտում է Հայաստանում հաստատված իշխանական կամ իշխանամերձ մտածողությունը՝ ի դեմս ոչ թե հասարակության, որը անցյալ նախագահական ընտրություններում ցույց տվեց, թե որքան համարձակ եւ սկզբունքային է՝ քվեարկելով ընդդիմության թեկնածուի օգտին, այլ ի դեմս քաղաքում իշխանությունն ու ամեն ինչ ուզուրպացրած քրեական տարրերի, որոնք տարիներ շարունակ բաժանված են իշխող երկու կուսակցությունների՝ բացահայտ իշխանական ՀՀԿ-ի եւ պսեւդոիշխանական ԲՀԿ-ի միջեւ»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ գրանցված երեկվա միջադեպը բավական ուշագրավ նրբերանգներ է բացահայտել` կախված ներկայումս ՀՀԿ - ԲՀԿ հարաբերությունների իրական վիճակի հետ: Ինքնին այն փաստը, որ ոստիկանության որեւէ աշխատակից կարող է հանդգնել արգելել Գագիկ Ծառուկյանին կամ նրանից շատ ավելի փոքր կշիռ ունեցող որեւէ օլիգարխի անցնել այս կամ այն ճանապարհով, բնականաբար որեւէ մեկի մոտ կասկածի նշույլ չի թողնում, որ դա արվել է ամենավերեւից իջեցված հրահանգով: Առայժմ, իհարկե, այդ ցուցադրական եւ բավական էժանագին մեսիջը «պրոֆիլակտիկ» բնույթ էր կրում, եւ թերեւս նպատակ ուներ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու սպառնալիքներ հնչեցնող ուժի ղեկավարին սթափեցնել»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանին իր զբաղեցրած պաշտոնում վերանշանակելով՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ՀՀ ոչ սիմվոլիկ պաշտոնների թիվը հասցրեց նվազագույնի՝ մեկի: Հայաստանի համար առնվազն վարչապետի փոփոխությունն արդեն իսկ կարող էր դիտվել որպես նորընտիր նախագահի մոտ բարեփոխումների որոշակի ցանկության առկայություն: Ավաղ, մենք դա չտեսանք: Ի՞նչն է հատկանշական: Այն, որ նախագահ Սարգսյանը, չունենալով անգամ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի հարյուր տոկոսանոց դրական վերաբերմունքն իր կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանին է, ներողություն, բրթում, դեմ տալիս, պարտադրում Հայաստանին ու նրա քաղաքացիներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG