Մատչելիության հղումներ

«Համատարած բոյկոտ չկա». Երևանի փոխքաղաքապետ


«Չեմ թաքցնի՝ կան քաղաքացիներ, որոնք այսօր, ամեն դեպքում, բոյկոտային տրամադրությանը միանում են, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ այդ պրոցեսը կարելի է շատ միանշանակ ձախողված համարել», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Այդ հայտարարությունները, որ համատարած բոյկոտ է և այլն, պետք չի ո՛չ ինձ լսել, ո՛չ ոչ մի լրատվական միջոցի նյութեր նայել, ուղղակի կարելի է գնալ նստել ցանկացած ավտոբուս և տեսնել՝ համատարա՞ծ է, թե՞ համատարած չի», - հավելեց փոխքաղաքապետը:

Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է, որ եկող երկուշաբթի օրվանից արդեն սկսեն թվերը հրապարակել. - «Կհրապարակենք միանշանակ, ուղղակի պետք է որոշակի առումով հասկանալ: Երբ որ մեկ ուղևորություն՝ 100 դրամ, և չկա այլ վճարման տարբերակ, այստեղ հաշվարկն իրականացնելը շատ ավելի հեշտ է: Այս դեպքում մի քիչ ավելի մեթոդաբանության մենք մեր համար էլ պարզաբանելու որոշակի խնդիր ունենք, բայց, էլի եմ ասում, ակնհայտ կարելի է, ակներև, առանց թվերի այսօր տեսնել, որ համատարած բոյկոտ չկա»:

Միաժամանակ, փոխքաղաքապետն ընդունեց, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրումից հետո ուղևորափոխադրման «որոշակի օբյեկտիվ նվազում» կա, «բավականին դեռ ուղևորահոսքը իջած է, այսինքն՝ օբյեկտիվորեն դեռ այն ուղևորահոսքը չի, որ ունեինք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին»:

Իսկ ունե՞ն տվյալներ՝ քանի՞ փաթեթ է վաճառել քաղաքապետարանն այս ընթացքում: «Ազատության» հունվարի 21-ի տվյալներով այդ թիվը 4 հազար էր, ինչը վկայում է, որ փաստորեն մեծ պահանջարկ չկար:

«Այս պահին միանշանակ ավելի շատ պետք է լինի, և պրոցեսը գնում է: Ընդհանուր առմամբ կարող եմ ֆիքսել, որ, այո, ասել, որ համատարած փաթեթների վաճառք կա, և մարդիկ ամբողջությամբ մինչև փետրվարի 1 էլ պատրաստ էին նոր համակարգի գործարկմանը, չեմ կարող այդպես ասել, և, այո, նաև այդ էր պատճառը առաջարկների և, ինչու չէ, քննադատության հիման վրա, որ մենք սահմանեցինք նաև մեկ ուղևորության համար արժեք, որ այդ անցումը է՛լ ավելի սահուն տեղի ունենա: Այսինքն, մենք երբեք էլ չենք հայտարարել, որ հա, բոլորը եկան, փաթեթներ գնեցին, և այլն», - ասաց Գրիգորյանը:

«Վկայակոչելով ընդդիմադիր ուժերին Երևանի ավագանիում ներկայացված՝ ի սկզբանե այս հաշվարկի տակ որևէ պրոֆեսիոնալ գնահատական դրված չի եղել, և դրանով է պայմանավորված, որ դուք պարբերաբար վերանայեցիք այդ փաթեթները», - այս դիտարկմանը փոխքաղաքապետն արձագանքեց. - «Չէ, ամենևին: Անընդհատ փորձ է կատարվում ներկայացնել՝ մենք ինչ-որ թիվ ենք թաքցնում, բայց դա շատ դժվար է, երբ ամեն ինչ թափանցիկ ասվում է: Ի սկզբանե ուղևորահոսքի մեկ այլ հաշվարկ էր հիմք ընդունվել, որովհետև չկար այլ հաշվարկ, որի վրա հենվեինք, և այն ժամանակ ես ի՞նչ էի ասում՝ ասում էի՝ ժողովուրդ ջան, այս համակարգի ներդրումը նաև մեզ, բացի նրանից, որ բյուջեի առումով, այսպես ասած, մի քիչ շնչելու տեղ է տալու, որ անընդհատ այլ ոլորտներից չկտրենք, մենակ էս ոլորտը սուբսիդավորենք, երկրորդ, շատ ավելի ոչ պակաս կարևոր հանգամանք կա, որ մենք ունենալու ենք նաև տվյալներ, որոնց վրա արդեն տվյալահեն որոշումներ ենք կայացնելու: Եվ սկզբից այդ թիվն էր հիմք ընդունվել, հետո, երբ մենք նոյեմբերի 1-ին արգելեցինք առհասարակ վարորդներին գումար տալ, և արդեն, ըստ էության, կարող ենք ասել, որ ստվերը, եթե կա էլ, էական ազդեցություն չի ունենում թվերի վրա, արդեն այդ ուղևորահոսքի թիվը հիմք ընդունեցինք»:

«Ահա, ուրեմն, ինչպես ասում են՝ իջնելու տեղ ունեք. մեկ տարի առաջ տարեկան փաթեթը 110 հազար էր և ներկայացվեց, և դուք դարձյալ դա հիմնավոր էիք համարում, հիմա 90 հազար է՝ էլի հիմնավոր եք համարում, ուրեմն՝ լավ հաշվարկ չեք արել», - սրան էլ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. - «Հարցը հետևյալն է՝ երբ ասում ենք՝ իջնելու տեղ ունենք, եկեք այսպես ասենք՝ այո, իջնելու տեղ ունենք մինչև զրո՝ տրանսպորտը կարող ենք սարքել ամբողջությամբ անվճար, հարցը այն է, թե այդ որոշման գինը որն է: Այսինքն, որ Դուք ասում եք՝ 11000-ի ժամանակ էլ հիմնավոր էիք համարում, 9000-ի էլ, հիմա էլ, այո, միշտ հիմնավոր եմ համարել, ուղղակի միշտ մենք փորձել ենք ժողովրդի հետ կոմունիկացնենք և ներկայացնենք, որ ժողովուրդ ջան, հնարավորինս քիչ սուբսիդավորման տարբերակով է ուզում գնալ քաղաքապետարանը, որպեսզի այլ ոլորտները տրանսպորտի սուբսիդավորման հաշվին չտուժեն»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Երևանյան հանրային տրանսպորտի թանկացումից հետո այսօր առաջին աշխատանքային օրն է։ Ընդդիմությունը պահանջում է նոր փաթեթներին զուգահեռ պահպանել արդեն նախկին 100 դրամ սակագինը՝ պնդելով, որ քաղաքային իշխանությունն ի վիճակի է իր եկամուտներից սուբսիդավորել տրանսպորտի աշխատանքը, և բոյկոտի կոչ է անում քաղաքացիներին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG